Վերջին 5 տարիներին քանի-քանի լրատվամիջոցներ են միլիոնավոր դրամի վնասներ կրել այս կամ այն օլիգարխին կամ ուղնուծուծով կոռումպացված, պաշտոնի հաշվին միլիարդատեր դարձած պաշտոնյաների հայցերի հիման վրա։ Դատական պրակտիկան ցույց տվեց, որ զրպարտության կամ վիրավորանքի հայցերով լրատվամիջոցները բացարձակ անպաշտպան են, եւ ուզածդ լրատվամիջոցին իշխանությունները կարող են միլիոնավոր դրամների «տույժերի» տակ գցել՝ ցանկացած ձեւակերպում համարելով վիրավորանք կամ զրպարտություն։ Այս հանգամանքը կամաց-կամաց սկսեց սնել եւ աճեցնել լրատվամիջոցների եւ լրագրողների ներքին գրաքննությունը։ Լրագրողները սկսեցին կաշկանդվել փակ աղբյուրներից ստացված տեղեկությունները հրապարակելիս, քանի որ միշտ հավանականություն կա, որ տվյալ կոռումպացված պաշտոնյան կդիմի դատարան եւ մի քանի միլիոն դրամ կպահանջի, իսկ լրագրողը չկարողանալով աղբյուրը հրապարակել՝ կհայտնվի խոցելի վիճակում։
Այսինքն՝ Հայաստանի նախորդ եւ ներկա իշխանությունների՝ լրատվական դաշտին առնչվող բոլոր քայլերը միայն ուղղված են եղել ոլորտի ոչնչացմանը, ինչը բնական է, քանի որ կեղծիքների, կոռուպցիայի, պետական միջոցների համատարած թալանի եւ սպանությունների հաշվին գոյատեւող իշխանությունն այլ կերպ չի էլ կարող գործել։ Մի խոսքով, ուզենք թե չուզենք, ինչպես ցանկացած հարց Հայաստանում, առանց քաղաքական համակարգի փոփոխության չի կարող լուծվել։ Լրատվական դաշտի խնդիրները եւս համակարգային լուծում են պահանջում։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում