Փաստաբանների պալատի փաստաբան Նորայր Նորիկյանը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի մեկ տարվա գործունեությունը բավարար է գնահատում:
Aravot.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ արդեն նախկին նախարարը աջակցություն չստացավ հենց ներսում, իշխանության բարձրագույն ներկայացուցիչների կողմից: «Նաեւ որոշակի վիրավորվածություն կար նրա կողմից, որ ընդգրկված չէր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից, ինչը կարծում եմ՝ անընդունելի էր: Նա, ի պաշտոնե, պետք է ընդգրկված լիներ, չեմ բացառում նաեւ, որ անձնական խնդիրներ ունենար, որն այս պարագայում դրսեւորվել է այս կերպ այդ խնդիրը լուծելիս»,- նախարարի պաշտոնանկության մասին իրն կարծիքը հայտնեց փաստաբանը:
Մեր հարցին՝ ինչքանո՞վ էր նրա պաշտոնանկությունը կապված սահմանադրական բարեփոխումների հետ, փաստաբանը շարունակեց. «Չեմ կարծում, որ նա խոչընդոտում էր նախագահի ծրագրերի իրականացմանը… Առհասարակ վերջին տարիներին արդարադատության նախարարների գործունեության վերաբերյալ որոշակի վերապահումներ ունեմ: Նրանց ամբողջովին չի հաջողվել տիրապետել համակարգին եւ այդտեղ ունեն լրջագույն կիքս, որը կապված է իրենց լիազորությունների ոչ ամբողջական կիրառման եւ իրականացման հետ: Սա խոսում է համակարգում գոյություն ունեցող լրջագույն խնդրի մասին, դա վերաբերում է ԴԱՀԿ ծառայությանը, որն, իմ խորին համոզմամբ, գտնվում է արդարադատության նախարարության ղեկավար շրջանակների իրավասությունից դուրս: Դա կառույց է կառույցի մեջ: Կարծում եմ՝ սա մեր արդարադատության նախարարների լրջագույն ձախողումներից է, այդ թվում նաեւ արդեն հրաժարական տված Հովհաննես Մանուկյանի:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է մեկ տարվա նրա գործունեության ընթացքին, շատ հնարավոր է՝ լավ գաղափարներ քննարկվում էին՝ կապված քրեակատարողական հիմնարկներում բարեփոխումների, նոր քրեակատարողական հիմնարկների ստեղծման աշխատանքների, բայց դրանք ընդամենը սաղմեր են, որոնք դեռ պետք է պրակտիկ կյանքում իրենց դերակատարությամբ հավաստեն՝ արդյոք այդ ծրագրերը համակարգի համար կենսունա՞կ են, թե՞ ոչ: Իմ կարծիքով, Հովհաննես Մանուկյանի ե՛ւ մասնագիտական կարողությունները, ե՛ւ անցած փորձը լավագույնս չօգտագործվեցին նշված պաշտոնի համար, ինչը կարող է ունենալ եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Կարծում եմ՝ սուբյեկտիվ պատճառներն են գերակշռել, եւ անձը, հաշվի առնելով իր կարգավիճակի չգնահատվելը, ընտրել է արժանապատիվ ելք ստեղծված իրավիճակից ելնելու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ