Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը չի գնահատում կամ թերագնահատում է «Ոչ թալանին»-ի գործողությունները. համերաշխություն է հայտնում պայքարողներին:
– Դատելով երեկվա բողոքի ակցիայից՝ կարելի՞ է ենթադրել, որ «Ոչ թալանինը» փորձում է վերագտնել, վերահաստատել իր տեղն ու դիրքը, վերագրավել «հարթակը»:
– Ես այդպես չեմ ձեւակերպի: Այնուամենայնիվ, ցանկացած մարդ, ցանկացած պայքարող քաղաքացի, ով իր կամքով եթե գործողություն է անում, ես ողջունում եմ ու իմ համերաշխությունն եմ հայտնում պայքարողների քայլերին: Այնպես որ՝ ողջունելի է: Ցանկացած պայքար ողջունելի է, եթե կա նպատակ, կա իրականում պայքար անարդարությունների ու ապօրինությունների դեմ:
– Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի պառակտումից` «Ոչ թալանին», «Ոչ թալանչիներին», Դուք ո՞ր թիմից եք Ձեզ համարում:
Կարդացեք նաև
– Նման բան չկա. «Ոչ թալանին», «Ոչ թալանչիներին» առանձին խմբեր չկան: Ինձ համար դրանք բառախաղեր են, ու էական որեւիցե տարբերություն չկա: Երկուսն էլ «Ոչ թալանչիներին» են, «Ոչ թալանին» են: Եթե ասում ես` «Ոչ թալանին», ուրեմն դեմ ես թալանչիներին, եւ հակառակը: Բառախաղին եկեք լուրջ նշանակություն չտանք:
– «Ոչ թալանին»-ի երեկ իրականացրած ակցիան` դեպի դատախազություն երթը, հընթացս մի քանի նստացույցերը, որին Դուք էլ մասնակցում էիք…
– Ես սկզբում եմ մասնակցել, մինչեւ վերջ չեմ մնացել, քանի որ մեր հետագա քայլերի առումով կարեւոր քննարկում կար, ու որոշում պիտի կայացնեինք: Մի փոքր մասնակցեցի, խոսեցի ընկերներիս հետ ու շարունակեցի իմ ճանապարհը:
– Ամեն դեպքում, հավանաբար հետեւել եք ու ի՞նչ եք կարծում՝ այն, ինչ երեկ անում էին երիտասարդները, մի տեսակ չէ՞ր էժանացնում ու անլրջացնում պայքարի իմաստը, պայքարն ընդհանրապես: Երիտասարդները հաճախ նույնիսկ սադրում էին, որ ոստիկանները ուժ կիրառեն, բռնի գործողությունների դիմեն:
– Էդպես են գտնում… Վարդավառի օրն էլ ոստիկանների հետ ջրոցի են խաղացել… Իրենց պատկերացումն է, չգիտեմ: Ես այդպես չեմ պատկերացնում, բայց քանի որ պայքարում են, ես հայտնում եմ իմ համերաշխությունը եւ որեւիցե գնահատական, հատկապես բացասական, չեմ ուզում տալ:
Կարեւորը, որ պայքարեն, թե ինչ մեթոդներով՝ արդեն երկրորդական է: Կարեւորը, որ պայքար լինի, ու մարդիկ նորից փողոց դուրս գան:
– Ասացիք, որ կարեւոր քննարկման եք` հետագա քայլերի ու անելիքների հետ կապված: Անցած շաբաթ հրավիրված հանրահավաքում Ազատության հրապարակում պայքարը շարունակողները, նաեւ Դուք, ասացիք, որ հաջորդ հանրահավաքը կայանալու է այս շաբաթվա վերջում: Արդեն հստակեցրե՞լ եք օրը, օրակարգը եւ հետագա անելիքները:
– Քննարկումը դեռ շարունակվում է: Վաղը Սերժ Սարգսյանին, հավանաբար, նամակ կփոխանցենք: Իսկ հանրահավաքի մասին կասենք լրացուցիչ: Հանրահավաքը չենք ցանկանում, որ ինքնանպատակ լինի, զուտ ելույթներ: Մենք խնդիր ենք դրել մեր առաջ, որ պայքարը ստանդարտներից դուրս ենք տանելու: Ընթացքում հանրահավաքներ կլինեն, բայց մեր միջոցառումների մեխը հանրահավաքները չեն լինի:
– Իսկ Սերժ Սարգսյանից ի՞նչ եք պահանջելու:
– Նաեւ դրանց մի մասը կա, բայց այսօր դրա մասին չեմ ուզում շատ խոսել, քանի որ վերջնական չի որոշումը: Կհստակեցնենք ու հանրությանը կտեղեկացնենք:
– Բաղրամյան պողոտայում ամսի 23-ին ցուցարարների դեմ ոստիկանության կիրառած անհամաչափ ուժի գործով 9 ոստիկաններ կարգապահական տույժի են ենթարկվել: Դա արդյունք, ցուցանիշ համարո՞ւմ եք: Դա ձեզ բավարարո՞ւմ է:
– Ոչ: Իհարկե, եթե բողոք չլիներ, դա էլ չէր լինի, ինչպես նախորդ անգամները: Բայց որ բողոք կար, ոստիկանությունը որոշեց ինչ-որ ձեւով մարդկանց «բերանները փակել»: Դա, կարծում եմ, ոստիկանության կողմից լուրջ չի, եւ ոստիկանությունը չի, որ այդ հարցերին պիտի անդրադառնա: Դրանց պետք է ՀՔԾ-ն անդրադառնա: Ոստիկանապետը լրագրողին վիրավորում է, հրամայում է` չքվիր աչքիցս եւ այլն: Ոստիկանապետի նկատմամբ էլ պիտի կարգապահական տույժ լինի, ոստիկանության բարձրաստիճան սպաների` հրաման տվողների ու այդ հրամանները կատարողների:
– Երկու տարբեր հարթակներում, հարթություններում նույն պահանջները ներկայացնող երիտասարդների միավորման հեռանկար կա՞:
– Պայքարը կարող է տարբեր հարթություններում լինել, բայց կարեւոր պահերին, կարծում եմ, պետք է միասնական լինենք: Դա շատ կարեւոր է` ցանկացած պայքարի հաջողության համար:
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
15.07.2015