Հայաստանում կադրային քաղաքականությունը հրապարակային չէ: Մենք չգիտենք, թե ինչու, որ արժանիքների համար են մարդկանց նշանակում պաշտոնների, եւ ինչու, որ մեղքերի համար ազատում պաշտոնից: Օրինակ՝ մինչ այս պահը չեն հնչել պաշտոնական հիմնավորումներ, թե ինչ պատճառով է պաշտոնանկ արվել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պաշտոնապես ասվում է, որ նա՛ է նման ցանկություն հայտնել, բայց այդ դեպքում հենց ինքը պետք է ասի, թե ինչու է նման ցանկություն հայտնել: Այդ «գաղտնիությունը» լայն դաշտ էր բացում զանազան ենթադրությունների համար: Հավանաբար, հիշում եք նաեւ, որ դա հիմք տվեց ընդդիմությանը պնդելու, որ «ռեժիմը» շատ է վախեցել եւ այս հարցում զիջումների գնացել: Համենայնդեպս, եթե նպատակն իրավիճակը լիցքաթափելն էր, ապա կառավարության փոփոխությունն այդ խնդիրը չի լուծել:
Բացարձակապես որեւէ ձեւով չի հիմնավորվել, թե ինչու է Սուրիկ Խաչատրյանը կրկին նշանակվել Սյունիքի մարզպետի պաշտոնին, եւ ինչու է նա շարունակում պաշտոնավարել՝ ի հեճուկս այն տեղեկատվության, որը պարբերաբար ի հայտ է գալիս նրա վերանշանակվելուց հետո: Ընդդիմադիրներն ասում են՝ «Լիսկան լավ է ծառայում ռեժիմին»: Բայց Հայաստանում եւ մասնավորապես Սյունիքում կարելի է գտնել հազարավոր մարդկանց, որոնք նույնքան «լավ կծառայեն», եւ որեւէ խնդիր այստեղ չի կարող լինել: Հետեւաբար կա այլ բացատրություն, թե ինչու է այդ անձնավորությունը մնում իր պաշտոնում եւ այսպես ասած՝ «մաշում իշխանության քաղաքական ռեսուրսը»:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի՝ պաշտոնից ազատումը նույն առեղծվածների շարքից է: Ինչպես էր նա աշխատում այդ պաշտոնում, ինչ սխալներ, թերացումներ կամ գուցե հակառակը՝ նվաճումներ էր ունեցել, դրա մասին ոչ ոք պաշտոնապես չի խոսում, եւ ենթադրում եմ՝ չի էլ խոսելու: Փոխարենը մեկնաբանների կողմից հնչելու են տարբեր, այդ թվում՝ ֆանտաստիկ վարկածներ, որոնց համար գործընկերներին չեմ կարող մեղադրել՝ պաշտոնական բացատրության բացակայության պայմաններում: Այդ պայմաններում «Պողոս Պետրոսյան՝ արդարադատության նախարա՞ր» նյութն, անշուշտ, մի քանի հարյուր դիտում կբերի:
Զուտ մեդիա դաշտում, որքան կարող էի հետեւել, այդ նախարարը հակակրանք չէր առաջացնում, իր հրապարակային ելույթներում ու հարցազրույցներում զուսպ էր, չէր փորձում կռիվ սարքել պատգամավորների կամ լրագրողների հետ: Մարդկանց հետ նորմալ շփվելու մշակույթն անվիճելի արժանիք է, որը մեր պաշտոնյաների մոտ հազվադեպ է հանդիպում:
Եթե խնդիրը զուտ քաղաքական է եւ նպատակը Դաշնակցության համար «տեղ բացելն է», ապա մնում է միայն ցանկանալ, որ նորանշանակ նախարարը փորձի փոխառել Հովհաննես Մանուկյանի ոճը:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները առանց պատճառները նշելու, հիշեցնում են սովետական ժամանակները: Սա դեպի վերադարձ երևույթներից միայն մեկն է:
Հինչ ա ասում? Պյա էլ հնչի ենք ըստեղ նստալ?