Եվրոպական վերանայված հարեւանությունը
պետք է հաշվի առնի տարածաշրջանի մարտահրավերները
Հուլիսի 9-ին Եվրոպական խորհրդարանը ձայների 460 կողմ, 61 դեմ եւ 55 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման մասին բանաձեւը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ բանաձեւում շեշտվում էր, որ վերանայված քաղաքականությունը պետք է լինի առավել ռազմավարական, ճկուն եւ հաշվի առնի յուրաքանչյուր տարածաշրջանի մարտահրավերները, միմյանցից տարբերվող ձգտումները եւ քաղաքական նպատակները:
Բանաձեւը վկայակոչում է 2015թ. մայիսի 22-ին Ռիգայի գագաթնաժողովում ընդունված հռչակագրի դրույթները, կոչ է անում գործընկեր երկրներին հասնել հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման՝ միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա: Եվրախորհրդարանի բանաձեւում նաեւ ընդգծվում է, որ համապարփակ քաղաքական ռազմավարությունը պետք է հաշվի առնի 1975թ. Հելսինկյան ակտի բոլոր դրույթները, այդ թվում` ժողովուրդների հավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Հայտնվում է համոզմունք, որ ԵԱՀԿ-ն, որպես անվտանգության համար պատասխանատու խոշորագույն տարածաշրջանային կազմակերպություն, պետք է շարունակի կարեւոր դերակատարություն ունենալ այս առումով: «Հայկական կողմը մշտապես շեշտել է Եվրոպական հարեւանության անվտանգությանը վերաբերող դրույթներում ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիշատակման կարեւորությունը: Եվրոպական խորհրդարանն այս բանաձեւով որդեգրել է հավասարակշռված մոտեցում հակամարտությունների կարգավորման հարցում եւ մասնավորապես՝ քվեարկությամբ մերժել է բանաձեւի վերջնական տեքստում ներառել նախորդ գումարման խորհրդարանի կողմից ընդունված Կիրիլովի զեկույցի վրա նախագծում կատարված հղումը», – ասվում էր հաղորդագրությունում։
Գնահատելով ԵՄ-ի մոտեցումն իր անմիջական հարեւանների նկատմամբ՝ փաստաթուղթը պարունակում է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին առնչվող մի շարք դրույթներ, որում ասվում է, որ «ԵՄ-ն պետք է հրավիրի ոչ ասոցացված գործընկեր երկրներին ներգրավելու ոլորտային համագործակցության մեջ՝ ներառյալ նոր ոլորտային համաձայնագրեր կնքելու հնարավորությունը եւ գոյություն ունեցող համաձայնագրերը ամրապնդելը»: Այնուհետեւ փաստաթուղթն աջակցում է հարեւանության շրջանակում մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման եւ ազատականացման միջոցով շարժունակության ընդլայնմանը եւ դիմում է Եվրոպական հանձնաժողովին՝ առաջարկել ԵՀՔ երկրների մասնակցությունը ԵՄ հավելյալ կառույցներին եւ ծրագրերին, օրինակ՝ ՖՐՈՆՏԵՔՍ-ին, ԵՎՐԱՓՈԼ-ին կամ Էրազմուսին: ԵԽ փաստաթուղթը ընդգծում է նաեւ գործընկերների՝ Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակում համագործակցության եւ եվրոպական քաղաքական կուսակցությունների անդամակցության կարեւորությունը՝ խթանելու քաղաքական երկխոսությունը եւ ժողովրդավար ինստիտուտների հետագա զարգացումը:
Կարդացեք նաև
Ըստ փորձագետների՝ սա բավական կարեւոր փաստաթուղթ է եւ օրենսդրության մեջ առաջինը իր տեսակով, այն այնպիսի հիմք է, որը կծառայի Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը: Եվրոպական խորհրդարանի կողմից Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման մասին հուլիսի 9-ին ընդունված բանաձեւը Հայաստան-ԵՄ հարաբերություններն ամրապնդելու տեսանկյունից կարելի է շահավետ համարել Հայաստանի համար՝ ԵՄ-ի հետ փոխադարձ հետաքրքրությունների ոլորտները տարբերակելու առումով: Ավելին՝ փաստաթուղթն, ըստ էության, սառեցված հակամարտություններում ԵՄ աջակցությամբ վստահության ձեւավորման մեխանիզմներ կառուցելու նախադեպ է ստեղծում՝ Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչների ներգրավմամբ, եւ «կոչ է անում փոխնախագահին/ բարձր ներկայացուցչին եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը մշակել նորարարական քայլեր եւ մոտեցումներ՝ ներառյալ հանրային հաղորդակցման մարտավարություն եւ ոչ ֆորմալ խորհրդատվություն՝ երկխոսությանը եւ հաշտեցմանը աջակցելու նպատակով»:
Ուշագրավ է, որ ԵՄ-ն հարեւանության երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատկությունները` ներքին եւ արտաքին առաջնայնությունները, Հայաստանի դեպքում՝ այլ ինտեգրացիոն կառույցներում ունեցած պարտավորությունները: Այսինքն՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ոչ միայն խոչընդոտ չհանդիսացավ, ԵՄ-ն ոչ միայն չդադարեցրեց համագործակցությունը Հայաստանի հետ, այլեւ Հայաստան-ԵՄ համագործակցությունը նոր խորություն է ստանում:
Հուլիսի 10-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունեցել ԵԱՀԿ բարձր մակարդակի ոչ պաշտոնական հանդիպում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյա տարեդարձին: Միջոցառմանը Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, որն իր ելույթում կարեւորել է կոնսենսուսի սկզբունքի վրա հիմնված ԵԱՀԿ դերակատարությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում: Անդրադառնալով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքներին՝ Աշոտ Հովակիմյանը նշել է, որ դրանք հավասար են, եւ դրանց միջեւ որեւէ հակասություն չկա: Նա մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ որոշ մասնակից պետությունների փորձերի առնչությամբ՝ մոռացության մատնել ազգերի հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքը: Ընդգծվել է, որ միակողմանի պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ ցամաքային շրջափակումը, բացասաբար է ներգործում հակամարտությունների խաղաղ կարգավորման վրա: Հայկական կողմը անհրաժեշտ է համարել հակամարտությունների գոտիների բնակչության եւ նրանց ընտրյալ ներկայացուցիչների ներգրավումը հակամարտությունների կարգավորման բանակցային գործընթացում, ինչը կարժեւորի ԵԱՀԿ դերակատարությունը հակամարտությունների հանգուցալուծման եւ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում: Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը կարեւորել է ԵԱՀԿ եւ դրա համաձայնեցված միջնորդական ձեւաչափերի գործունեության ակտիվացումը վստահության ամրապնդման, հանրությունների միջեւ շփումների եւ հաշտեցման գործընթացներում եւ վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կառուցողական միջնորդությանը եւ տարածաշրջանում խաղաղությանը:
Անցյալ շաբաթ ԵԱՀԿ ԽՎ 24-րդ ամենամյա նստաշրջանում ընդունվեց «Հելսինկյան հռչակագիրը»: Մասնավորապես, սառեցված հակամարտությունների լուծմանը վերաբերող կետում ասվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն աջակցում է «սառեցված հակամարտությունների լուծման որոնումներին Վրաստանում (Հարավային Օսիա եւ Աբխազիա), Մոլդովայի Հանրապետությունում (Մերձդնեստր) եւ Ադրբեջանում (Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ)»: ԵԱՀԿ ԽՎ-ն «կրկին հաստատում է հակամարտությունների հետեւանքով Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության եւ Ուկրաինայի բնակչության տեղահանված խմբերի՝ իրենց տները վերադառնալու անքակտելի իրավունքը՝ անվտանգության եւ արժանապատվության հարգման պայմաններում, նաեւ ընդգծում է նրանց շուտափույթ վերադարձի համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը NEWS.am-ի հարցին՝ միակողմանի չէ՞ արդյոք ընդունված հռչակագիրը, եւ ինչպե՞ս այն կանդրադառնա բանակցային գործընթացի վրա, պատասխանել էր. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը շարունակում է մնալ հստակ. մենք կշարունակենք աշխատել համակողմանի կարգավորման ուղղությամբ՝ հիմնվելով միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության (խարտիայի) եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, մասնավորապես՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման ու ազգային ինքնորոշման սկզբունքների վրա: Սպասում ենք տարածաշրջան մեր առաջիկա այցին՝ շարունակելու քննարկումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եւ առաջընթաց գրանցելու բանակցություններում»:
Նշենք, որ հայտնի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ժամկետը։ Համանախագահները հուլիսի 20-ին կժամանեն Հայաստան, իսկ հուլիսի 21-ին՝ Ադրբեջան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հուլիսի 12-ին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնեց, որ մեկնում է Մոսկվա` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ խորհրդակցությունների անցկացման նպատակով:
Հավելենք նաեւ, որ հուլիսի 16-ին նախատեսվում էր Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը Հայաստան: Սակայն երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ Տուսկի` հուլիսի 14-15-ը Վրաստան կատարելիք այցը հետաձգվել է Հունաստանի իրադարձությունների պատճառով։ Վրաստանի ԱԳՆ եւ երկրի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները նշել են, որ այցը ոչ թե չեղյալ է հայտարարվել, այլ հետաձգվել է մինչեւ ավելի բարենպաստ ժամանակ։ Տուսկի այցելության նոր ժամկետների մասին ոչինչ չի հաղորդվում։ Տուսկը պլանավորում էր Վրաստան կատարելիք այցից հետո ժամանել Հայաստան։ Այս այցելության ընթացքում նախատեսվում էր Արեւելյան գործընկերությանն ու ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի քննարկում: Կարելի է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունների հետ Տուսկը պետք է քննարկի ԵՄ-Հայաստան հարաբերությունները` նոր փաստաթղթի ընդունման համատեքստում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.07.2015