Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ճգնաժամի նոր փուլ է. հիմա ավելի վատ է լինելու, քան նախորդ ճգնաժամի ժամանակ էր

Հուլիս 15,2015 15:00
harcer

Չնայած կառավարության ղեկավարն ու տնտեսական բլոկի պատասխանատուները մինչեւ նախորդ շաբաթը պարբերաբար վստահեցնում էին, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ) եւ Համաշխարհային բանկին (ՀԲ) սխալ հանեն, ու այս միջազգային կառույցների՝ տարեսկզբին արած մեր երկրի տնտեսական աճի մասին կանխատեսումները սուտ դուրս գան, սակայն մերոնց դա չհաջողվեց:

ՎԶԵԲ-ի՝ մեր երկրի այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը 0% էր, իսկ ՀԲ-ն նշել էր, որ այն կլինի 0.8%՝ դրական միտումով, մինչդեռ կառավարությունը համառորեն պնդում էր, որ ապահովելու է 4-4.1% տնտեսական աճ: Հուլիսի 8-ին կառավարությունը «հանձնվեց»՝ նիստին ներկայացված պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծով ՀՀ այս տարվա տնտեսական աճն ընդամենը 1% կլինի: Ուշագրավն այն է, որ մեր տնտեսության այս տարվա անկումն ակնհայտ էր դեռեւս նախորդ տարվանից, երբ սկսվեցին Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցները, եւ դեռ անցյալ տարվանից կամ գոնե այս տարվա սկզբից կառավարությունը պիտի որ քայլեր ձեռնարկեր, մինչդեռ տարին կիսվեց, կառավարությունը նոր խոստովանեց, որ նախապես հայտարարած 4.1% աճն անհնար է ապահովել:

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ 2015 թվականը Հայաստանի համար բավականին բարդ է լինելու, եւ անցյալ տարվա վերջում արդեն նկատվում էին Հայաստանի տնտեսությունում առկա խնդիրները, որոնք պայմանավորված են Ռուսաստանի տնտեսության խնդիրներով. մեր երկիր փոխանցվող տրանսֆերտները նվազել են, դրամն արժեզրկվել է, արտահանման ծավալներն անկում են գրանցել՝ կապված ռուբլու արժեզրկման հետ: Հիմա կառավարությունը 1% տնտեսական աճը եւս պայմանավորում է Ռուսաստանում առկա խնդիրներով, եւ ինչպես տնտեսագետն է նկատում, կառավարությունը աճի նվազեցումը պայմանավորում է նաեւ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղեցմամբ: «Սակայն համաշխարհային տնտեսության աճի տեմպերը նվազել են շատ քիչ՝ 3.8%-ից դարձել է 3.5 %, այլ ոչ թե մի քանի անգամ՝ ինչպես Հայաստանի պարագայում է: Ընդ որում, համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղումն այնքան էլ չի ազդում Հայաստանի վրա, որքան ազդում է Ռուսաստանինը»,- ասում է Առաքելյանը:

Մեկ տոկոս տնտեսական աճը կարելի է աճ չհամարել, այն, ըստ տնտեսագետի, մեզ նման երկրների համար համարժեք է զրոյականին. «Բացարձակ թվով ասած՝ 100 միլիոն դոլար աճի մասին է խոսքը, որը շատ փոքր թիվ է, եւ համախառն ներքին արդյունքն ավելացնելով ընդամենը 100 միլիոն դոլարով՝ չի կարող լուրջ ազդեցություն ունենալ: Հայաստանի նման փոքր պետությունների համար 4-5% աճի դեպքում կարելի է ասել, որ տնտեսությունը որոշակի աճ ապահովեց»:

Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով տնտեսության աճի ամենամեծ բաժինն ընկնում է գյուղատնտեսությանը. այսպես է եղել գրեթե միշտ՝ չնայած նրան, որ գյուղացիները մշտապես դժգոհություններ են արտահայտում:

Առաքելյանն էլ ասում է, որ երկար տարիներ մեր տնտեսական աճը հիմնականում առեւտրի եւ գյուղատնտեսության հաշվին է եղել, արդյունաբերության ոլորտի զարգացում չենք գրանցել, ինչը ընդհանուր տնտեսության զարգացման համար խիստ կարեւոր է. «Այս տարի ոչ թե կառավարության շնորհիվ, այլ բնության շնորհիվ է, որ գյուղատնտեսությունում իրոք աճ կլինի, եղանակային պայմաններն են բարենպաստ եղել, եւ վերջերս էլ նկատվում է գյուղմթերքների արտահանման բավականին մեծ աճ՝ ի տարբերություն նախորդ տարվա: Գյուղատնտեսությունը զարգանում է բնության հաշվին, գյուղատնտեսական արդյունաբերության զարգացում չենք տեսնում: Որոշ ջերմոցային տնտեսություններ են ստեղծվում, բայց դրանք նույնիսկ սովորական գյուղացիների համար խոչընդոտ են»:

Մեկ տոկոս աճի դեպքում կառավարության համար կառավարելի 4-5% գնաճը, կարելի է ասել, կառավարելի չէ բնակչության համար: Տնտեսագետը նկատում է, որ գնաճը մեծ մասամբ կապված է անցյալ տարվանից սկսված դրամի արժեզրկման հետ, սակայն տնտեսվարողները թանկացնում են այն ապրանքները, որոնք իրոք կապված չեն փոխարժեքի հետ: «Մեր երկրում գնաճը միշտ այնպիսի փոքր տոկոսներով է լինում, ասենք՝ առաջին անհրաժեշտության ապրանքները 5-10 դրամով են բարձրացնում, ու արդեն տարվա վերջում տեսնում ենք գնաճի բավականին մեծ ծավալ: Պետք է կարեւորել գնաճի չափը առաջին անհրաժեշտության ապրանքների վրա, որովհետեւ ընդհանուր գնաճի հաշվարկում վերցնում են մի շարք այնպիսի ապրանքներ, որոնք բնակչության քիչ մասն է սպառում, կամ այդ ապրանքների սպառումը շատ քիչ է, այսինքն՝ այնքան էլ առաջին անհրաժեշտության չեն: Պետք է նշենք, որ կյանքը հասարակ քաղաքացու համար թանկանում է տարեցտարի, ինչը համարժեք չէ եկամուտների աճին»,- ասում է տնտեսագետը:

Ըստ Առաքելյանի՝ ակնհայտ է, որ աղքատության մակարդակը կմեծանա. բնակչության մոտ 40%-ն ապրում է տրանսֆերտների հաշվին, Հայաստանի ընտանիքների 40%-ը Ռուսաստանից տրանսֆերտ է ստանում, եւ հիմա մոտ 2 անգամ նվազել է տրանսֆերտների ծավալը:

Ըստ էության, Հայաստանը տնտեսական ճգնաժամի նոր փուլ է մտնում, բայց, ինչպես նկատում է տնտեսագետը, այս անգամ ավելի դժվար է լինելու, քան նախկին՝ 2009-ի ճգնաժամն էր: Այն ժամանակ, ասում է Առաքելյանը, ճգնաժամը սկսելու տարիներից առաջ որոշակի խնայողություններ կային, այն ժամանակվա տնտեսական հնարավորությունները թույլ տվեցին որոշ չափով նորմալ դուրս գալ ճգնաժամից: Իսկ հիմա եթե հաշվի առնենք արտաքին պարտքի ավելացումն էլ, ըստ տնտեսագետի՝ ավելի լուրջ է լինելու ազդեցությունը, եւ առաջիկա տարիներին տնտեսության վիճակն ու աղքատության մակարդակն ավելի վատ կլինեն, քան արձանագրում ենք այս տարվա առաջին ամիսներին:
Եվ քանի որ մեր տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի տնտեսությունից, մինչեւ այդ երկրում վիճակը չլավանա, կարելի է ասել՝ մենք «շունչ չենք քաշի», ընդ որում՝ պետք է նկատել, որ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանի համար շատ դժվար կլինի ԵՏՄ այլ երկրների հետ տնտեսական լուրջ առաջընթաց ունենալ, ներդրումներ ներգրավել: Մեր այս դիտարկմանը տնտեսագետը պատասխանում է. «Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցներից մեր տնտեսության կախվածությունն ավելի շատ է, քան հենց Ռուսաստանինը, որովհետեւ այդ պետությունը լինելով մեծ երկիր՝ կարողանում է դիվերսիֆիկացնել իր ռիսկերը, բացի այդ՝ նաեւ իր երկրի տնտեսվարողներին օժանդակություն է ցուցաբերում: ԵՏՄ անդամ լինելով՝ ավելի է դժվարանում 3-րդ երկրների հետ համագործակցությունը, այո, ինչպես նաեւ ներդրումներ բերելը: Բոլորին է հայտնի, որ պետք է տնտեսությունը դիվերսիֆիկացնել: Պետք է այնպես անել, որ մեր բնակչության եկամուտները ձեւավորվեն երկրի ներսում, ոչ թե տրանսֆերտների հաշվին լինեն: Ռուսաստանից կախվածությունը պետք է նվազեցվի, խնդիրը հենց այդ երկիրը չէ, խնդիրը մեկ երկրից կախվածությունն է, որն այս պահին համընկել է Ռուսաստանի հետ: Ցավոք, տրանսֆերտների ազդեցությունն այնքան խորն է մեր երկրի տնտեսությունում, որ 1-2 տարում հաղթահարելի չէ, երկարաժամկետ լուծվելիք խնդիր է: Ես կարծում եմ, որ առաջիկայում արեւմտյան պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ ոչ թե կմեղմվեն, այլ դրանք կխստացվեն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031