Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում դեռահաս աղջիկներն ամենաերկարն են նստում հեռուստացույցի առաջ

Հուլիս 15,2015 14:30

43 երկրներում կատարված հետազոտության արդյունքներով՝ Հայաստանում դեռահաս աղջիկներից ոմանք աշխարհում ամենաերկարն են անցկացնում հեռուստացույցի առաջ, ինչը հետագայում լուրջ առողջական խնդիրների կբերի:

«Արաբկիր» բժշկական համալիրին կից Երեխաների, դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այդ հետազոտությունն անցկացվում է չորս տարին մեկ՝ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ. «Մեր աղջիկները մաքսիմումի վրա են, մինչդեռ դրա փոխարեն նրանք պետք է շարժվեն, ֆիզիկական վարժություններ անեն, որպեսզի ապագայում կարողանան առողջ երեխա ունենալ, եւ որ վաղը-մյուս օրը չասենք՝ Հայաստանում շաքարախտի մակարդակը բարձր է»:

Պարոն Սարգսյանի խոսքերով՝ դեռահասների առողջության խնդիրները վարքագծային են, եւ տղա երեխաներն էլ իրենց ուրույն խնդիրներն ունեն. «Մենք խոսում ենք ոչ ինֆեկցիոն հիվանդությունների մասին, բայց այդ խնդիրները սկսվում են դեռահասային տարիքից: Օրինակ՝ 15 տարեկանների շրջանում ծխախոտի օգտագործումը ցածր է, բայց արդեն 17 տարեկանների շրջանում՝ բարձր: 17-ից մինչեւ 25-ը՝ նույնպես: Այդ պատճառով էլ տղամարդկանց շրջանում 55 տոկոսը ծխախոտ է օգտագործում, ինչը Եվրոպայի բարձրագույն ցուցանիշներից է»:

Պարոն Սարգսյանն առանձնացնում է նաեւ հոգեկան առողջության խնդիրները: Նրա տվյալներով՝ մեզ մոտ տասը դեռահասից մեկը երբեւէ մտածում է ինքնասպանության մասին:

Դեռահասների գծով մասնագետը վարքագծային խնդիր է համարում նաեւ մեր տղաների ֆիզիկական կռվի մակարդակը, ինչին, ըստ պարոն Սարգսյանի, նպաստում են ընդհանուր մթնոլորտը, «տեմպերամենտ»-ը. «Սա էլ ֆենոմեն է, որն ուսումնասիրության կարիք ունի»:

Սակայն Սերգեյ Սարգսյանը դրական առանձնահատկություններ էլ է նկատում մեր երկրի դեռահասների շրջանում. «Մեր դեռահասները բոլորից շատ սիրում են դպրոցը, ինչը շատ ողջունելի է, դպրոցն իրենց սոցիալացման վայրն է, ռուս երեխաները նույնիսկ ատում են դպրոցը»:

Ինչ վերաբերում է մանկական մահացության ցուցանիշներին, որոնք վերջին 2-3 տարում զգալիորեն նվազել են՝ 20 պրոմիլեից իջնելով 8,8 պրոմիլեի, ինչը նշանակում է, որ 1000 ողջ ծնված երեխաներից մինչեւ մեկ տարեկանը մահանում է 8,8 երեխա, ապա մասնագետը փաստում է, որ Հայաստանի չափ եկամուտ ունեցող երկրների համեմատությամբ մեր երկիրը շատ ավելի լավ վիճակում է այս ցուցանիշով:
Սերգեյ Սարգսյանի համոզմամբ՝ սրան նպաստում է խորհրդային ժամանակներից ժառանգած համակարգը, որը այլ երկրներ չունեն. «Այլ երկրներն առողջապահական այդպիսի մակարդակ ունենալով՝ համակարգ չունեն: Մեր հարեւան երկրները նույնպես չունեն այդ համակարգը, այնտեղ կան շատ փայլուն կենտրոններ, բայց այդ կենտրոններից դուրս այդ համակարգը գրեթե չկա»:

Ըստ նրա՝ լավ ցուցանիշների օբյեկտիվ պատճառ է նաեւ անկախությունից հետո մեր երկրի ղեկը ստանձնած լիդերների մոտեցումը, որոնք, ըստ պարոն Սարգսյանի, այս կամ այն աստիճանով հոգացել են ոլորտի մասին եւ որոշակի բարեփոխումներ արել, ինչն էլ իր արդյունքը տալիս է:

Սերգեյ Սարգսյանի ներկայացմամբ՝ Հայաստանը առողջապահության բյուջեի հատկացումներով եվրոպական տարածաշրջանում ամենավերջին տեղերում է Տաջիկստանի եւ Ղրղըզստանի հետ, բայց մանկական եւ մայրական մահացության առումով մեր ցուցանիշները այդ երկրների ցուցանիշներից անհամեմատ բարվոք վիճակում են. «Բայց դա չի կարող անվերջ շարունակվել, քանի որ անձնակազմի զգալի հատվածը ծերանում է, անձնակազմին կրթելու հարցեր են առաջանում, նրա կրթության համար ժամանակին վճարել է Խորհրդային Միությունը, սակայն հիմա համակարգի հետագա բարենորոգումը, հետագա ժամանակի պահանջների հարմարեցումը այդ գործոններով են պայմանավորված»:

Պարոն Սարգսյանն այդ խնդիրներին նաեւ գումարում է մասնագետների արտահոսքը: Որպես դասախոս նկատել է, որ ինչպես այլ մասնագիտություններում, ապագա բժիշկները նույնպես՝ սկսած X կուրսից, մտածում են երկրից հեռանալու, կարիերան դրսում կառուցելու մասին:

Նրա համոզմամբ՝ այս հարցն էլ ինչ-որ կերպ պետք է լուծում ստանա, քանի որ եթե մարդը պետպատվերով սովորում է, եւ պետությունը միլիոններ է վճարում նրա ուսման համար, օրդինատուրան էլ գումարած՝ այդ վճարները կազմում են մոտ 9 կամ 10 միլիոն դրամ, ապա այդ նույն ուսանողը հետագայում որոշակի պարտավորություններ պետք է ունենա պետության առաջ. «Ճիշտ է, կասեն՝ դու մարդու ազատությունն ես սահմանափակում, բայց խոսքը տնտեսական կատեգորիաների մեջ է մտնում, իսկ տնտեսական կատեգորիան, ըստ իս, ավելի ռացիոնալ է»:

Նա դրական քայլ է համարում շարունակական բժշկական զարգացման մասին օրենքի ներդրումը, որն էական փոփոխություն կմտցնի այս ոլորտում:
«Ընդհանուր պատկերը խայտաբղետ է, տեղեր կան, որ շատ խնդրահարույց են, օրինակ՝ մանկական առումով պաթոլոգիական ծառայությունները, մարզերում խնդիրներ ունենք, մասնագետներ չկան, երեխան մահացավ այս կամ այն պատճառից»:
Նրա ներկայացմամբ, օրինակ՝ Ռուսաստանում՝ անկախ այդ երկրի ահռելի տարածությունից, մանկական մահացության ցուցանիշները շատ ավելի լավ վիճակում են, քանի որ «Ռուսաստանում մի քանի անգամ բարձր են առողջապահության ոլորտի հատկացումները, եւ դա էլ զգացնել է տալիս»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031