Արշիլ Գորկի (Ոստանիկ Ադոյան), Պաբլո Պիկասսո, Սալվադոր Դալի- այս անունները 20-րդ դարի համաշխարհային գեղանկարչության դեմքերն են, այն տարբերությամբ միայն, որ Հայաստանում ավելի մեծ համարում ունեն Պիկասոն եւ Դալին, իսկ արեւմուտքում շատ ավելի Արշիլ Գորկին՝ սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի հիմնադիրն ու ամենավառ ներկայացուցիչը: Օրերս Ա. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման համաշխարհային պրեմիերան (նկատի ունենք այն, որ բեմադրությունը կներկայացվի եվրոպական երկրներում եւս), որը «Հզոր զգացմունքներ» շոու բալետի եւ Հայաստանի պարարվեստի պետական «Բարեկամություն» վաստակավոր անսամբլի ստեղծագործական նվիրումն է եղեռնի 100-ամյակին: Հիշյալ ներկայացումն ընդգրկված է Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական մշակութային ծրագրում:
Հիշեցնենք, որ «Հզոր զգացմունքներ» շոու բալետը Եվրոպայի տարբեր երկրներում գործող այդ ոլորտի առաջնակարգ արտիստներից կազմված միջազգային բարձր մակարդակի հավաքական խումբ է, որի հիմնական կորիզը կազմում են շվեդական արքայական բալետի եւ Բավարիայի բալետի թատրոնի առաջատար հայ արտիստները: «Արշիլ Գորկի» ներկայացմանը մասնակցում էին Արսեն Մեհրաբյանը, Վահե Մարտիրոսյանը (Շվեդիա), Տիգրան Միքայելյանը, Իլյա Սարկիսովը (Բավարիա) եւ Ժնեւի մեծ թատրոնի մենապարուհի Անժելա Լիբելոն: Նրանց միացել էին Ազգային օպերային թատրոնի մենապարուհի Մարիա Դիվանյանը եւ Անժելիկա Դավթյանը, ինչպես նաեւ «Բարեկամություն» անսամբլի արտիստները:
«Առավոտի» հետ զրույցում բեմադրության մտահղացման, լիբրետոյի եւ խորեոգրաֆիայի հեղինակը՝ Արսեն ՄեհրաբյանԱրսեն Մեհրաբյանն ասաց, որ դեռեւս 2006թ. փոքրիկ ներկայացում էր բեմադրել՝ նվիրված Արշիլ Գորկուն, որից հետո անընդհատ մտածել է հանդիսատեսին ավելի մեծակտավ գործ հրամցնելու մասին: «Թեեւ տարիներ շարունակ ուսումնասիրել եմ Գորկու կյանքն ու գործունեությունը, բայց բեմադրության համար հիմք հանդիսացավ «Առանց Գորկու» կենսագրական ֆիլմը, որում Գորկու կինը, զավակները մանրամասնորեն ներկայացնում են նրա կյանքի վերջին տարիների պատմությունը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, թե կոնկրետ բեմադրության մեջ ներկայացված է արվեստագետի կյանքի վերջին 2-3 տարիները՝ ինքնասպանության երեք փորձերը, կնոջ ու երեխաների հեռանալը, արվեստանոցի այրվելը, հիվանդանալը:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ «Առանց Գորկու» ֆիլմի ռեժիսորն է Արշիլ Գորկու թոռնուհին՝ Կոսիմա Սպենդերը, որը ժամանակին հարցազրույցներ է վարել ոչ միայն Գորկու կնոջ՝ Մուգուշի (Ագնես Մակգոդեր), այլեւ նրա երկու դուստրերի՝ Մարոյի եւ Նատաշայի հետ: Ընդ որում, այս ֆիլմը ոչ միայն մեծ նկարչի պատմության մասին է, այլեւ խորը հոգեբանական վերլուծություն՝ 20-րդ դարի մարդկային փոխհարաբերությունների մասին:
Անդրադառնալով «Արշիլ Գորկի» ներկայացմանը, նշենք, որ բեմադրությունը իրականացված է ժամանակակից բալետի կատարողական ամենաբարձր չափանիշներով եւ, ըստ մեզ հետ զրուցած որոշ մասնագետների կարծիքով, այն կարող է դասվել բեմարվեստի ավանգարդ ստեղծագործական ֆորմաների, միջազգային ամենաբարձրակարգ ներկայացումների շարքին: Օտտո Բուբենիչեկի բեմի եւ զգեստների ձեւավորմամբ, Ալան Հովհաննեսի, Կոմիտասի ու Բախի երաժշտության ուղեկցությամբ ներկայացումն ամբողջովին վերարտադրում է Արշիլ Գորկի երեւույթի տառապանքն ու մեծությունը՝ Հայոց ցեղասպանության, անձնական կյանքի ողբերգականության ու իր կյանքի ողջ ընթացքում չվերջացող տառապանքի բարդագույն մթնոլորտը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.07.2015
Բավարիան հո առանձին երկիր չէ, որ նշել եք, գուցե գրեիք Գերմանիա՞։ Իսկ ո՞վ ասաց, որ ,,Հայաստանում ավելի մեծ համարում ունեն Պիկասոն եւ Դալին, իսկ արեւմուտքում շատ ավելի Արշիլ Գորկին՝ սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի հիմնադիրն ու ամենավառ ներկայացուցիչը,,։ Ուրեմն Արևմուտքում Պիկասոն ու Դալին էդքան մեծ համարում չունե՞ն։ Իսկ մի՞թե չգիտեք, որ 20-րդ դարի հայ նկարչության վրա ոչ ոք այնքան մեծ ազդեցություն չի ունեցել, որքան Գորկին, էս ինչե՞ր եք գրում….
Չէի պատրաստվում պատասխան գրել, բայց պրն. Վարդանյանի դիտարկման վերաբերյալ մեկ -երկու նկատառում կուզեի հայտնել: Ինքս ներկա եմ եղել բալետային ներկայացմանը և մանրամասն նայել եմ «Արշիլ Գորկի» ներկայացման ծրագիրը, որտեղ հստակ գրված է «Բավարիայի բալետի թատրոնի»…. և …. մենապարողների անունները: Մասնագիտորեն այդպես ճիշտ է – մենք ասում ենք Երևանի՛ օպերայի և բալետի ԱԱ թատրոն, ոչ թե Հայաստանի, Մոսկվայի՛ Մեծ թատրոն, ոչ թե ՌԴ Մեծ թատրոն: Այնպես որ բացի այն. որ ծրագրում այդպես է գրված, լրագրողը ուրիշ այլ կերպ չէր կարող գրել: Դա «մեր» կարծիքով կամ որոշելով չի:
Ինչ վերաբերում է Պիկասսո, Դալի, Արշիլ Գորկի նկարիչների «համարումներին», ապա այդ գնահատականները արվեստում միշտ էլ սուբյեկտիվ են եղել և գրեթե միշտ էլ ընթացել են իրար չներող «ճակատամարտերով»: Դալին ու Գորկին, որ ծնվել են նույն տարում (1904), երկուսն էլ իրենցից ավագ Պիկասսոյի ազդեցության տակ եղել են (1881), բայց երկուսն էլ ստեղծել են ինքնուրույն ուղղությություններ, որոնք շատ ավելի «հեռու են գնացել» … 1940-ին, երբ Դալին տեղափոխվեց ԱՄՆ, Արշիլ Գորկին, որ New York Times-ի բնորոշմամբ – «Վաշինգթոնի Պիկասսոն» էր, արդեն հաստատում էր «վերացական սյուրռեալիզմ» ձևակերպում ստացած իր նոր ուղղությունը, իսկ 1948 թ. իր ողբերգական մահից անմիջապես հետո Գորկու կտավների արժեքը միանգամից հասավ տասնյակ միլիոնավոր դոլարների: Բավականին երկար ժամանակ Գորկին անմրցակից էր – գոնե – իր արվեստը գնահատողների համար: Մեջբերում. – Горки является своего рода художником, который в своей жизни и в работе, выдает чрезвычайные ответы. А некоторые из его биографов и критиков не смогли избежать его возвеличивания как единственного гения своего поколения. … (Подробности: armeniangc.com/2013/07/arshil-gorki-pikasso-vashington-skv/ Любое использование материалов допускается только при наличии гиперссылки на Armenian Global Community).
Ես ինքս Գորկի ավելի եմ սիրում, քան Պիկասսո կամ Դալի:
Չի նշանակում, իհարկե, որ ես ճիշտ եմ, բայց Գորկիին գերադասում եմ ոչ միայն իրենցից:
Իսկ ինչ վերաբերում է Ձեր 3-րդ ակնարկին – « Իսկ մի՞թե չգիտեք, որ 20-րդ դարի հայ նկարչության վրա ոչ ոք այնքան մեծ ազդեցություն չի ունեցել, որքան Գորկին, էս ինչե՞ր եք գրում»…. Ես Ս. Դանիելյանի հոդվածում այդպիսի տողեր չգտա: Չհասկացա՝ ինչու է գրված: