Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ աղջիկները բռնցքամարտում եղանակ են ստեղծում

Հուլիս 15,2015 13:00

Հայաստանի բռնցքամարտիկները վերջին տարիների
հերթական հաջողությունն արձանագրեցին միջազգային ռինգում

Սերբիայում անցկացվեց բռնցքամարտի «Ոսկե ձեռնոց» միջազգային հեղինակավոր մրցաշարը: Մասնակցում էին 29 երկրների շուրջ 236 բռնցքամարտիկներ, որոնց թվում էր նաեւ Հայաստանի՝ քանակական առումով համեստ կազմ ունեցող պատվիրակությունը՝ համալրված երիտասարդական հավաքականի վեց անդամներով: Սակայն մեր բռնցքամարտիկները մեկ անգամ եւս ցույց տվեցին մարտական բնավորություն՝ մյուս երկրների ընտրանիներին ստիպելով այսուհետեւ ամենայն լրջությամբ վերաբերվել մարզաձեւի հայկական դպրոցին: Ու հետաքրքիրն այն է, որ մեզանում մեծ առաջընթաց են արձանագրել հատկապես աղջիկները, որոնք արդեն սկսել են տոն տալ միջազգային ռինգերում:

Այս առումով բացառություն չեղավ Սերբիան: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մրցավայր գործուղել էր ընդամենը երկու աղջկա՝ աղջիկների երիտասարդների աշխարհի չեմպիոն, Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի մասնակից, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանին ու վերջին շրջանում դեպի հասուն բռնցքամարտ նկատելի քայլլերով ընթացող Անի Հովսեփյանին, որը հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում:
Մեր երկու աղջիկներն էլ հաջողությամբ հաղթահարելով բոլոր փուլերը՝ հասան եզրափակիչ, որտեղ պետք է պայքարեին հաղթողի կոչման համար: Վճռորոշ մենամարտում Անուշ Գրիգորյանի մրցակիցը կանադացի Բիանկա Պաուկն էր, որը ոչինչ չկարողացավ առաջարկել մեր մարզուհուն ու մրցավարները միաձայն հաղթանակն ու չեմպիոնի կոչումը շնորհեցին Անուշին:

Համեմատաբար փորձառու իր թիմակցին ոչնչով չզիչեց Անի Հովսեփյանը, որի մրցակիցը եզրափակչում լեհ Ադրիանա Ժադրեյչիկն էր: Անին եւս ամբողջ մարտի ընթացքում ռինգի տերն էր, ինչն էլ իր արտացոլումը գտավ վերջնական հաշվում՝ 3:0:
Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները Սերբիայում նվաճեցին մեկ բրոնզե մեդալ: 91 կգ քաշային կարգում Դավիթ Չալոյանը հասավ կիսաեզրափակիչ՝ իր ու թիմի համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Սակայն դրանից ավելի անել նրան չհաջողվեց: Դավիթը կիսաեզրափակչում միավորներով պարտվեց Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո հանդես եկող իր հայրենակից Արտյոմ Միքայելյանին՝ դառնալով մեր չորս տղաներից միակը, որը բարձրացավ պատվո պատվանդան:

«Առավոտ» օրաթերթ
14.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031