Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն` «Կոմպասս» ՀԿ Խորհրդի անդամ Կարեն Պետրոսյանին «շինծու մեղադրանք առաջադրելու վերաբերյալ»

Հուլիս 14,2015 22:35

Սույն թվականի հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց ՀՀ տարածքում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ: Այդ որոշումը բողոքի և ընդվզման ալիք բարձրացրեց հանրության շրջանում՝ լինելով չհիմնավորված և հասարակության շահերից չբխող:

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ խորհրդի և աշխատակազմի անդամները, ուշադիր լինելով ու անմասն չմնալով երկրում առկա քաղաքացիական, սոցիալական և տնտեսական գործընթացներից, իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմամբ պայմանավորված ինքնաբուխ, խաղաղ ցույցերին, իրազեկման ու բողոքի այլ ակցիաներին:
Հունիսի 22-ի երեկոյան Գյումրիում սկսված խաղաղ նստացույցից հետո, հունիսի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով բերման ենթարկվեցին 13 նստացուցարար:

Բերման ենթարկվածներից 12-ը հետագայում ներգրավվեցին որպես քրեական գործով վկաներ, իսկ մեկը՝ «Կոմպասս» ՀԿ խորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Պետրոսյանը` որպես խուլիգանություն կատարելու մեջ կասկածյալ: Նույն օրը բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին, որից հետո, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Գյումրիում, շարունակվեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված քաղաքացիական գործընթացները: Սակայն սույն թվականի հունիսի 30-ին պարզվեց, որ «Կոմպասս» ՀԿ խորհրդի անդամ Կարեն Պետրոսյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Կոմպասս» ՀԿ խորհուրդը դատապարտում է Կարեն Պետրոսյանի դեմ շինծու քրեական գործի հարուցումը և ոստիկանության ապօրինի գործելաոճը՝ համարելով դրանք քաղաքական որոշման հետևանք: Սույն դեպքում, օրենքի տեսակետից, անհնար է խաղաղ ցույցեր, երթեր անցկացնելու՝ անձի սահմանադրական իրավունքի իրացման մեջ գտնել խուլիգանական շարժառիթներ (մղումներ), ինչը տվյալ հանցակազմի պարտադիր հատկանիշ է: Չխորանալով արարքի փաստական և իրավական վերլուծությունների մեջ՝ ընդամենը հարկ ենք համարում նշել, որ եթե իրականացվող հետապնդումը քաղաքական չէ, ապա որոնք են հետևյալ հարցերի իրավական պատասխանները՝

1) իրավական տեսանկյունից ինչով են տարբերվել Կ․ Պետրոսյանի գործողությունները մյուս ցուցարարների գործողություններից,
2) խուլիգանության հանցակազմի համար պարտադիր է, որպեսզի անձն ունենա ուղղակի դիտավորություն՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և հասարակական կարգը կոպտորեն խախտելու։ Ընդ որում` պարտադիր է, որ անձի գործողությունները կատարվեն բացառապես խուլիգանական մղումներով։ Այս համատեքստում արդյոք ներպետական իրավապահ մարմինների համար սոցիալական արդար պահանջների ներկայացման ձև հանդիսացող ինքնաբուխ և շտապ հավաքը, խաղաղ ցույցերն ու երթերը հանդիսանում են հասարակական կարգի կոպիտ խախտում, իսկ այդ պահանջների մասին բարձրաձայնելը՝ որպես բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ և խուլիգանական մղում։

Նույնիսկ այլ փաստարկներ անհրաժեշտ չեն փաստելու համար, որ խուլիգանության մեղադրանքը սույն դեպքում ուղղակի ճնշման միջոց է և որևէ կապ չունի իրավական կարգավորումների և Կարեն Պետրոսյանի գործողությունների հետ։

Նման ակնհայտ իրողությունն ունենալով՝ պահանջում ենք իրավասու մարմիններից անհապաղ դադարեցնել Կարեն Պետրոսյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումը, անհապաղ իրականացնել քրեական գործի օբյեկտիվ և արդար քննություն, օրենքի շրջանակներում գնահատական տալ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոչ իրավաչափ ուժ կիրառած ոստիկանների գործողություններին՝ ինչպես ուժ կիրառելու ընթացքում, այնպես էլ բերման ենթարկելուց հետո` ոստիկանությունում ակտիվիստների իրավունքների խախտման փաստերի կապակցությամբ, պատժի ենթարկել ապօրինի գործողություններ իրականացրած ոստիկաններին և համապատասխան հրամանն արձակողներին:

«Կոմպասս» ՀԿ-ն հետևողական է լինելու առաջադրված արդար պահանջների իրականացման գործընթացին և կոչ է անում ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին և պատգամավորներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ-ում գործող միջազգային և դիվանագիտական կառույցներին, մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում գործող կազմակերպություններին արտահայտել իրենց դիրքորոշումը, դատապարտել քաղաքացիական ակտիվության նկատմամբ ոտնձգությունները` նպաստելով հարցի շուտափույթ լուծմանը:

«Կոմպասս» ՀԿ Խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031