Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

Հուլիս 14,2015 21:21

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն: Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Հպարտությամբ եմ նշում, որ մեր երկու երկրների միջև փոխադարձ վստահության վրա կերտված հարաբերություններն այսօր արդարացիորեն բնորոշվում են որպես առանձնաշնորհյալ, իսկ հայ և ֆրանսիացի ժողովուրդներն իրար հետ կապված են պատմամշակութային բազմադարյա կապերով: Մեր երկրների միջև այսօր առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որի վառ դրսևորումն են հանդիսանում մեր Նախագահների միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը և ինտենսիվ փոխշփումները: Հայ-ֆրանսիական օրինակելի համագործակցության հերթական ապացույցն էր նաև  վերջերս Ֆրանսիա կատարած իմ աշխատանքային այցը, որի ընթացքում մեր պատվիրակությունն արժանացավ ամենաջերմ ընդունելության, ինչի համար ցանկանում եմ վերստին անկեղծ  երախտագիտություն հայտնել Ֆրանսիայի վարչապետին և իշխանություններին:

Հայ-ֆրանսիական բազմաոլորտ օրակարգում առաջնային նշանակություն ունի առևտրատնտեսական կապերի ընդլայնումը։ Շուրջ 23 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում  էլ ավելի են սերտացել միջխորհրդարանական կապերը, նշանակալիորեն ընդլայնվել է  ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստանի և Ֆրանսիայի վարչատարածքային միավորների միջև,  Լիոնում և  Մարսելում բացվել  են Հայաստանի գլխավոր հյուպատոսություններ, աշխույժ համագործակցություն է ծավալվում մշակութային և   գիտակրթական ոլորտներում,  երկու տարի առաջ Հայաստանում իր գործունեությունն է մեկնարկել Զարգացման ֆրանսիական գործակալությունը: Հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության  լավագույն հարթակներից է հանդիսանում նաև Ֆրանկոֆոնիան, որին Հայաստանն անդամակցում է արդեն երեք տարուց ի վեր:

Fransiayi-despanatun6

Նշված  ձեռքբերումների մեջ, անկասկած, իրենց ծանրակշիռ ավանդն ունեն նաև ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում և Ֆրանսիայում գործող երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները: Օգտվելով առիթից` ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, պարոն դեսպան, և Ֆրանսիայի դեսպանության անձնակազմին ձեր պատասխանատու առաքելության համար` միտված հայ-ֆրանսիական համագործակցության էլ ավելի  ընդլայնմանը:

Չեմ կարող չնշել նաև այն կարևորությունը, որ հատկացնում է Հայաստանը  Ֆրանսիային` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի և նրա ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Մենք  բարձր ենք գնահատում  Ֆրանսիայի կողմից ներդրվող հետևողական ջանքերը`  ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման:

Համոզված եմ, որ Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերը կհարատևեն` ի շահ մեր երկու ժողովուրդների բարօրության: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհավորել Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր ոչ միայն իրենց ներդրումն են ունենում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այլև յուրովի կամուրջ են մեր բարեկամության ամրապնդման գործում:  Եզրափակելով խոսքս` մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ` Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին մաղթելով խաղաղություն և բարեկեցություն, իսկ հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ նորանոր ձեռքբերումներ»:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031