«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Մկրտիչ Կարապետյանն այսօր հրավիրվել է ոստիկանություն՝ հարցաքննության: Նա վկայի կարգավիճակում է ու որպես տուժող չի ճանաչվել, թեեւ հունիսի 23-ին ոստիկանների գործողություններից վնասվել է իր տեսախցիկը: Այդ օրը ոստիկանները խոչընդոտել են նաեւ իր մասնագիտական գործունեությունը՝ բերման ենթարկելով ոստիկանության բաժին:
Հիշեցնենք, որ ոստիկանների կողմից լրագրողների օրինական, մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, քաղաքացիների գույքը ոչնչացնելու առթիվ հարուցվել է քրեական գործ:
Այս գործում կա արդեն մեկ տուժող՝ epress-ի օպերատորը:
ՀԺ-ի լրագրողը մեզ հետ զրույցում պատմեց, որ այսօր ոստիկանությունում նրանից հետաքրքրվել են, թե ինչ գործունեություն է կատարել Բաղրամյան պողոտայում եւ ինչպես է բերման ենթարկվել. «Այդ օրը տուժել եմ այնքանով, որ ինձ բերման են ենթարկել Մալաթիայի ոստիկանության բաժին ու տեւական ժամանակ չեմ կարողացել աշխատել, բացի դա տեսախցիկս մնացել էր ջրցանի տակ ու ամբողջովին ջուր էր եղել, վնասվել էր օբյեկտիվը: Բայց ես սարքել եմ տեսախցիկս իմ միջոցներով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ