Aravot.am-ը ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Յուրա Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաներից ո՞վ է հրավիրած գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան 59-ամյակին, որը նշելու են Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում:
«Հրավիրված են բոլոր մարզպետները, քաղաքապետները, պատգամավորներ, Երկրապահին հոգեհարազատ մարդիկ, նրանք, ովքեր միշտ կանգնած են երկրապահի կողքին, մարդիկ, որոնք ճանաչում, ընդունում ու գնահատում են գեներալի դերը բանակաշինության գործում»,- ասաց Յուրա Ալեքսանյանը:
Նշենք, որ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանից զատ, գեներալին ծննդին հրավիրած է նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նվեր են պատրաստվում տանել գեներալին՝ կենդանինե՞ր (հիշեցնենք, որ գեներալը մեծ թվով կենդանիներ է պահում, այդ թվում վագրեր, առյուծներ), թե՞ զենք կամ հուշանվերներ: «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, ամենակարեւորը, որ մենք ենք գնում»,- ասաց մեր զրուցակիցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ