Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի և աշխարհահռչակ շանսոնյե, Մարսելի պատվավոր քաղաքացի Շառլ Ազնավուրի հետ միասին ներկա է գտնվել Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված գլխավոր միջոցառմանը՝ զինվորական շքերթին։
Ներկայացնելով տոնի խորհուրդն ու նախատեսվող միջոցառումները` Մարսելի քաղաքապետը նշել է, որ 1880թ.-ից հուլիսի 14-ին նշվող տոնը յուրաքանչյուր տարի մեծ տոնախմբության է վերածվում ինչպես Մարսելում, այնպես էլ Ֆրանսիայի մյուս քաղաքներում ու մայրաքաղաք Փարիզում ապրող բնակիչների ու հյուրերի համար։ Ժան-Կլոդ Գոդենը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու Շառլ Ազնավուրին` իր հրավերն ընդունելու և Ֆրանսիայի ազգային տոնը միասին նշելու համար։ Մարսելի Պրադոյի պողոտայում հետևակային զորքերի, օդային ուժերի գումարտակի, ժանդարմների և քաղաքային ոստիկանության հետևակի մասնակցությամբ շքերթի ընթացքում տեղի է ունեցել նաև պարգևատրման հանդիսավոր արարողություն։
Շքերթի ավարտից հետո Մարսելի և Երևանի քաղաքապետերը մոտեցել են մասնակիցներին, շնորհավորել նրանց ազգային տոնի առթիվ։ Ի պատիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Մարսելի փողային նվագախումբը հնչեցրել է ՀՀ պետական օրհներգը։
Երեւանի քաղաքապետարան