Տեղական գանձապետական բաժինների օպտիմալացման պատճառով զոհված զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցումը քաղաքացիների համար խնդիրներ է առաջացնում:
Շահառուներին փոխհատուցման գումարների ստացման գործընթացը կարգավորելու նպատակով ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հուլիսի 16-ին` կառավարության նիստում օրենքի նախագիծ կներկայացնի, ըստ որի կհեշտացվի նշյալ գումարների ստացման կարգը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:
Մասնավորապես` «պետական կառավարման մարմիները ֆիննախին կներկայացնեն ցուցակներ, որտեղ պետք է նշված լինի զոհված զինծառայողի անձնական տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, մահվան տարեթիվը, մահվան վկայականի համարը, յուրաքանչյուր զոհված զինծառայողի մասով` փոխհատուցման ենթակա գումարի չափը, զոհված զինծառայողի ընտանիքի՝ փոխհատուցման գումար ստացող անդամի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, բնակության եւ էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում), գումարը ստացողի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից շահառուն նախընտրում է ստանալ գումարը»:
Ֆիննախը ստացված տեղեկատվության հիման վրա փոխհատուցման ենթակա գումարները փոխանցում է ստացողի բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում այն բանկի հաշվին, որտեղից՝ շահառուն անձնագիրը ներկայացնելու դեպքում կարող է ստանալ գումարը:
Կարդացեք նաև
Գագիկ Խաչատրյանի հավաստմամբ, փաստաթղթերը ստանալուց հետո՝ հասանելիք գումարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կվճարվի շահառուին եւ այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով կիրազեկվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ