Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ակտիվիստները պահանջում են «ավելի բարեփոխված Շիրակի ոստիկանապետ»

Հուլիս 14,2015 17:30

Ինչպես տեղեկացրել ենք, գյումրեցի ակտիվիստները ժամանակ էին տվել իշխանություններին՝ պահանջելով անհապաղ կարճել հոսանքի թանկացման դեմ պայքարող տնտեսագետ-դասախոս Կարեն Պետրոսյանի նկատմամբ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այսօր երեկոյան լրանում է այդ վերջնաժամկետը: Պահանջը չբավարարելու դեպքում գյումրեցիները կսկսեն անհնազանդության ակցիաներ: Ակտիվիստները պահանջում էին նաեւ Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի հրաժարականը, որը հունիսի 23-ին Գյումրիի Թատերական հրապարակում պատռել էր նստացույց անող երիտասարդների ցուցապաստառները: Բացի այդ, ոստիկանապետն ու նրա ենթակաները բռնի ուժով ու քաշքշելով 13 նստացուցարարների բերման էին ենթարկել ոստիկանության «Կումայրի» բաժին:

Aravot.am-ը Կարեն Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ոստիկանապետի հրաժարականի մասին իրենց պահանջը շարունակո՞ւմ է ուժի մեջ մնալ: «Այո, ոստիկանապետի հրաժարականը ուժի մեջ է, մենք ավելի սիրուն ձեւակերպում ունենք՝ «ավելի բարեփոխված Շիրակի ոստիկանապետ», որովհետեւ իրենց փիլիսոփայությունը բարեփոխումն է, մենք էլ ասում ենք՝ ավելի բարեփոխված ոստիկանապետ: Հիմա Վովա Գասպարյանը ոստիկանապետին կտեղափոխի, կամ բարոյախրատական աշխատանքներ կանի, կամ կուղարկի, ասենք, որեւէ վանական համալիր ճգնելու, կամ աղոթքներ կսովորեցնի, կամ ապաշխարության կկոչի, դա Վովա Գասպարյանի խնդիրն է: Մենք դա դիտում ենք.

ա) հրաժարականի տեսքով,

բ).  Հետեւի իր վերադասի օրինակին ու պաշտոնական ներողություն խնդրի նրանցից, ում նկատմամբ ապօրինություն է կատարել: Նույն ոստիկանների ապօրինի գործողությունները, որոնք կատարվել են իր հրամանով, իր ներողությամբ վերցնի իր վրա:

Գիտեք, այդ համակարգում ֆեոդալական կարգեր են ու օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն ինքը իր ներողությամբ կամ իր հրաժարականով կամ զղջմամբ կամ ապաշխարությամբ կարող է քավել այն ոստիկանների մեղքը, որոնք օրենքով սխալ գործողություն են իրենց թույլ տվել»:

Կարեն Պետրոսյանը նաեւ ասաց, որ ինքը պաշտպանելու է իր սոցիալական կարգավիճակը: «Եթե իմ նկատմամբ հարուցված քրեական գործը չի կարճվում, ես իմ մասով գոնե իրավական ու բարոյական պաշտպանության ամբողջ հնարավորություններից օգտվելու եմ: Նաեւ քաղաքացիական՝ այն մասով, որ սոցիալական իմ ստատուսն եմ պաշտպանելու: Անձի սոցիալական կարգավիճակ կա, իրենք կպել են սոցիալական կարգավիճակ ունեցող անձի, մտավորականության ներկայացուցչի, կարեւոր չէ, դա Կարենն է, Տիգրանն է, Պողոսն է, Սիմոնն է, իրենք կպել են կարգավիճակ ունեցող անձի: Եվ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ պաշտպանելու եմ այդ անձի կարգավիճակը»,- ասաց Կարեն Պետրոսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031