Բյուրակն Անդրեասյանը գրեթե 80 տարի ապրում է իր ծնողների գնդակահարության հիշողություններով: Նա 10 տարեկան էր, երբ ստալինյան բռնաճնշումների ժամանակ մորը ձերբակալեցին իր աչքի առաջ, իսկ դրանից 10 տարի առաջ արդեն գնդակահարել էին հորը: Նրա ամուսնու՝ Ռաֆայել Իշխանյանի հայրը նույնպես սպանվել էր բռնաճնշումների հետևանքով: Նրանց թոռը Թբիլիսիում հայտնաբերում է իր մեծ պապերի արխիվներն ու Բյուրակն տատիկի հետ շրջում՝ բացահայտելու իր նախնիների պատմությունը…
Այս ամենը խտացվել է 35 րոպե տևողությամբ «Ընտանեկան ալբոմ» վավերագրական ֆիլմում, որի հեղինակը Բյուրակն Անդրեասյանի թոռն է՝ Հովհաննես Իշխանյանը: Սա նրա առաջին ֆիլմն է և այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:
Հ. Իշխանյանը մեկ ընտանիքի օրինակով փորձել է տալ ստալինյան բռնաճնշումների հիշողությունը. «1937 թվականի գործողություններն ընտանիքների մեջ են փակված. դրա մասին իրար մեջ են խոսում, հանրային արձագանք չկա: Գուցե ֆիլմն առիթ դառնա, որ այդ թեման բացվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հ. Իշխանյանը:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ ֆիլմը սկսել է նկարահանել, երբ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում սովորելիս է եղել: Մոտ երկու տարի աշխատել է ֆիլմի վրա: Իսկ նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել Երևանում, Գյումրիում և Թբիլիսիում:
Իշխանյանը նշեց նաև, որ «Ընտանեկան ալբոմ»-ը սիրով կցուցադրի Ռուսաստանում, պարզապես համապատասխան փառատոն դեռ չի գտել:
Ինչ վերաբերում է անելիքներին, Իշխանյանն ասաց, որ մոտ ապագայում կարող ենք նոր ֆիլմեր սպասել իրենից. «Երկու ամիս եմ վավերագրություն սովորել: Կարծում եմ՝ դեռ սովորելու շատ բան ունեմ, բայց որոշ ժամանակ անց կարելի է սպասել նոր աշխատանքների»,- ասաց նա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ