Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկական հարցը Թուրքիայի պատմության դպրոցական դասագրքերում. Բեռլինի խորհրդաժողովից մինչեւ Թուրքիայի հանրապետության հռչակումը

Հուլիս 14,2015 16:48

Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց Թուրքիայի հասարակության ճնշող մեծամասնությունը շարունակում է ժխտել ցեղասպանության փաստը։ Հասարակության այդ ստվար հատվածը Հայոց ցեղասպանությունը ժխտում է իր կամքով, իր իսկ համոզմունքների համաձայն, չի անում դա ստիպողաբար՝ որոշակի ճնշումների ազդեցությամբ։ Այս իրողությունը ձևավորվել է մի շարք հանգամանքների թելադրանքով։ Բուն պատճառը, կարծում ենք, Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից (Milli Eğitim Bakanlığı) հաստատված պատմության դպրոցական դասագրքերի բովանդակությունն է։ Սրանք այն դասագրքերն են, որոնք պարտադիր են թուրքական դպրոցում և որոնք ուղենիշ են Թուրքիայի դպրոցական համակարգում սովորող ցանկացած աշակերտի համար։

Քանի որ հոդվածի ուսումնասիրության թեման Թուրքիայի պատմությունն է ըստ թուրքական դասագրքերի, ուստի թիրախավորված 1878-1923թթ. ժամանակահատվածը պայմանականորեն է ընտրվել և առավել հարմարեցված է թուրքական պատմագրությանը։ 1878 թվականի ընտրությունը պայմանավորված է նույն թվականին ավարտված ռուս-թուրքական պատերազմի ավարտով և այդ առիթով հրավիրված Բեռլինի խորհրդաժողովով, որտեղ Հայկական հարցը լրջորեն քննարկվեց և դարձավ միջազգային քաղաքականության հարց։ 1923 թվականը Թուրքիայի Հանրապետության հիմնադրման տարեթիվն է։ Ժամանակաշրջանի այս ընտրությունը միտված է ամփոփելու նաև Հայոց ցեղասպանության պատմության ամբողջ ընթացքին վերաբերող արձագանքները, բնորոշումներն ու որակումները, որոնք առկա են թուրքական դասագրքերում՝ սկսած Համիդյան ջարդերից, ավարտած երիտթուրքական և քեմալական Թուրքիայում տեղի ունեցած հանցագործություններով, որոնց զոհ է գնացել հայ ժողովրդի մի պատկառելի հատվածը։

1878Թ. ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ: Թուրքական պատմագրությունը յուրօրինակ կերպով է ներկայացնում հայերին, հայերի ապրած կյանքը Օսմանյան կայսրությունում և հայկական հարցի առաջացումը։ Այստեղ կարևոր է արձանագրել, որ ըստ թուրքական պատմագրության, հայերը և թուրքերը մինչև 19-րդ դարը որևէ խնդիր չեն ունեցել, ամեն ինչ սկսվել է 19-րդ դարի վերջին քառորդում, երբ մեծ տերությունները օգտագործել են հայ ժողովրդին իրենց իսկ քաղաքական խնդիրները առաջ մղելու նպատակով, իսկ հայերն էլ, որոնք մինչ այդ համերաշխ էին ապրում Օսմանյան կայսրության տարածքում, 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքում առաջին անգամ խռովություններ են բարձրացրել Օսմանյան կայսրության դեմ։ Ամենևին հարկ չկա թվարկել 1299-ից (Օսմանյան կայսրության հիմնադրման տարեթիվն է, չնայած, որոշ պատմաբաններ, վիճելի են համարում այս տարեթիվը,- Հ. Դ.) մինչև 1878 թվականը տեղի ունեցած մեծ ու փոքր հայ-թուրքական բախումները, ճակատամարտերը, թշնամանքի այլ դրսևորումները, որ հնարավոր լինի մերժել այդ՝ ակնհայտ կեղծ տեսակետը։ Դեռևս 16-րդ դարում տեղի ունեցած թուրք-պարսկական պատերազմների ընթացքում հայ ժողովրդի կրած վնասները, Դավիթ Բեկի, Եսայի Հասան Ջալալյանի և Մխիթար սպարապետի ղեկավարած ազատագրական շարժումները Սյունիքում և Արցախում, 1724թ. թուրքերի ներխուժելը Արարատյան դաշտ, Կարբի գյուղի 40-օրյա հերոսական ինքնապաշտպանությունը, 1724թ. սեպտեմբերի 26-ի Երևանի գրավումը (թուրքական բանակը կրել է մոտ 20.000 զոհ), հայ ժողովրդի գործուն մասնակցությունը 1828-1829թ. ռուս-թուրքական պատերազմին, 1862թ. Զեյթունի ապստամբությունը բավարար են՝ փաստելու համար, որ թուրքական պատմագրության վերոնշյալ տեսակետը չի կարող արտացոլել իրականությունը։ Այնինչ Թուրքիայի միջնակարգ կրթության (դպրոցի) (Ortaöğretim կամ lise) 10-րդ դասարանի պատմության դասագրքում ասվում է. «Օսմանյան կայսրության հիմնադրումից ի վեր հայերն ու թուրքերը մշտապես ապրել են խաղաղ՝ կողք կողքի։ Մինչև 19-րդ դարը հայերը Օսմանյան կայսրությունում հիշատակվել են որպես «հավատարիմ ազգ» (millet-i sadıka) («հավատարիմ ազգ» ասելով՝ դասագիրքը նկատի ունի, որ հայերը հավատարիմ են եղել Օսմանյան կայսրությանը.- Հ. Դարբինյան)։

«Հայերը, որոնք Օսմանյան կայրությունում ամենաբարձր դիրքերի են հասել, մինչև 1877-1878թթ. օսմանա-ռուսական պատերազմը որևէ խնդրի առջև չէին կանգնել։ Հատկապես մեծահարուստ են եղել կայսրության մեծ քաղաքների ազգությամբ հայ բնակիչները, որոնք զբաղվում էին առևտրով, արվեստով և բանկային և միջնորդական գործունեությամբ։ Քանի որ հայերը կողք կողքի ապրել են թուրքերի հետ, նրանք կրել են նաև որոշակի մշակութային ազդեցություն»[1]։ Անդրադառնալով արդեն ռուս-թուրքական պատերազմին, հարկ ենք համարում մեջբերել այդ իրադարձության՝ հայերին վերաբերող առավել ուշագրավ այն հատվածները, որոնք ներկայացնում է դասագիրքը. «Առաջին անգամ այս պատերազմի ժամանակ էր, որ ռուսների կողմից հրահրված հայերը ապստամբեցին»[2]։ Միանգամից ուշադրություն է գրավում «ռուսների կողմից հրահրված հայերը» ձևակերպումը։ Այն տողատակին թաքցնում է մի նրբություն. Թուրքական պատմագրությունը հայերի՝ ապստամբելու պատճառը ներկայացնում է այն, թե իբր ռուսները հրահրել են հայերին, հայերն էլ, տրվելով սադրանքներին, ապստամբել են Օսմանյան կայսրության դեմ։ Այս նուրբ ձևակերպումը ընթերցողին փորձում է հասցնել, որ հայերը ապստամբելու որևէ պատճառ չեն ունեցել, թուրքերի հետ ապրել են հաշտ և համերաշխ և հանկարծ տեղի տալով ռուսական սադրանքներին, ապստամբել են կայսրության դեմ։ Մինչդեռ ճշմարտություն է, որ հայ ժողովուրդը Օսմանյան կայսրության տարբեր ժամանակաշրջաններում մշտապես ենթարկվել է բազմապիսի ճնշումների և մշտապես փորձել է թոթափել թուրքական լուծը, և այդ համատեքստում ռուս-թուրքական պատերազմը հարմար առիթ է ընկալվել հայ ժողովրդի նպատակները իրականացնելու համար։

Թուրքական պատմագրությունը նշում է, որ պարտություն կրելով 1877-1878թ. ռուս թուրքական պատերազմում, թուրքերը հաշտություն խնդրեցին ռուսներից։ Հաշտության պայմանագիրը կնքվեց 1878թ. մարտի 3-ին (ՀՀ ավագ դպրոցի հումանիտար հոսքի Հայոց պատմության 11-րդ դասարանի դասագրքի մեջ նշված է 1878թ. փետրվարի 19)[3] և հայտնի է Սան Ստեֆանո պայմանագիր անունով։ Այս միջազգային պայմանագրում առաջին անգամ տեղ գտավ հայկական հարցը։ Ընդ որում, պետք է արձանագրել, որ թուրքերը, Սան Ստեֆանոյում հայկական հարցի՝ միջազգային հարթակ բերելը, կրկին կապում են Ռուսաստանի հետ. «Ձգտելով ներխուժել տարածաշրջան՝ ռուսները այդ պայմանագրի մեջ հայերին վերաբերող մի հոդված ավելացրին, որով էլ առաջին անգամ միջազգային պայմանագրում արտացոլում գտավ Հայկական հարցը»[4]։

Հայտնի է, որ Բալկաններում և Արևելքում ռուսական կայսրության դիրքերի նման ամրապնդումը, որը Ռուսաստանը ձեռք բերեց Սան Ստեֆանոյի պայմանագրի միջոցով, անհանգստություն առաջացրեց եվրոպական երկրների շրջանում, և անհրաժեշտություն առաջացավ վերանայել Սան Ստեֆանոյում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Նոր պայմանագիրը կնքվեց 1878թ. հուլիսի 13-ին Բեռլինում։ Թուրքական դպրոցական դասագրքի մեջ Բեռլինի խորհրդաժողովում հայկական հարցի անդրադարձը հետևյալն է. «Հայկական հարցը մտցնելով տարբեր միջազգային պայմանագրերի մեջ, քննարկման թեմա դարձնելով, այն դարձավ միջազգային քաղաքականության առարկա։ Բեռլինի պայմանագրով եվրոպական տերությունները իրավունք ստացան խառնվել հայ-թուրքական հարաբերություններին»[5]։ Նախկինում արդեն նշելով, որ հայ և թուրք ժողովուրդները որևէ խնդիր չեն ունեցել մինչև 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը, թուրքական դասագիրքը ստիպված է բացատրություններ փնտրել, թե ինչն էր պատճառը, որ հայերը, որոնք «նախկինում որևէ խնդիր չէին ունեցել թուրքերի հետ», հանկարծ տրվեցին Ռուսաստանի և եվրոպական որոշ երկրների սադրանքներին և սկսեցին պայքար մղել թուրք ժողովրդի և Օսմանյան կայսրության դեմ։ Այս խնդիրը լուծումը փորձում է առաջարկել Թուրքիայի միջնակարգ կրթության (դպրոցի) 10-րդ դասարանի դասագրքի 189-րդ էջը, որում տեղ գտած 2 ենթավերնագրերն էլ վերաբերվում են հայերին։ Առաջին ենթավերնագիրը վերնագրված է «Հայերի անհանգստությունները և կազմակերպությունների ստեղծումը» (Ermenilerin Kışkırtılması ve Örgütlenmeleri)։ Այս ենթավերնագրի ներքո մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության տիրապետության տակ ապրող հայերը սկզբում ազդեցություն կրեցին ազգայնական հոսանքներից, որոնք Ֆրանսիական հեղափոխության արդյունքում քաղաքական նոր որակ ստացան։ Սակայն այս իրավիճակը փոխվեց, երբ Միջերկրական ծով ելք ունենալ ձգտող Ռուսաստանը, 19-րդ դարի երկրորդ կեսերից սկսած, սկսեց հրահրել հայերին։ Ռուսական քարոզչության ազդեցությամբ 1860 թվականից սկսած ի հայտ եկան առաջին հայկական օգնության կոմիտեները։ Հայերը ռուսների աջակցությամբ հիմնադրեցին հեղափոխական կոմիտեներ։ Շվեյցարիայում 1887թ. ձևավորվեց Հնչակյան համայնքը, իսկ Ռուսաստանում 1889-ին (հայկական պատմագրության համաձայն՝ ՀՅԴ հիմնադրման տարեթիվը համարվում է 1890թ., վայրը՝ Թիֆլիսը,- Հ. Դ.)՝ Դաշնակցական հայկական համայնքը։ Ռուսաստանը 1877-1878թթ. պատերազմի ժամանակ հայերին գայթակղել էր անկախության խոստումով։ Օսմանյան կայսրության դեմ համախմբված հայերը, այս պատերազմի ընթացքում առաջին անգամ ապստամբելով, մարտնչել են ռուսական բանակի կազմում։ Սան Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի վեհաժողովի համաձայնագրում տեղ գտավ հոդված, որը նախատեսում էր բարեփոխումներ իրականացնել հայաբնակ վայրերում։ Այսպիսով, Հայկական հարցը դարձավ միջազգային քաղաքականության թեմա։ Հայկական եկեղեցին, որը պատվիրակություն էր ուղարկել Բեռլինի վեհաժողով, պատրաստել էր մի զեկուցագիր, ըստ որի՝ Վանի, Էրզրումի և Դիարբեքիրի հայ բնակչությունը գերակշռում է թուրք բնակչությանը։ Սակայն անգլիացիները նշեցին, որ հայկական բնակչությունը գերակշռող չէ, հայերը ցրված են տարբեր վայրերում, հետևաբար հայերի ցանկությունները ընդունելի չհամարվեցին»[6]։

Թուրքական պատմության դասագրքերում ահա այսպես է ներկայացվում հայերի և թուրքերի միջև տեղի ունեցած առաջին անհամաձայնությունները և դրանց պատճառները։ Նույն էջում երկրորդ ենթավերնագիրը կոչվում է «Հայերի գործողությունները» (Ermenilerin Çıkardığı Olaylar)։ Այս ենթավերնագիրը ամբողջովին նպատակ ունի բացասական երանգներով ներկայացնել հայ ժողովրդին, այնտեղ ներկայացնելով այն ապստամբությունները, ռազմական գործողությունները և քաղաքական ընդվզումները, որոնց դիմել է հայ ժողովուրդը։ Ուշագրավ է, որ վերոնշյալ ենթավերնագրի տակ պարզապես թվարկվում են այդ իրադարձությունները, և չկա գեթ մեկ դեպք, որը անդրադարձ կատարի նաև այս կամ այն իրադարձության պատճառներին։ Ենթավերնագրի տակ գրված է. «Հայկական կազմակերպությունները առաջին անգամ ապստամբություն կազմակերպեցին 1890թ. Էրզրումում և Ադանայում։ 1893թ. հայերը զինված գրոհ ձեռնարկեցին Մերզիֆոնի (Ամասիայից 32 կմ. հեռու) անվտանգությունը ապահովող թուրքական բանակի վրա, 1894թ. հայերը հարձակում գործեցին Ստամբուլի Բաբ Ալի թաղամասի Օսմանյան կայսրության կառավարության շենքի վրա: Հայկական ապստամբություններից ամենաուժեղը տեղի ունեցավ 1894թ. Սասունում։ Հայերը ապստամբություններ են կազմակերպել նաև Կեսարիայում (հայերեն անվանումը՝ Մաժաք), Յոզգաթում, Քահրամանմարաշում և Չորումում, իսկ 1896թ. գրավելով Բեյօղլու թաղամասի Օսմանյան բանկը, կրկին ապստամբեցին։ Հայերը մահափորձ են կատարել նաև օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ երկրորդի դեմ»[7]։

Ակնհայտ է, որ նման կերպ ներկայացվածից որևէ ընթերցողի մեջ չի կարող դրական տպավորություն առաջանալ հայ ժողովրդի մասին։ Դասագրքում պարբերաբար նշվում է, որ Օսմանյան կայսրությունը մշտապես պատրաստ է եղել բարեփոխումներ անել հայերով բնակեցված շրջանում, սակայն. «անհնար էր այդ բարեփոխումների արդյունքը տեսնել կարճ ժամանակահատվածում, բացի այդ, հայերը նպատակ ունեին անջատվել Օսմանյան կայսրությունից[8]»։ Այս ձևակերպումը նպատակ ունի ընթերցողին ցույց տալ, որ հայերը ոչ միայն համբերատար չէին բարեփոխումների հարցում, այլև անջատողական տրամադրություններին տուրք տալով, ավելի շատ ձգտել են ոչ թե բարելավել իրենց վիճակը կայսրության ներսում, այլ անջատվելով՝ անկախություն ձեռք բերել և թուրքերից անկախ տնօրինել սեփական բախտը, մինչդեռ մինչ այդ «չարաբաստիկ» պատերազմը հայերն ու թուրքերը ապրել են միասին, ուս ուսի և բոլոր հաջողությունները կերտել են միասնաբար, իսկ դժվարություններին դիմակայել միահամուռ ուժերով։ Այս ամենը մատուցելուց հետո, դասագրքի հեղինակները, առաջ անցնելով իրադարձություններից, մի քանի նախադասությամբ, համառոտ ինֆորմացիայի միջոցով, փորձում են ներկայացնել թուրքական պատմագրության մեջ ամրագրված այն տեսակետը, թե ինչպես «հանգուցալուծվեց Հայկական հարցը»։

Այսպիսով, հարևան երկրի պատմագրությունը, ընդունելով, որ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում առաջացավ հայկական հարցը, փորձում է ներկայացնել նաև դրա հանգուցալուծումը։ Այն է. «Հայկական հարցը արդիական էր նաև Առաջին համաշխարհային պատերազմի և Ազատագրական պատերազմի[9] (Kurtuluş Savaşı) ընթացքում։ Արևելյան ռազմաճակատի հրամանատար Քազիմ Քարաբեկիր փաշան, պարտության մատնեց հայերին, և 1920թ. դեկտեմբերի 3-ին կնքված Գյումրիի (Ալեքսանդրապոլ) պայմանագրով լուծվեց հայկական հարցը»[10]։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հարևան երկրի պատմագրության կարծիքով հայկական հարցը դադարել է գոյություն ունենալ դեռևս 1920թ., և դրա ամբողջ պատմությունը ամփոփված է 1878-1920թթ։

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԹՈւՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՌՉԱԿՈւՄԸ: Թուրքիայի միջնակարգ կրթության (դպրոցի) 10-րդ դասարանի պատմության դասագրքում Առաջին համաշխարհային պատերազմի մասին ընդարձակ անդրադարձի մեջ առանձին տեղ են զբաղեցնում այն ռազմաճակատները, որտեղ կռվել է թուրքական բանակը։ Մեզ առավել հետաքրքրող Կովկասյան ռազմաճակատի մասին ասվում է հետևյալը. «Նոյեմբերի 1-ին ռուսները ներխուժեցին Կովկաս, այդպիսով բացելով պատերազմի՝ Կովկասյան ռազմաճակատը։ Այս ռազմաճակատում կռվելով՝ թուրքական բանակը նպատակ ուներ վերջ տալ Օսմանյան պետության նկատմամբ ռուսական երազանքներին և կապ հաստատել Միջին Ասիայում բնակվող թուրքերի հետ։ Օսմանյան բանակը սաստիկ ցրտերի, սովի և վարակիչ հիվանդությունների պատճառով առաջին պարտությունը կրեց 1914թ. դեկտեմբերի 22-ից հունվարի 19-ը տևած Սարիղամիշի ճակատամարտում (ՀՀ ավագ դպրոցի հայոց պատմության հումանիտար հոսքի 11-րդ դասարանի դասագրքում Սարիղամիշի ճակատամարտը հիշատակվում է 1914թ. դեկտեմբերի 9-ից 1915թ. հունվարի 5-ը[11]), որի հետևանքով զոհվեցին տասնյակ հազարավոր թուրք զինվորներ։ 1915թ. ապրիլին կրկին հարձակման անցած ռուսական բանակը գրավեց Էրզրումը, Տրապիզոնը, Երզնկան, Վանը, Բիթլիսը և Մուշը։ Այս շրջաններում ապրող հայերը, որոնք կռվում էին ռուսների հետ միասին, կոտորածներ կազմակերպեցին նվաճված վայրերում»[12]։ Այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Սարիղամիշի ճակատամարտի անդրադարձի մեջ թուրքական պատկերացումներին ու դիրքորոշմանը։ Թուրքական պատմագրությունը, չնշելով ճակատամարտի մանրամասները, նրբորեն շրջանցում է թուրքական 3-րդ բանակը գլխավորած Էնվեր փաշայի հրամանատարության տակ գտնվող 90.000-անոց բանակի լիակատար ջախջախման փաստը, պարտությունը պատճառաբանելով սաստիկ ցրտերով, սովով և վարակիչ հիվանդություններով։

Թուրքիայի միջնակարգ կրթության (դպրոցի) 10-րդ դասարանի պատմության դասագրքի՝ Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված հատվածի մեջ հատուկ անդրադարձ կա հայերին և հայկական հարցին։ Անդրադարձը վերնագրված է «Հայկական հարցը Համաշխարհային պատերազմի տարիներին»։ Ուշագրավ է, որ դասագրքի հեղինակները այստեղ ևս պարբերաբար հիշեցնում են, որ եվրոպական որոշ տերություններ և առավելապես Ռուսաստանը, իրենց շահերը առաջ տանելու նպատակով մշտապես սադրել և օգտագործել են հայերին ընդդեմ թուրքերի։ Այս է պատճառը, որ հայերը շարունակաբար անհնազանդ են եղել՝ այդպիսով դավաճանելով թուրքերին, որոնց հետ ապրում էին միևնույն հայրենիքում։ Հայերին վերաբերող հատվածում կարող ենք կարդալ. «Ռուսաստանը, օգտագործելով հայերին, փորձում էր տիրել Անատոլիային։ Այս է պատճառը, որ ռուսները, գրավելով Էրզրումը, Երզնկան, Մուշը և Բիթլիսը, այս տարածքներում ապրող հայերին հրահրեցին նոր ապստամբություններ կազմակերպել։ Հայերը, որոնց զինում էին ռուսները, հարձակվելով թուրքական գյուղերի վրա, կոտորածներ էին իրականացնում»[13]։ Պետք է արձանագրել, որ սա առաջին դեպքն է, երբ թուրքական դասագրքում պնդում է կատարվում, թե հայերը կոտորել են թուրքերին[14]։ Շարունակելով հայերի մասին թեման, հեղինակները գրում են. «Հայերը մի շարք ապստամբություններ են կազմակերպել արևելյան և հարավ-արևելյան Անատոլիայում։ 1915թ փետրվարին ապստամբություն կազմակերպվեց Վանում։ Ռուսները, հայերի օգնությամբ, զավթեցին Վանը և այստեղ հայ նահանգապետ նշանակեցին։ Ժամանակի Օսմանյան կայսրության կողմից նշանակված նահանգապետ Ջևդեթ բեյը կազմակերպեց թուրք ժողովրդի գաղթը դեպի Դատվան, Բիթլիս և Դիարբեքիր, որպեսզի փրկի թուրք բնակչությանը հայկական կոտորածներից։ Գաղթի ճանապարհը բռնած թուրքերը ավազակային հարձակումների էին ենթարկվում հայ ավազակախմբերի կողմից։ Հայերին աջակցում էր ոչ միայն Ռուսաստանը, այլև Անգլիան և Ֆրանսիան»[15]։ Այս հատվածից անմիջապես հետո անդրադարձ է կատարվում 1915թ. ապրիլի 24-ին. «Տեսնելով, որ հայկական կոմիտեների աջակցությամբ կազմակերպվող ապստամբությունները մեծ չափերի են հասնում, Օսմանյան պետությունը 1915թ. ապրիլի 24-ին մի շրջաբերական հրապարակեց։ Այս շրջաբերականով կայսրության կենտրոններին հրահանգավորվում էր փակել հայկական կոմիտեների օջախները և ձերբակալել նրանց ղեկավարներին»[16]։ Ուշագրավ է, որ դասագրքի այդ հատվածում ոչ մի անդրադարձ չկա տեղի ունեցած զանգվածային սպանություններին և խոշտանգումներին, որոնց ենթարկվեցին հայերը։

Նշված դասագրքի այս հատվածում ապրիլի 24-ին տեղի ունեցած դեպքերից անմիջապես հետո անդրադարձ է կատարված 1915թ. մայիսի 27-ին հրապարակված «Բռնի գաղթի մասին օրենքին» (Zorunlu Göç kanunu)։ Ահա այսպես է ներկայացված հայ ժողովրդի Մեծ գաղթը. «Օսմանյան կայսրության՝ նախկինում ձեռք առած միջոցները արդյունք չտվեցին, ինչի պատճառով էլ 1915թ. մայիսի 27-ին հրապարկվեց «Բռնի գաղթի» մասին օրենքը։ Օրենքի նպատակը միայն այն էր, որ ապստամբությունների մեջ ներգրավված հայերին հեռացնեն պատերազմական շրջաններից և տեղափոխեն երկրի ավելի ապահով շրջանները։ Հայերին բնակեցրին այսօրվա Սիրիայի և հարավ-արևելյան Անատոլիայի միջև ընկած տարածքներում։ «Բռնի գաղթի» օրենքով հայ ավազակախմբերի ճիրաններից փրկվեցին այն հայերը և ապահովվեց նրանց անվտանգությունը, որոնք հրաժարվում էին մասնակցել ապստամբություններին և այլ ահաբեկչական գործողություններին։ Օսմանյան կայսրության Ներքին գործերի նախարարությունը (Osmanlı Dahiliye Nezareti) կանոնակարգ էր հրապարակել, որը ամենայն մանրամասնությամբ կարգավորում էր գաղթի ամբողջ գործընթացը։ Ուշադրություն է դարձվել նոր բնակեցվելիք վայրերում գյուղատնտեսական հողերի բերրի լինելուն, հայերի անվտանգությունը ապահովելու համար հիմնվել են ոստիկանատներ։ Նույնիսկ հնարավորություն է տրվել նոր բնակեցված վայրերում զբաղվել իրենց նախկին մասնագիտությամբ[17]»:

Թուրքիայի 10-րդ դասարանի պատմության դասագրքի՝ Համաշխարհային պատերազմի ընթացքում հայերին կատարված անդրադարձի վերոնշյալ այս հատվածը խայտառակության ամենացինիկ դրսևորումն է։ Որևէ աղերս չունենալով գիտական և մարդկային հասարակ տրամաբանության հետ, վերոնշյալ մեջբերումը ոչ միայն ակնհայտ զրպարտանք է՝ ուղղված հայ ժողովրդին, այլև խիստ անհաջող և անփույթ փորձ, որը միտված է դահճին ներկայացնել զոհի կերպարանքով և հակառակը։ Հարկ չենք համարում որևէ փաստ ներկայացնել՝ այս մեջբերման մեջ տեղ գտած միտքը հերքելու համար, որովհետև վերոնշյալ հատվածի բովանդակությունը դուրս է գիտական բանավեճի հարթությունից և ոչ այլ ինչ է, քան խեղաթյուրանքն ու ցինիզմը իրականության տեղ մատուցելու անհաջող փորձ։

Թուրքական պատմագրությունը, ամփոփելով «Բռնի գաղթի» օրենքին վերաբերող թեման, նշում է. «Հայերի գաղթը ամբողջովին ավարտվել է 1916թ. հոկտեմբերին։ Գաղթի ընթացքում ենթարկվելով ավազակային հարձակումների, զոհվել է շուրջ 10.000 հազար և համաճարակների պատճառով՝ շուրջ 30.000 հայ։ Անկողմնակալ հետազոտողների անցկացրած ուսումնասիրությունները փաստում են, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած բոլոր ապստամբությունների, ռազմական գործողությունների և գաղթի հետևանքով զոհվել է շուրջ 300.000 հայ։ Ի հակադրություն դրան, հայերը կոտորել են շուրջ 600.000 թուրք և շուրջ 500.000-ն էլ ստիպված է եղել դիմել գաղթի»[18]։

Շրջանցելով թվային տվյալների բացահայտ կեղծ լինելու փաստը, ուշադրության ենք արժանացնում այս մեջբերման ձևակերպումը։ Թուրքիայի միջնակարգ կրթության (դպրոցի) 10-րդ դասարանի պատմության դասագրքի համաձայն՝ ամբողջ պատերազմի ընթացքում հայերը տարբեր պատճառներով ունեցել են 300.000 զոհ, իսկ, ի հակադրություն սրան, նշվում է, որ շուրջ 600.000 թուրք սպանվել է բացառապես հայերի ձեռքով, իսկ 500.000-ն էլ, ենթարկվելով հայերի ճնշումներին, գաղթի ճանապարհն է բռնել։ Հարկ են համարում մեջբերել վիճակագրական մի տվյալ, որը արտահայտում է թուրքական պատմագրության պաշտոնական տեսակետը. «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տարբեր ռազմաճակատներում կռվել է 2.850.000 թուրք զինվոր, որոնցից 325.000-ը զոհվել է, 400.000 վիրավորվել է, 250.000-ը համարվում է անհետ կորած»[19]։ Ստացվում է, որ ըստ թուրքական դպրոցական պատմագիտության, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի կողմից սպանված թուրքերի թիվը շուրջ երկու անգամ գերազանցում է այդ պատերազմի ընթացքում բոլոր ռազմաճակատներում զոհված թուրք զինվորների թվին։

Դասագրքերում ներկայացված են այն պայմանագրերը, որոնք կնքվեցին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Հարկ ենք համարում անդրադառնալ այդ պայմանագրերի՝ մեզ առավել հետաքրքրող հատվածներին։ 1918թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարի մասին ասվում է. «Պատերազմից դաշնակիցների դուրս գալուց հետո, պաղեստինասիրիական ռազմաճակատում կրած պարտությունների հետևանքով երիտթուրքական կառավարությունը հրաժարական տվեց (երիտթուրքերի ղեկավարներ Էնվեր փաշան, Թալեաթ փաշան և Ջեմալ փաշան լքեցին երկիրը), որին փոխարինեց Ահմեդ Իզզեթ փաշան։ Օսմանյան կայսրությունը հրադադար խնդրեց Անտանտի երկրներից։ Հաշտության բանակցությունները տեղի ունեցան Լեմնոս կղզու Մուդրոսի նավահանգստում։ 1918թ. հոկտեմբերի 30-ին կնքվեց զինադադարը։ Մուդրոսի զինադադարը վերջ դրեց Օսմանյան կայսրությանը և յուրօրինակ սկիզբ հանդիսացավ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման համար։ Զինադադարի 24-րդ հոդվածը, որը անհանգստություն էր առաջացրել թուրքերի շրջանում, նախատեսում էր, որ Անտանտի երկրները կարող են ներխուժել Արևելյան Անատոլիայի 6 վիլայեթներ (Vilayet-i Sitte) (Էրզրում, Վան, Խարբերդ, Սեբաստիա, Բիթլիս, Դիարբեքիր) Այս հոդվածը հիմք էր նախապատրաստում տեսանելի ապագայում հայկական պետության ստեղծման համար։ Զինադադարի մեկ այլ տեղում նշվում էր, որ պատերազմի ընթացքում գերևարված Անտանտի երկրների քաղաքացիները և հայերը վերադարձվելու են Անտանտին»[20]։

Թուրքիայի 11-րդ դասարանի պատմության դասագրքի մյուս ուշագրավ անդրադարձը տեղ է գտել 1919թ. հունվարի 18-ին Փարիզում բացված խաղաղության վեհաժողովին (վեհաժողովը ավարտվել է 1920թ. հունվարի 21-ին) նվիրված հատվածում. «Փարիզի խաղաղության վեհաժողովը հրավիրվեց տևական խաղաղության հաստատման, իսկ իրականում՝ Օսմանյան կայսրության վերաբաժանումը իրականացնելու ծրագրերը ևս մեկ անգամ ճշտելու նպատակով։ 1919թ. հունվարի 18-ին հրավիրվեց Փարիզի խաղաղության վեհաժողովը, որին մասնակցում էին 32 երկրներ։ Կոնֆերանսին մասնակցելու էին հրավիրվել նաև հույների, հայերի և արաբների պատվիրակությունները… Վեհաժողովը ընդունեց Արևելյան Անատոլիայում հովանավորության սիստեմով գործող հայկական պետություն հիմնադրելու գաղափարը»[21]։ Ինչպես տեսնում ենք, հայկական պետության հիմնադրման, հայ ժողովրդի անկախության վերաբերյալ թեմաները դասագրքում ներկայացված են ընդամենը մի քանի նախադասություններով։

Ուշադրության է արժանի նաև անդրադարձը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնին։ Թուրքական դասագրքերում զգալի չափով անդրադարձ է կատարվում ԱՄՆ նախագահին, նրա հրապարակած հայտնի 14 սկզբունքներին և տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումներին, սակայն դասագրքերում նրբանկատորեն գրեթե շրջանցված են Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող նրա մոտեցումները։ Չի շրջանցվել նաև ԱՄՆ նախագահ Վիլսոնի անվան հետ անմիջական կապ ունեցող՝ 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանի համանուն պայմանագիրը։ Քաջ հայտնի 1920թ. Սևրի պայմանագրի թուրքական պատմագրության ներկայացրած տարբերակը սա է. «Դաշնակից պետությունները վերջնական խաղաղության հաստատմանը և այլ հարցերի լուծմանը հասնելու համար Օսմանյան կայսրության հետ մի պայմանագիր կնքեցին։ Պայմանագրի՝ ազգային փոքրամասնություններին վերաբերող հատվածում նշվում է, որ Օսմանյան տարածքներում ապրողները ունեն կրոնական, լեզվական ազատություն և հավասար իրավունքներ։ Սահմաններին և քաղաքական որոշումներին վերաբերող հատվածում նշվում է, որ Արևելյան Անատոլիայում Հայաստան և Քրդստան անուններով հիմնադրվելու են երկու նոր պետություններ»[22]։ Դասագրքում նշվում է նաև, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը 1920թ. օգոստոսի 19-ին կայացրել է մի պատմական որոշում, ըստ որի, մեջլիսը «հայրենիքի դավաճան» է որակում «թուրք ժողովրդի ապրելու իրավունքը ոտնահարած» Սևրի պայմանագիրը ստորագրողներին և վավերացնողներին։

Թուրքիայի 11-րդ դասարանի պատմության դասագրքի 3-րդ գլուխը նվիրված է Մուստաֆա Քեմալի գլխավորած Ազգայնամոլական շարժմանը (kurtuluş savaşı) և այդ շարժման ռազմաճակատներին։ Հայտնի է, որ այս շարժման ընթացքում թուրքերը բազմաթիվ ճակատամարտեր և կռիվներ են մղել գլխավորապես հույների և հայերի դեմ, իրականացրել են բազմաթիվ կոտորածներ։ Թուրքիայի դպրոցական վերոնշյալ դասագրքում, սակայն, Ազգայնամոլական շարժումը ներկայացված է որպես հերոսական շարժում, որի ժամանակ էլ դրվել է այսօրվա Թուրքիայի Հանրապետության հիմքը։ Դասագրքի այն հատվածում, որը անդրադառնում է այդ շարժման պատերազմներին և Քեմալի զինակիցների մղած կռիվներին ու պատերազմներին, ասվում է. «Մուստաֆա Քեմալի առաջնորդությամբ թուրք ժողովուրդը համախմբվեց միակողմանի նվաճումներ իրականացնող Դաշնակից երկրների դեմ՝ այդպիսով ամբողջովին ներգրավվելով ազգային ազատագրական պայքարի մեջ։ Ազգային ազատագրական շարժման ընթացքում արևելքում պատերազմներ են մղվել հայերի, հարավում՝ ֆրանսիացիների, արևմուտքում՝ հույների դեմ»[23]։ Սրանից հետո մանրամասն խոսվում է ամեն ռազմաճակատի մասին առանձին։ Մեզ առավել հետաքրքրող արևելյան ռազմաճակատի մասին անդրադարձը հետևյալն է. «Մուստաֆա Քարաբեքիր փաշան, չնայած Մուդրոսի զինադադարի պահանջներին, հայկական սպառնալիքների առկայության պարագայում, չզինաթափեց իր գլխավորած 15-րդ կորպուսը։ ԹԱՄԺ (Թուրքիայի ազգային մեծ ժողով)-ը Քարաբեքիր փաշային նշանակեց Արևելյան ռազմաճակատի հրամանատար, որին տրվեց անսահման լիազորություններ։ Հայերի դեմ ուղղված Արևելյան ռազմաճակատը Ազգային ազատագրական շարժման ընթացքում բացված առաջին ռազմաճակատն էր։ Բոլշևիկները, որոնք Ռուսաստանում տապալեցին ցարական ռեժիմը, 1918թ. Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Թուրքիային հանձնեցին 1878թ. Բեռլինի խորհրդաժողովով իրենց անցած Կարսը, Արդահանը և Բաթումը։ Թուրքական բանակը, չբավարարվելով այսքանով, Բաթումից առաջխաղացում կատարեց մինչև Բաքու։ Քանի որ Ռուսաստանը նահանջեց, այդ տարածքներում հիմնադրվեցին ազատ և անկախ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան պետությունները։ Չնայած ԱՄՆ նախագահ Վիլսոնի կողմից ուղարկված գեներալ Հարբորդի գլխավորած պատվիրակության հերքումներին, Վիլսոնի սկզբունքներով ոգևորված հայ ժողովուրդը, պնդելով, որ կազմում է Արևելյան Անատոլիայի բնակչության մեծամասնությունը, սկսեց հավակնություններ ներկայացնել Անատոլիայի հանդեպ։ Դաշնակից երկրների կողմից հայերի՝ Փարիզի կոնֆերանսին հրավիրվելը հայերի շրջանում բորբոքեց մեծ Հայաստան ունենալու երազանքը։ Հայերը, օգտվելով Անգլիայի աջակցությունից, որն ուզում էր իր ենթակայության տակ պահել հատկապես Արևելյան Անատոլիայի և Կովկասի բնակչությանը, Վանում, Բիթլիսում, Էրզրումում, Նախիջևանում, Գյումրիում, Իգդիրում, Օլթիում հարձակումներ գործելով՝ սպանեցին թուրք շատ քաղաքացիների։ Քազիմ Քարաբեքիր փաշայի հրամանատարությամբ թուրքական բանակը հայերի դեմ հարձակումներ սկսեց գործել 1920թ. սեպտեմբերի 28-ին։ 1920թ. սեպտեմբերի 29-ին ազատագրվեց Սարիղամիշը, սեպտեմբերի 30-ին՝ Կարսը, իսկ հոկտեմբերի 7-ին՝ Գյումրին։ Հայերը, հասկանալով, որ անզոր են դիմակայել թուրքական բանակին, ստիպված էին հաշտություն խնդրել։ Օսմանյան կայսրությունից մնացած այս կանոնավոր բանակի հաղթանակը առաջինն էր, որը տարվեց ԹԱՄԺ-ի անունից։ 1920թ. դեկտեմբերի 3-ին հայերի և ԹԱՄԺ-ի միջև ստորագրվեց Գյումրիի (Ալեքսանդրապոլ) պայմանագիրը։ Այս պայմանագրով Կարսում, Սարիղամիշում, Իգդիրում փրկված հայերը հրաժարվեցին Սևրի պայմանագրից մնացած Անադոլիայի հանդեպ պնդումներից»[24]։ Ըստ էության, այս հատվածը և նրա բովանդակությունը ոչնչով չի շեղվում Թուրքիայի դպրոցական դասագրքերի ընդհանուր տրամաբանությունից։

Թուրքիայի պատմության 11-րդ դասարանի դասագրքի մեջ ներկայացված Մոսկվայի պայմանագրի մասին հատվածում բավական քիչ անդրադարձ է կատարված հայերին։ Վերոնշյալում նշվում է, որ «Բաթումը մնում էր Վրաստանին, իսկ Սովետների իշխանությունը ճանաչում էր ԹԱՄԺ-ի և Հայաստանի ու Վրաստանի միջև կնքված պայմանագրերը»[25]։

Այս պայմանագրի անդրադարձով էլ հիմնականում ավարտվում են հայ-թուրքական հարաբերությունների և առհասարակ հայերին վերաբերվող հատվածները։ Հարևան երկրի պատմագրության պատկերացումները ահա այսպիսին են այն ամենադաժան և սարսռազդու ժամանակահատվածի մասին, որի ընթացքում մեր ժողովրդի շուրջ մեկուկես միլիոն զավակները ենթարկվեցին ցեղասպանության։

 

Հայկ ԴԱՐԲԻՆՅԱՆ

[1] Özsu H., Aymergen Y., 10. Sınıf TARIH, Ankara 2013 sayfa 188
[2] Özsu H., Aymergen Y., նշվ. աշխ., էջ 187
[3] Մելքոնյան Ա., Բարխուդարյան Վ., Հարությունյան Գ., Չոբանյան Պ., Սիմոնյան Ա., Նազարյան Ա., «Հայոց պատմություն, 11-րդ դասարան, հումանիտար հոսք», Երևան 2010, էջ 173
[4] Özsu H., Aymergen Y., 10. Sınıf TARIH, Ankara 2013, s. 187
[5] Özsu H., Aymergen Y., 10. Sınıf TARIH, Ankara 2013, s. 188
[6] Özsu H., Aymergen Y., նշվ. աշխ., էջ 189
[7] Özsu H., Aymergen Y., 10. Sınıf TARIH, Ankara 2013, s. 188
[8] Özsu H., Aymergen Y., նշվ.աշխ., էջ 189
[9] Մուստաֆա Քեմալի գլխավորած շարժումը հայկական պատմագրությունը կոչում է Ազգայնամոլական շարժում
[10] Özsu H., Aymergen Y., 10. Sınıf TARIH, Ankara 2013, s. 190
[11] Մելքոնյան Ա., Բարխուդարյան Վ., Հարությունյան Գ., Չոբանյան Պ., Սիմոնյան Ա., Նազարյան Ա., «Հայոց պատմություն, 11-րդ դասարան, հումանիտար հոսք», Երևան 2010, էջ 243
[12] Özsu H., Aymergen Y., 10. Sınıf TARIH, Ankara 2013, s. 207
[13] Özsu H., Aymergen Y., նշվ. աշխ., նույն էջում
[14] Դպրոցական դասագրքերում տեղ գտած որոշ հատվածներում մինչ այս նշվում է, որ հայերը տարբեր կռիվների և մարտերի ընթացքում կոտորել են թուրքերին, սակայն սա առաջին հատվածն է, որտեղ նշվում է, որ հայերի գործողությունների հիմնական նպատակը թուրքերին կոտորելն էր։
[15] Özsu H., Aymergen Y., 10. Sınıf TARIH, Ankara 2013, s. 208
[16] Özsu H., Aymergen Y., նշվ. աշխ. նույն էջում
[17] Özsu H., Aymergen Y., նշվ. աշխ. նույն էջում
[18] Özsu H., Aymergen Y., նշված աշխ., նույն էջում։ Հավելենք, որ. «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհվել է շուրջ 300.000 հայ» թեզի հեղինակ է համարվում թուրք պատմաբան և քաղաքական գործիչ Յուսուֆ Հալաչօղլուն։ Այս պարոնը 1993-2008թթ. եղել է Թուրքական պատմագիտական ընկերության (Türk Tarih Kurumu) նախագահ, Ազգայնական շարժում կուսակցության (MHP) անդամ է, պատգամավոր:
[19] https://www.tariharastirmalari.com/birincidunyasavasi.html
[20] Özsu H., Baştürk N., 11. Sınıf TARIH, Ankara 2013, s. 41-42
[21] Özsu H., Baştürk N., նշվ. աշխ., էջ 44
[22] Özsu H., Baştürk N., 11. Sınıf TARIH, Ankara 2013, s. 62
[23] Özsu H., Baştürk N., 11. Sınıf TARIH, Ankara 2013, s. 82
[24] Özsu H., Baştürk N., 11. Sınıf TARIH, Ankara 2013, s. 83
[25] Özsu H., Baştürk N., նշվ. աշխ., էջ 88

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031