Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային: Պորոշենկոն նաեւ աշխատանքից ազատել է Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միքայել Եժելին:
Ըստ «Нацональная Служба Новостей»-ի՝ քաղաքագետ Անատոլի Բասերմանը հայտարարել է, որ պրոֆեսիոնալ դիվանագետների համար շատ դժվար է աշխատել ներկա պայմաններում. «Որքան որ ես կարող եմ դատել, ներկա վիճակում Ուկրաինան ուղղակի ահաբեկիչների խումբ է, որոնք ինչ-որ չափով ենթարկվում են Վաշինգտոնին եւ ունեն նպատակ ոչնչացնելու Ուկրաինայի ռուս մեծամասնությանը»:
Ըստ քաղաքագետի՝ նման իրավիճակում դիվանագիտական գործունեությունն իմաստ չունի: Նա կարծում է, որ դեսպանները ցանկանում են առաջ տանել ԱՄՆ-ի հետաքրքրությունները. «Եվ երբ այդ հետաքրքրությունները չեն համապատասխանում այն երկրի հետաքրքրություններին, որոնցում իրենք գտնվում են (իսկ Բելառուսի եւ Հայաստանի հետաքրքրությունները հստակորեն ամերիկյանի հակառակն են), դեսպաններն այդ դեպքում ոչինչ չեն կարող անել»:
Անդրադառնալով վերջին շաբաթներին Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներին, Դոնեցկի քաղաքագետ Վլադիմիր Կորնիլովը կարծիք է հայտնել, որ Հայաստանում «գունավոր հեղափոխության» ձախողումը եւ դեսպանի հեռացումը փոխկապակցված են. «Կարծում եմ, որ պատահական զուգադիպություն չէ այն, որ այս հեռացումը համընկավ «գունավոր հեղափոխության» փորձի ձախողման հետ: Մենք տեսանք, թե Հայաստանում ուկրաինական ռեժիմի քարոզիչները ինչքան էին ներգրավվել ցույցերում»:
Կարդացեք նաև
Կորնիլովը նաեւ նշել է, թե բացառված չէ, որ Ուկրաինայի դեսպանի աշխատանքից հեռացումը պատիժ էր «գունավոր հեղափոխության» ձախողման համար: «Ո՞վ գիտի ինչ կա Պորոշենկոյի մտքին եւ ո՞ւմ է նա ուզում նշանակել դեսպան: Նա իսկապես մեծ ընտրություն ունի: Շատ մարդիկ կան նրա շրջապատում, որոնց պետք է ուղարկել Ուկրաինայից հեռու այդպիսի պաշտոններում աշխատելու համար»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ