Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի թուրք ռեժիսորը չի վախենում ճնշումներից

Հուլիս 14,2015 16:18

Թուրք ռեժիսոր Հաջի Օրմանը Հայոց ցեղասպանության մասին պատմող իր «Homo Politicus» կարճամետրաժ ֆիլմն առաջին անգամ կներկայացնի «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային «Մենք կանք» ծրագրում:

«Ուրախ եմ այս փառատոնին մասնակցելու համար: Սա իմ առաջին ֆիլմն է, որը ցանկանում էի ցուցադրել Ստամբուլի միջազգային կինոփառատոնին, բայց չհաջողվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հ. Օրմանը՝ հավելելով, որ գուցե այդպես ավելի լավ եղավ, քանի որ առաջին անգամ հենց «Ոսկե ծիրանի» «Հայ-թուրքական կինոպլատֆորմին» է ներկայացրել ֆիլմը, «և միգուցե ճիշտ էր, որ առաջին անգամ հենց Հայաստանում այն ցուցադրվեր»,- նշեց նա:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հայոց ցեղասպանությունից երեք ամիս հետո: 20 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է Յոհանես Լեփսիուսի՝ ազդեցիկ աստվածաբանի մասին, որը հանդես էր գալիս գերմանացի միսիոներների անունից: Օսմանյան կայսրությունում հայերի «արտաքսման» քաղաքականությանը վերջ տալու համար նա մեկնում է Ստամբուլ՝ ռազմական շտաբ, որտեղ կարող է հանդիպել Թուրքիայի ամենազորեղ գեներալի՝ Էնվեր Փաշայի հետ: Նրա նպատակն է դիվանագիտական և քաղաքական ճնշում գործադրել Էնվեր փաշայի վրա: Լեփսիուսի բերած բոլոր փաստարկներն անտեսվում են Էնվերի քաղաքավարի և անտարբեր վերաբերմունքով: Հանդիպման կեսից մթնոլորտը փոխվում է փիլիսոփայական, ինտելեկտուալ բանակռվի, որը մեկ շախմատ է հիշեցնում, մեկ՝ բռնցքամարտ: Մինչ Էնվերը փորձում է հետզհետե Լեփսիուսի վզին «անպատշաճ առաջարկ» փաթաթել, Լեփսիուսը կարևոր որոշում է ընդունում և թողնում խոսակցությունը:

Ռեժիսորը վստահեցնում է՝ չի վախենում, որ Թուրքիայում կարող են իր վրա ճնշում գործադրել. «Ինձ շատ են ասել, որ այդ թեմայով ֆիլմ նկարահանելը դժվար է, առավել դժվար է, երբ հենց այդ թեմայով ես սկսում կարիերադ, բայց դա ինձ չի անհանգստացնում. ասելու շատ բան կա: Բավականին երկար ժամանակ է, որ Թուրքիայում ընդդիմադիր գործունեություն եմ ծավալում, ու ճնշումներն ինձ չեն վախեցնում: Թուրքիայում այնքա՜ն մարդիկ կան, որոնք շատ մեծ պատասխան են տվել այս հարցի հետ կապված իրենց գործունեության համար, և մեր արածը նրանց արածի կողքին չնչին բան է: Խոսքը միայն Հրանտ Դինքի մասին չէ, այլև Ռագըփ Զարաքօլուի ու էլի շատ-շատերի»,- ասաց Հաջի Օրմանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031