Լրահոս
Օրվա լրահոսը

Արգամ Այվազյան. «Սա մշակութային արժեքի նվաստացում է»

Հուլիս 14,2015 16:07

«Հուշարձանների պահպանության հարցը պետք է անհապաղ հանել Մշակույթի նախարարության ենթակայությունից եւ ստեղծել մի առանձին կառույց, որպեսզի մեկ ուղղությամբ կարողանանք տեր կանգնել հուշարձաններին»,- այսօր «Նյութ» մամուլի ակումբում նշեց հայագետ Արգամ Այվազյանը:

Հայագետի խոսքերով, ՀՀ տարածքում կա մոտ 24000 պետականորեն հաշվառված հուշարձան եւ 10-15000՝ պահպանության համար պետական ստատուս չունեցող: Նա նշեց, որ հուշարձանների գերակշռող մասը գտնվում է Արեւմտյան Հայաստանի տարածքում:

Արգամ Այվազյանն ասաց, որ մենք վատ ենք օգտագործում մեր հուշարձանները:

«Այն հուշարձանները, որոնք մենք պետք է նորոգենք, պետք է նաեւ ունենան օգտագործման ստատուսներ: Միայն ֆինանսի տեսակետից ցանկացած միջոցառում թույլատրում ենք, օրինակ` Զվարթնոցի տարածքում վերջին 2-3 տարիների ընթացքում տեղի ունեցած միջոցառումները, որտեղ ընդհուպ մինչեւ քոչվորական ցեղերի նման 2-3 վրաններ էին տեղադրել եւ հարսանյաց հանդես էին անցկացնում: Սա վայրենություն է, սա մշակութային արժեքի նվաստացում է»:

Արգամ Այվազյանը նաեւ նշեց, որ հնագիտական հուշարձանների պահպանության, վերականգման համար գրեթե ոչինչ չի արվում հանրապետությունում:

«ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության ինստիտուտում արկղերով շարված են հնագիտական իրերը: Փաստորեն, հանրապետությունում չկա մի տեղ, որտեղ պեղված նյութը հավուր պատշաճի պահպանվի: Տասնամյակներ առաջ պետք էր ստեղծել մի հնագիտական թանգարան, որպեսզի հնագիտական իրերը ամբարվեին մի տեղում, ուսումնասիրվեին, նրանց վերաբերյալ գրականություն հրատարակվեր: Իսկ այդ իրերը այդպես բարձիթողի վիճակում մնում են, հնագետներն էլ իրենց պեղած նյութի հիման վրա տասնամյակներ հետո են կարողանում գրականություն հրատարակել, եւ հնագիտական նյութի տված տեղեկությունը ուշացումներով է գալիս, մտնում հայագիտության հիմնարար աշխատությունների մեջ»:

Ըստ հայագետի՝ անշուշտ կատարվում են դրական աշխատանքներ, սակայն դրանք գրեթե չեն երեւում:

«Եթե նախկինում հուշարձանների պահպանության պահակային ծառայությունում 200-ից ավելի մարդ էր աշխատում, այսօր նրանք 150-ն են: Արդյոք կարո՞ղ են նրանք հուշարձանների պահպանության խնդիրը լուծել:

Ահա այսպիսի ցավալի վիճակում է գտնվում մեր հուշարձանների պահպանության քաղաքականությունը»:

 

Սյուզի ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031