Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատգամավորները` ԱԺ մոնիտորինգի մասին. «Կատարվող աշխատանքի մի մեծ հատված չի արձանագրվում»

Հուլիս 14,2015 15:54

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Parliamentmonitoring.am-ը հրապարակել է ԱԺ ավարտված նստաշրջանի ընթացքում պատգամավորների աշխատանքի մոնիտորինգի արդյունքները: Նիստերից ամենաշատը բացակայող պատգամավորները նույնն են մնում. այդ ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը:

Ամենաակտիվ պատգամավորը Արծվիկ Մինասյանն է: Այս շարքում են նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ՀԱԿ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը և Գագիկ Ջհանգիրյանը:

Maruqyan

Aravot.am-ի հետ զրույցում մոնիտորինգի արդյունավետության մասին անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց. «Մոնիտորինգի արդյունքները հիմնված են մեր ելույթների, հարցերի և նախագծերի թվաքանակի վրա, սակայն կատարվող աշխատանքի մի մեծ հատված չի արձանագրվում’ օրինակ ընտրատարածքում կատարված աշխատանքը»։

Հետաքրքրվեցինք`ո՞րն է պատճառը, որ բացակայող պատգամավորները տարեցտարի չեն փոխվում, սակայն նրանք շարունակում են մնալ խորհրդարանում, պարոն Մարուքյանը պատասխանեց. «Մեր փորձը ցույց Է տալիս, որ բացակայությունը մանդատից զրկվելու հիմք չի դառնում, հետևաբար դա մնում է ընտրողների հիշողության վրա, որ հաջորդ ընտրություններին այդ բացակայողները կամ նրանց կուսակցությունները ձայն չստանան»։

Aravot.am-ը ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս կգնահատի պատգամավորների այն առաջարկը, թե պետք է ընդլայնել մոնիտորինգի տիրույթները և ընդգրկել նաև պատգամավորների աշխատանքը նաև ընտրատարածքներում, ընտրողների հետ: Նա պատասխանեց. «Դա ռեսուրսների ու հնարավորությունների հարց է: Դժվար է 131 պատգամավորների հանդիպումներին հետևելը: Բայց սկսել ենք մեծամասնական պատգամավորների գործունեության մոնիտորինգը, նրանց նախընտրական խոստումների և արած գործերի դիտարկումը: Այն կներկայացնենք աշնան նստաշրջանի ընթացքում»:

Մոնիտորինգի այս անգամվա արդյունքներում հետաքրքիր է այն, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտնվել է ամենաշատը բացակայած պատգամավորների տասնյակում. ասենք Գագիկ Ծառուկյանի հետ նույն խմբում: Լուսինե Վասիլյանից հետաքրքրվեցինք` ո՞րն է պատճառը, ի՞նչ սկզբունքի հիման վրա է նման պատկեր գրանցվել: Նա պատասխանեց. «Այդ հաշվարկը կատարում է ծրագիրը` քվեարկությունների հիման վրա: Սակայն բոլորս էլ տեղյակ ենք, որ Զարուհի Փոստանջյանը մեկնել էր ԱՄՆ սովորելու, բացակայությունները դրանով էին պայմանավորված»:

Լուսինե Վասիլյանի փոխանցմամբ` այս նստաշրջանի ընթացքում «ՕԵԿ-ը բոլոր ռեկորդները գերազանցել է»: Նա մանրամասնեց. «Եթե համեմատենք նախորդ նստաշրջանների հետ, ապա, երբ կոալիցիայի անդամ էր, ամբողջ խմբակցությունից տասը ելույթ է գրանցվել, այս նստաշրջանին ամեն մեկը խմբակցությունից՝ 70 ելույթ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031