Ինչպես հայտնի է՝ հոսանքի թանկացման դեմ պայքարող գյումրեցի տնտեսագետ-դասախոս Կարեն Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել խուլիգանություն կատարելու մեղադրանքով, որն էլ առաջացրել էր գյումրեցիներից շատերի, հատկապես մտավորականների զայրույթը: Վերջիններս իրավապահ մարմիններից պահանջել էին անհապաղ կարճել գործը՝ այլապես քաղաքով մեկ կսկսեն անհնազանդության ակցիաներ: Նրանք ժամկետ էին տվել իշխանություններին, որը փաստորեն լրանում է այսօր երեկոյան:
Aravot.am-ը Կարեն Պետրոսյանից հետաքրքրվեց, թե այս ընթացքում հրավիրե՞լ են իրեն քննչական բաժին: «Հրավիրել են առերեսման սուտ ցուցմունք տված մարդու հետ (նշենք, որ խոսքը Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի ոստիկանապետի տեղակալ Արթուր Դավթյանի մասին է, որն առավել հայտնի է Տուրիկ մականվամբ Ա.Ն.): Հրաժարվել եմ առերեսվելուց, կարծում եմ, որ սա շինծու գործ է: Փաստաբանն ուզել է առերեսվողի ցուցմունքը, քննիչը հրաժարվել է տալ: Մենք բողոքարկել ենք դատախազություն, սպասում ենք դատախազության պատասխանին: Այսինքն` երկու անգամ նույն պատճառաբանությամբ մենք հրաժարվել ենք առերեսումից, ոչ թե հրաժարվել ենք ընդհանուր առերեսման պրոցեսից, այլ այս պահին առերեսումից, որովհետեւ ծանոթ չենք ցուցմունքին: Մենք չգիտենք՝ մեզ ի՞նչ հիմքով են մեղադրում, դա եւս գոնե ինձ համար փաստարկ է, որ շինծու, կեղծ գործ է, որովհետեւ չեն տալիս հիմքը, որով մեղադրանք է առաջադրվում», -ասաց Կարեն Պետրոսյանը:
Հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ չեն տալիս հիմքը, ունե՞ն նման իրավունք, Կարեն Պետրոսյանն ասաց. «Օրենքից մեջբերում են անում, բայց ըստ կոնվենցիայի, եվրոպական կոնվենցիա կա, ես փաստաբան չեմ, չեմ կարող մանրամասնել, բայց, ըստ միջազգային կոնվենցիայի, իրենք պարտավոր են հիմքը տրամադրելու, իրենք էլ հասկանում են, որ միջազգային փաստաթղթերը, ըստ Սահմանադրության, ունեն ավելի բարձր իրավական ուժ, քան ներքին օրենքները: Էն կոնվենցիաները, որոնց Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է, ավելի մեծ իրավական ուժ ունեն: Հիմա այդ պրոցեսն է, որ իրենք ցուցմունքը մեզ տան, հասկանանք՝ առերեսման ժամանակ ի՞նչ հարց ունենք, հասկանանք ասենք ի՞նչ երգ են երգել, երգի ո՞ր նոտայից իրենց հարց տանք»:
Մեր դիտարկմանը, թե այսօր լրանում է գյումրեցիների տված ժամկետը իշխանություններին, ի՞նչ է նախատեսվում այն չկատարելու դեպքում, Կարեն Պետրոսյանն ասաց, որ հետագա գործողությունները կպլանավորեն քաղաքացիական ակտիվիստները, իսկ ինքը կշարունակի իրավական եւ նաեւ բարոյական գործընթացը:
Կարդացեք նաև
«Ուղղակի ցավալի է, որ մի քանի լրատվամիջոցով հրապարակվեց ՀՀ նախագահին հորդոր, կոչ, դիմում, պահանջ, ինչու չէ խնդրանք, որ գործը կարճվի, նախագահը չի արձագանքում կամ որեւէ մեկը չկա, որ այդ հոդվածները կարդա ու նախագահին փոխանցի: Հիմա ստիպված կլինեմ երեւի պաշտոնապես գրելու մի հատ, տեսնենք ինչ կլինի: Այս գործընթացը ի սկզբանե քաղաքացիական է եղել, եւ իմ համար հիմա էլ է քաղաքացիական, չնայած որ իրենք քաղաքականացրել են՝ քաղաքական որոշում կայացնելով: Չգիտեմ՝ ի՞նչ մակարդակում է այդ որոշումը կայացվել, քանի դեռ երկրի նախագահը չի արձագանքի, ես կընդունեմ, որ դա իր մակարդակում կայացրած որոշում է»:
Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ եղավ Կարեն Պետրոսյանի առեւանգված մեքենան: Նա ասաց՝ քննչականից փոխանցել են, որ այն որպես իրեղեն ապացույց է ճանաչվել: «Ես վերցրել եմ մեքենան, բայց դրա հետագա բողոքարկումը, այսինքն` դրա կայանելու պրոցեսը, որ իրենք տարել են Ախուրյանի ոստիկանական ավտոկայանատեղի, հետագայում դա էլ ենք բողոքարկելու, թե ի՞նչ հիմքերով են իրենք տարել, որովհետեւ 10 օր իմ մեքենայի մասին լուր չի եղել, այսինքն` դա օրենքի խախտում է: Իմ փաստաբանը դրանով զբաղվում է, կայացրած որոշումը եւս վիճարկվելու է»:
Հարցին, թե Գյումրիում հոսանքի թանկացման դեմ պայքար այլեւս չկա՞, Կարեն Պետրոսյանն ասաց. «Գյումրիում հոսանքի թանկացման դեմ պայքարը շատ հստակ է եղել՝ ի տարբերություն մայրաքաղաքի, որ վերջնական ու հստակ պահանջ չձեւավորեց, հետեւողական այդ պահանջը չիրացվեց: Մեր պահանջը շատ հստակ է եղել. լույսը չպիտի թանկանա, քաղաքացիական, սոցիալական պահանջ է: Նախագահը ելույթ է ունեցել, ասել է՝ չի թանկանա, կառավարությանն էլ ուղղորդել է լուծում գտնել, կառավարությունն էլ ասել է՝ պիտի անենք: Մենք էլ երկրորդ պահանջ ենք ձեւակերպել, որ չպիտի լինի բյուջետային միջոցներից, կառավարությունն ասել է՝ չի լինի բյուջետային միջոցներից, կլինի արտաբյուջետային միջոցներից: Այսինքն` մեր պահանջն այս պահի դրությամբ իրացված է մեծ հաշվով: Հիմա եթե վաղը լույսը թանկանա քաղաքացու համար, դա կլինի մեր բյուջետային միջոցների հաշվին, ուրեմն նույն օրը նորից մեր բողոքի ձայնը բարձրացնելու ենք: Հիմնական երկու բան կար, մեկը զորակցությունն էր Երեւանում քաղաքացիական գործընթացներին, եւ մինչեւ քաղաքացիական պրոցեսները Երեւանում շարունակվում էին, մենք շարունակում էինք նստացույցը: Նստացույցը դադարեցրել ենք, որովհետեւ Երեւանում քաղաքացիական գործընթացը դադարել էր որպես այդպիսին գոյություն ունենալուց: Մենք նշել ենք մեր հաղթանակն այսօր, որ ժողովուրդը հաղթել է, մենք դա ֆիքսել ենք, չեմ ասում՝ ինչ աստիճանի է հաղթել, դա հետագայում կերեւա: Իշխանությունը սկսել է աշխատել այդ ուղղությամբ, իր պարտականությունն աշխատելն է: Մենք պիտի հասկանանք, որ եթե քաղաքացիական պահանջ ենք ներկայացնում, ասում ենք, ասենք ,«Նախագա՛հ, հեռացիր», դա լրիվ ուրիշ գործընթաց է, դա քաղաքական գործընթաց է, որ մենք այդ պրոցեսում չենք: Քաղաքացիական գործընթացում իշխանությունը քայլեր կատարել է, այսինքն` ժողովուրդը պիտի հասկանա, որ ինքը քայլ առաջ ունի, պետք է ֆիքսել դա ու շարունակի ճնշումները՝ երկրորդ քայլը, երրորդ քայլը, այսինքն` սա տեւական գործընթաց է:
Քաղաքացիական հասարակության մոդելն է, ժողովուրդը իրացնում է իր իշխանությունը: Իրացնել իշխանություն՝ չի նշանակում անարխիա, քանդել ամբողջ իշխանական համակարգը, դա նշանակում է, որ բողոքների, ցույցերի, ակցիաների միջոցով է ժողովուրդը իրացնում իշխանությունը, եւ սա նորմալ պրոցես է: Եթե որեւէ մեկը սրա տակ քաղաքական բան տեսավ, դա արդեն պրոբլեմ է, որովհետեւ սա քաղաքացիական գործընթաց է, եւ ցավն այն է, որ իշխանությունները չգիտեմ ինչ մակարդակով փորձում են քաղաքականացնել մեր քաղաքացիական պրոցեսները: Մենք սադրանքի չենք տրվելու, բայց եթե տեսենք, որ ինքը շատ է խորանալու, շատ է քաղաքականացվելու, էդ դեպքում թող ոչ ոք ոչ մեկից չնեղանա»:
Մեր դիտարկմանը, թե Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խնդրանքին անսալով՝ գյումրեցիները անհնազանդության ակցիաներ չէին սկսել, հիմա էլ եթե Սրբազանը հորդորի ոտքի չկանգնել, ակտիվիստները կընդառաջե՞ն, Կարեն Պետրոսյանն ասաց. «Այսօր արդեն այդ ժամկետը սպառվում է, որովհետեւ քաղաքացիական հարցերով շահագրգիռ մարդիկ ասում էին, որ կսպասենք մինչեւ առաջին իրավական գործընթացը մեր կողմից, իսկ մեր կողմից առաջին իրավական գործընթացը կարող է լինել ասենք ցուցմունք տալը, այս պահից որեւէ մեկի հորդորն այլեւս չի գործում»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ