Հարցազրույց «Կարին» ավանդական երգի ու պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ
– Պն. Գինոսյան դեռ նախորդ տարիներից աշխարհասփյուռ հայությունը անհամբեր սպասում էր ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին, հույս ունենալով, որ աշխարհը մեծամասամբ ուշադրություն կդարձնի ու ինչ որ քայլերի կգնա: Այժմ արդեն ամիսներ են անցել այդ օրվանից, ինչպես կմեկնաբանեք աշխարհի վերաբերմունքը մեզ հետ կատարվածի մասին:
– Մենք կրկին մեր ճանապարհն այլընտրանքի փնտրտուքի ենք վերածել, մենք կրկին փրկությունը դրսից հուսալու մոլուցքով ենք տարված, և կրկին մեզանից վանում ենք մեր ներուժին հավատալու կամքը: Մեր գործողությունների վեկտորը ոչ թե դեպի դուրս, դեպի աշխարհին պետք է ուղղված լիներ, այլ դեպի ներս: Մինչև մենք չվերափոխենք մեզ, և մենք ազգովի չփոխվենք, և նոր սերնդի մեջ արմատախիլ չանենք ցեղասպանվածի բարդույթը, ապա դեռ շատ երկար ենք փորձելու աշխարհի հոգուն ուղղված մեր ձայնը հնչեցնելու որպես՝ Ձայն բարբառո հանապատի….
– Այն ահռելի միջոցները, որ վատնվեցին աշխարհին ավելի դյուրին ներկայացնելու համար մեր կոտորածը, ըստ ձեզ ի՞նչ որ արդյունք տվեց: Մի՞ թե այդ ամենը անօգուտ էր:
Կարդացեք նաև
– Վստահաբար ոչինչ անհետ չի կորչում, բայց և ֆիզիկայում ՕԳԳ հասկացողությունը կա, ինչքանով է այն արդյունավետ, և ինչքանով է արդարացված այդ միջոցների ծախսը, և ի սկզբանե մենք գործունեության ռազմավարություն ունենք, թե ուղղակի մեր վիրավորված ինքնասիրությունն ենք փորձում բավարարել, և ինքնախաբեության հերթական դրսևորումն է…
– Արդյոք նման կերպով մենք մեր նոր սերնդին ճիշտ ազգային հոգեբանություն ենք կտակում: Մի՞ թե նրանք պիտի դաստիարակվեն նման հողի վրա:
– Յուրաքանչյուր ազգ իր դրոշի վրա հաղթանակներ ու հերոսների անուններ է գրում, իսկ մեր դրոշի ամբողջ լայնությամբ, այնպես, որ անգամ դրոշն է աննկատ դառնում, գրել ենք.
Ց Ե Ղ Ա Ս Պ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն…
Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն ասում էր. Սուգը հավերժ է եթե պայքար չկա… Պայքարի ոգին է պետք կրկին բոցավառել և հնարավորինս արմատախիլ անել ցեղասպանվածի հոգեբանությունը:
– Ի՞նչ եք կարծում նոր սերունդը ի վիճակի է հաղթահարել գլոբալիզացման խնդիրները և պահպանել ազգային ինքնությունը: Համարո՞ւմ եք դուք, որ հիմա մենք գոյության կռիվ ունենք:
– Հայոց ռազմի մարգարեն պիտի ասեր. Անվերջ և անդադրում վերանորոգչական աշխատանք է կյանքը: Գոյության կռիվը անվերջ է, և երբեմն հաջող է ընթանում, երբեմն թերանում ենք, և երբ թերանում ենք ավելի ենք բարդացնում հաջորդ սերունդների առաքելությունը և լինելիության կռիվը: Նժդեհն ասում էր նաև, որ բոլոր տեսակի իզմ-երը խորթ են հային, նույն թվում նաև գլոբալիզմ, կամ գլոբալիզացիա: Իսկ այն հաղթահարելու համար մի բանաձև կա լիարժեքորեն պահպանել ազգային ինքնությունը, ներդաշնակվել, հարազատանալ ազգային ինքնությանն ու հնարավորինս ինքնաճանաչ լինել, և անձնական և ազգային տեսանկյունից:
Մենք միանշանակ կվերապրենք դեռ շատ ու շատ իզմ-եր, և գլոբալիզացիաներ, սակայն կարևոր է, որ այդ պայքարում չփշրվենք և փշրանքները չհասցնենք մեր ազգի պատմության հաջորդ էջ, այլ մի այնպիսի նոր էջ կերտենք, որ գալիք սերունդները այն ամոթից պատռել, դեն նետել չուզենան, այլ ձգտեն այն մեր պատմագրքի տիտղոսաթերթ դարձնել…
– Դուք հավատո՞ւմ եք նոր սերնդին:
– Ես համոզված եմ, որ գալիս է մի սերունդ, որն ի տարբերություն իրենից ավագների ոչ միայն ազատագրված են խորհրդային կաղապարներից, ցեղասպանվածի և փոքր ազգի բարդույթից: Եթե այսօր ի հայտ եկող սերնդի ուսուցիչ սերունդը, մի փոքր զգաստանա, համեստանա և իր ես-ը սպանի հանուն ՄԵՆՔ-ի, ինքն իրեն դարձնի պատվանդան նոր սերնդի վաղվա հրաշակերտումի, ապա մենք վաղն ականատես կլինենք նոր սերնդի ոգեղեն մի շքերթի, տիեզերական երթի, որն ի տարբերություն մեր սերնդի, որը դեռ շարունակում է վախենալ այլևայլ իզմերի առյուծներից, նոր սերունդն այլևս իրենից դուրս առյուծ չի ճանաչելու..