Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էգոյանի գաղտնի լավությունը, Թանկյանի երաժշտությունն ու «1915» ֆիլմը

Հուլիս 14,2015 14:47

«1915» ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որն ավելի հաճախ անվանում են հոգեբանական առեղծված: Այն մեր անցյալի, մեր հիշողության մասին է: Այն մասին, թե ինչպես են անցյալի ուրվականները շարունակում մեզ հետապնդել՝ որտեղ էլ լինենք»,- ասում է ֆիլմի համահեղինակ, ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այս ֆիլմով ինքն ու ֆիլմի մյուս հեղինակը՝ ռեժիսոր Ալեք Մուհիբյանը, փորձել են մարդկանց զգացմունքները, հիշողություններն ու մտքերն արթնացնել:

ԱՄՆ-ում արտադրված 82 րոպե տևողությամբ «1915» ֆիլմն այս տարի ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:

Ֆիլմը հայ հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել է այս տարի՝ ապրիլի 25-ին: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը (կերպարը՝ Սիմոն), Սեմ Փեյջը (Ջեյմս), Անժելա Սարաֆյանը (Անգելա), Նիկոլայ Քինսկին (Թոնի):

Երաժշտությունը գրել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Ահա թե ինչպես է դա եղել. «Ֆիլմի սցենարի առաջին կարդացողներից մեկը Ատոմ Էգոյանն էր: Նա շատ հավանեց սցենարը, ոգևորեց մեզ ու խորհուրդ տվեց անպայման նկարահանել այն: Էգոյանը սովորություն ունի գաղտնի լավություններ անելու: Ու այդ լավություններից մեկն էլ այն էր, որ մի օր ես ու Ալեքը հանդիպեցինք Սերժ Թանկյանի հետ: Սերժը պատմեց, որ Ատոմն իրեն ասել է, թե մենք լավ սցենար ունենք, և ինքն ուզում է երաժշտություն գրել դրա համար: Նա կարդաց սցենարը, հավանաբար ոգևորվեց դրանից, որովհետև ֆիլմը դեռ չնկարահանած՝ սկսեց երաժշտություն գրել, որն ինքնին խոսում է ֆիլմում արծարծված թեմայի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Կարին Հովհաննիսյանը:

Ֆիլմի սյուժեն հետևյալն է. Հայոց ցեղասպանությունից ուղիղ մեկ դար անց ռեժիսոր Սիմոն Մամուլյանը Չարլի Չապլինի հիմնադրած «Լոս Անջելես» թատրոնում որոշում է բեմադրել մի ներկայացում, որով հարգանքի տուրք կմատուցվի Եղեռնի զոհերի հիշատակին։ Նրա ներկայացման թեման վիճահարույց լինելու պատճառով «սրերով» է ընդունվում հատկապես այն դրվագի պատճառով, որ հայ կնոջ փրկությունը թուրք գնդապետի միջոցով է տեղի ունենում: Ոմանք սա համարում են ոչ հարգալից վերաբերմունք Եղեռնի զոհերի հիշատակի հանդեպ, ինչի արդյունքում էլ շրջափակում են թատրոնը, սպառնալիքներով նամակներ ու զանգեր ուղղում ռեժիսորին, վախ տարածում պրոդյուսերի և դերասանների շրջանում։ Սիմոն Մամուլյանի մտահղացումը բավականին վտանգավոր է, բայց չէ՞ որ անցյալի ուրվականներն ամենուր են: Նրանք սպասում են անցյալի ու ներկայի կամրջմանը՝ հիշողության միջոցով: Դերասաններից մեկն առաջարկում է փոխել պատմության ավարտը, գեղեցկացնել, բայց Սիմոնը անդրդվելի է՝ Ցեղասպանությունը դրական ավարտ չի ունեցել, պատմությունը չի կարելի գունազարդել: Ներկայացումը, այնուամենայնիվ, բեմադրվում է, իսկ ֆիլմն ավարտվում է փրկված Անգելայի շուրթերց հնչող «Արի իմ սոխակ» հայտնի օրորոցայինով, որը, ի դեպ, նաև որպես բնաբան է ընտրված ֆիլմի համար:

Կարին Հովհաննիսյանն ասում է, որ Ալեք Մուհիբյանի հետ ի սկզբանե իրենց առջև երկու խնդիր են դրել՝ Ցեղասպանությունից անտեղյակ մարդկանց ներկայացնել՝ ինչ է եղել հարյուր տարի առաջ, և նոր սերնդին այդ ամենը մատուցել ժամանակակից ձևով: «Նման ֆիլմերը, սովորաբար, դատապարտված են տապալման, որովհետև այս երկու խնդիրներն են փորձում լուծել: Դրա համար դրանք չեն կարող լինել զուլալ, սինեմատիկ փորձառություն: Տանջված ֆիլմեր են սրանք և բեռ ունեն: Սցենարը գրելիս, նկարահանելիս, դերասանների հետ աշխատելիս մենք մեզ ազատ չենք զգում, որ արվեստի բարձրակետին հասնենք, թողնենք մեր երևակայության թռիչքը ժայռերով ու լեռներով մեզ տանի «անհաս փառքի ճամփա», որովհետև մենք գործ ունենք անելու, մենք պատմություն ունենք, և նրա ծառաներն ենք»,- ամփոփեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարը՝ Լիլիթ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031