«Հյումն Րայթս Վոտչ» կազմակերպությունը հրապարակել է «Ինձ մնում է միայն արտասվել» քաղցկեղը եւ պալիատիվ խնամքի համար իրականացվող պայքարը Հայաստանում» զեկույցը: Զեկույցը հիմնված է Երեւանում եւ Հայաստանի Հանրապետության 8 այլ քաղաքներում հիվանդների, նրանց ընտանիքի անդամների, առողջապահական ոլորտի մասնագետների, պետական պաշտոնյաների եւ հիվանդների իրավունքների պաշտպանության խմբերի եւ հասարակական կազմակերպությունների հետ իրականացված ավելի քան 90 հարցազրույցների վրա:
Հուլիսի 14-ին կազմակերպության անդամները լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեցին զեկույցը: «Հյումն Րայթս Վատչ»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Ռեյչլ Դենբերը հայտարարեց, որ կազմակերպությունը ծրագիրը իրականացրել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Մեքսիկայում. «Մենք ընտրել ենք Հայաստանը երկու գլխավոր պատճառով: Առաջինը՝ Հայաստանը Եվրոպայում ունի ուժեղ ցավազրկողների հասանելիության ամենախիստ կանոնները, որոնք կարող են մեղմել ցավը: Նաեւ մենք ընտրել ենք Հայաստանը, որովհետեւ տեսել ենք, որ Հայաստանում փոփոխության ներուժ կա. կառավարությունը տեղյակ է խնդրի մասին, կառավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանում պալիատիվ խնամքի վերաբերյալ: Այսպիսով՝ մենք տեսնում ենք, որ այստեղ փոփոխության ներուժ կա, բայց այստեղ արտակարգ իրավիճակ է. փոփոխությունները շատ դանդաղ են տեղի ունենում, եւ այդ պատճառով ենք մենք այս զեկույցը հրապարակել: Միեւնույն ժամանակ, ինչ մենք խոսում ենք պալիատիվ խնամքի մասին, շատ մարդիկ սարսափելի ցավով տառապում են, այդպես չպետք է լինի»:
«Հյումն Րայթս Վատչ» կազմակերպության հետազոտող Գեորգի Գոգիան հայտարարեց, որ հիվանդը կարող է խուսափել այդ սարսափելի ցավերից մորֆինի միջոցով. «Դժբախտաբար, իրականությունն այն է, որ բավականին պարզ դեղամիջոցը Հայաստանում հասանելի չէ: Հետազոտությունը ցույց է տալիս, որ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, ավելի քիչ քան 3 տոկոսին է հասանելի»:
Նա հավելեց, որ միայն քաղցկեղով հիվանդները չէ, որ սարսափելի ցավեր են ունենում եւ Հայաստանում հնարավորություն չկա ձեռք բերել ուժեղ ցավազրկող միջոցների կարիքն ունեցողների համար: Գեորգի Գոգիան նշեց, որ ուժեղ ցավազրկող միջոցներ ստանալու համար Հայաստանում հիվանդը պետք է մի քանի քայլ կատարի, եւ այդ քայլերը պետք է ամեն օր կամ երկու օրը մեկ անգամ կրկնի, իսկ ստացված դեղամիջոցը ցավազրկում է 4 ժամ, այսինքն՝ մնացած 20 ժամը ցավերը շարունակվելու են: Գերոգի Գոգիան ընդգծեց, որ այդ ամենից կարելի է խուսափել, պարզապես պետք են համապատասխան կարգավորումները: Նա նշեց, որ Հայաստանում կարգավորող փաստաթուղթը, որով ուռուցքաբանը կարող է նշանակումներ կատարել, 1994 թվականին է ստորագրվել. «Ամբողջ երկրում բոլոր ուռուցքաբանները ունեն դա, նրանք ունեն փաստաթղթի պատճենի պատճենը: Այնքան շատ են պատճենահանել դա, որ նույնիսկ ընթերցանելի չէ: Բայց դա փաստաթուղթ է, որի օգնությամբ բժիշկը նշանակումներ է անում: Սա պետք է փոխվի, կառավարությունը կարող է դա փոխել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ