Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի քաղհալածյալ ներկայացուցիչները պահանջում են քննչական մարմնի կողմից ապօրինաբար պահվող իրենց գույքը

Հուլիս 14,2015 13:28

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին

ՀՀ քննչական կոմիտեում քննվող 69100615 քր. գործով

կազմված քննչական խմբի ղեկավարին

 

Պատճենը՝

Հայաստանի Հանրապետությունում

հավատարմագրված օտարերկրյա պետությունների և

միջազգային կազմակերպությունների

դիվանագիտական ներկայացուցչություններին

Հայաստանյան և միջազգային

իրավապաշտպան կազմակերպություններին

 

69100615 քր. գործով մեղադրյալներից և

նրանց առնչվող անձանցից ու միավորումներից

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԻՄՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեում քննվող 69100615 քր. գործով մեղադրյալների բնակարանների, ինչպես նաև նրանց համար որպես աշխատանքի վայր ծառայող գրասենյակների՝ 2015 թ. ապրիլի 7-ին կատարված խուզարկությունների ժամանակ, ի թիվս այլ իրերի և փաստաթղթերի, առգրավվել է մեղադրյալներին և այդ գրասենյակներում գործող հասարակական և քաղաքական միավորումներին ու դրանց այլ անդամներին պատկանող հետևյալ գույքը.

1.      Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանին պատկանող մեկ դյուրակիր համակարգիչ,

2.      Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանին պատկանող և Սարդարապատ ազգային-քաղաքական նախաձեռնության կարիքների համար օգտագործվող երկու սեղանի համակարգիչ,

3.      Վարուժան Պարսամի Ավետիսյանին պատկանող երկու դյուրակիր համակարգիչ,

4.      Վարուժան Պարսամի Ավետիսյանին պատկանող երեք բանկային պայմանագրերի բնօրինակներ և չորս բանկային քարտեր,

5.      Գևորգ Վալերիկի Սաֆարյանին պատկանող մեկ դյուրակիր համակարգիչ,

6.      Գևորգ Վալերիկի Սաֆարյանին պատկանող մեկ տպագրական մեքենա,

7.      Գևորգ Վալերիկի Սաֆարյանին պատկանող և Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության, ինչպես նաև տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կարիքների համար օգտագործվող երկու բարձրախոս,

8.      Հարություն Կարենի Աղլամազյանին պատկանող և Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության, ինչպես նաև տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կարիքների համար օգտագործվող չորս բարձրախոս և ևս մեկ ինքնաշեն բարձրախոս,

9.      «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, պետական գրանցման փաստաթղթերը, գործավարության փաստաթղթերը և կլոր կնիքը,

10.  «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությանը պատկանող մեկ սեղանի համակարգիչ,

11.  «Հայ-Իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, պետական գրանցման փաստաթղթերը և կլոր կնիքը,

12.  «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, պետական գրանցման փաստաթղթերը և գործավարության փաստաթղթերը,

13.  Կարո Հակոբի Եղնուկյանին պատկանող և «Հայ-Իրանական բարեկամություն»  և «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպությունների և «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի ու Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության կարիքների համար օգտագործվող երկու սեղանի համակարգիչ:

14.  Արմեն Գրիգորյանին պատկանող և Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանի կողմից օգտագործվող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան:

Նշված ավտոմեքենան, համակարգիչները, բարձրախոսները, փաստաթղթերը, կնիքները և բանկային պայմանագրերն ու քարտերը անհրաժեշտ են մեղադրյալների անձնական, մասնագիտական և հասարակական-քաղաքական գործունեությունը, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության, նրա գույքից հասարակական անվճար հիմունքներով օգտվող տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների, Սարդարապատ ազգային-քաղաքական նախաձեռնության, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում», «Հայ-Իրանական բարեկամություն» ու «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպությունների և «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի բնականոն գործունեությունն ապահովելու համար:

Քննչական մարմինը, գործելով ռեժիմի պատվերով ու թելադրանքով, անհիմն կերպով հարուցված և ապօրինի կերպով քննվող 69100615 քր. գործը ծառայեցնում է մեղադրյալների, ինչպես նաև նրանց և նրանց աջակիցների մասնակցությամբ գործող վերը նշված քաղաքական և հասարակական միավորումների ու քաղաքացիական նախաձեռնությունների բնականոն գործունեությունը հնարավորինս խոչընդոտելու նպատակով, ինչը քաղաքական հալածանքի յուրատեսակ դրսևորում է:

Մասնավորապես՝ անհեթեթ է համակարգիչները սեփականատերերին չվերադարձնելու հանգամանքը, քանի որ դրանցում առկա տեղեկությունը կարելի է պատճենել այլ կրիչի վրա, որից հետո դրանք այլևս անհրաժեշտ չեն լինելու քննության համար:

Անհեթեթ է նաև Արմեն Գրիգորյանին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան չվերադարձնելու հանգամանքը, որովհետև այն ոչ մի նշանակություն չունի քր, գործի քննության համար:

Բացի այդ՝ քննչական մարմնի մոտ Վարուժան Ավետիսյանին պատկանող բանկային պայմանագրերը և դրանց կից՝ բանկային գաղտնի կոդեր պարունակող փաստաթղթերն ու բանկային քարտերը պահելը քննչական մարմին հնարավորություն է ընձեռում ապօրինի կերպով մուտք գործելու նրա բանկային հաշիվներ և ստանալու օրենքով միայն նրան և բանկին հասանելի տվյալներ: Միևնույն ժամանակ՝ Վարուժան Ավետիսյանը փաստաբան է (արտոնագիր 1339), սակայն  համակարգիչներից, բանկային փաստաթղթերից ու քարտերից զրկված լինելով, չի կարողանում իրականացնել բնականոն մասնագիտական գործունեություն: Նա օրենքով սահմանված կարգով դիմել է քննչական մարմին՝ համակարգիչները, բանկային պայմանագրերն ու քարտերը հետ ստանալու խնդրանքով, սակայն մերժում է ստացել՝ քննության համար դրանց անհրաժեշտության պատճառաբանությամբ:

Ռեժիմի պատվերով ու թելադրանքով քննչական մարմնի կողմից իրականացվող հալածանքի պատճառով խախտվում են մեղադրյալների և նրանց հետ առնչվող անձանց՝ միջազգային իրավունքով ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվող քաղաքական ու քաղաքացիական իրավունքները, ինչպես նաև սահմանափակվում է սույն դիմումում նշված քաղաքական ու հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունը:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ պահանջում ենք վերադարձնել անհիմն և ապօրինի կերպով քննչական մարմնում պահվող՝ սույն դիմումում թվարկված գույքը:

 

ԴԻՄՈՂՆԵՐ՝

 

1.      69100615 քր. գործով մեղադրյալներ՝

 

·         Ժիրայր Սիմոնի Սէֆիլյան

·         Գարեգին Բաբկենի Չուգասզյան

·         Պավել Ռազմիկի Մանուկյան

·         Վարուժան Պարսամի Ավետիսյան

·         Գևորգ Վիտալիկի Սաֆարյան

 

2.      Քննչականի մարմնի անօրինական գործողություններից տուժող այլ քաղաքացիներ և միավորումներ.

 

·         Կարո Հակոբի Եղնուկյան,

·         Հարություն Կարենի Աղլամազյան,

·         Հիմնադիր խորհրդարան ազգային քաղաքական նախաձեռնություն (նախագահ՝ Գարեգին Չուգասզյան),

·         Սարդարապատ ազգային-քաղաքական նախաձեռնություն (համակարգող՝ Ժիրայր Սէֆիլյան)

·         «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպություն (նախագահ՝ Ժիրայր Սէֆիլյան),

·         «Հայ-Իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպություն (նախագահ՝ Էմիլ Աբրահամյան),

·         «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպություն (նախագահ՝ Վարուժան Ավետիսյան),

·         «Իրավունք և աջակցություն» հիմնադրամ (տնօրեն՝ Գագիկ Սարուխանյան):

 

14-ը հուլիսի 2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031