Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործում դեռ չկան մեղադրյալներ:
Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործում ներգրավված են 237 քաղաքացի, նրանց մեծամասնությունը դեռ չգիտի՝ ինչ կարգավիճակով են գործում ներգրավված՝ որպես վկա՞, թե՞ կասկածյալ:
Հիշեցնենք, որ ըստ գլխավոր դատախազության հաղորդագրության, «2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը` սկսած ժամը 19:30-ից տևական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաև նստացույց կազմակերպելով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում, ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը` դրանով իսկ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը:
Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը տեղյակ չէ ինքը այդ քրեական գործում ներգրավված է , թե՝ ոչ:
Կարդացեք նաև
«Հունիսի 23-ի դեպքով ոստիկանները ինձ չեն կարողացել բռնել, իմ դեմ միայն վարչական վարույթն է հունիսի վեցի դեպքով, երբ բռնի կերպով ինձ ոստիկանություն տարան»:
Նա պատմեց, որ ինքը ոստիկանների գործողություններից տուժել է թե հունիսի 23-ին, երբ նրանց հետապնդումից ընկել ու ոտքն է վնասել եւ հունիսի վեցին՝ բերման ենթարկվելից: Ասաց՝ այդ օրը՝ ձերբակալման ժամանակ, ոստիկանների գործողություններից ձեռքերն էր վնասել:
Նրա խոսքով, ոստիկանությունում հրաժարվել են իրեն դատաբժշկի ուղեգիր տալ. «Փաստաբանս պահանջեց, որ վարչական վարույթում դա արձանագրվի, իրենք հրաժարվեցին արձանագրել, բայց փաստաբանս նշում կատարել է»:
Պարոն Կիվիրյանը ոչ իրավաչափ է համարում ոստիկանների գործողությունները եւ մտադիր է հակընդդեմ հայց ներկայացնել իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության հայցին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ