Հուլիսի 6-ին ոստիկանների կողմից բռնությունների ենթարկված ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը տուժող չի ճանաչվել: Հիշեցնենք, որ նա հոսանքի թանկացման դեմ պայքարի ժամանակ տարբեր վնասվածքներ էր ստացել Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվելիս, իսկ ոստիկանության Արաբկիրի բաժնից էլ անմիջապես տեղափոխվել հիվանդանոց:
Դավիթ Սանասարյանը Aravot.am-ին պատմեց, որ ոստիկանությունից իրեն ուղարկեցին դատաբժշկի ուղեգիր, բայց, քանի որ ինքը արդեն Ազատության հրապարակում հացադուլ էր սկսել, չկարողացավ գնալ. «12 ժամից հետո դատաբժշկի մոտ գնալն արդեն ուշ էր, իսկ ես երեք օր հացադուլի մեջ էի: Երկու անգամ հարված կերա գլխիս, առաջինը՝ երբ ոստիկանները քաշելով տանում էին, գլուխս հարվածեցի ասֆալտին, իսկ երկրորդ հարվածը ստացա, երբ կարմիր բերետավորը ոստիկանական մեքենայի մեջ այնպես հրեց, որ գլուխս ձողին հարվածեցի…մինչեւ հիմա կողերս ցավում են, բայց որեւէ կոտրվածք, գանգուղեղային ցնցում, նման բան բժիշկները չեն հայտնաբերել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ