«ճիշտ է մենք ունենք մանկական մահացության իջեցում, սակայն երբ նայում ենք տեսակարար կշռով, մահացած երեխաների 70 տոկոսը նորածիններն են, հետեւաբար մեր գործը նեոնատալ ծառայության ուժեղացումն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, որը մասնակցում էր «Մոր ու մանկան, դեռահասների առողջության պահպանման ազգային ծրագրերի ռազմավարության պլանավորում եւ արժեքների գնահատում» թեմայով միջազգային համաժողովին:
Այսօրվանից սկսած` հինգ օր շարունակ, աշխարհի 7 երկրից շուրջ 45 մասնակից կներկայացնեն սեփական երկրների ցուցանիշները, փորձի փոխանակում կանեն ու կծանոթանան զարգացած երկրների փորձին:
Դատելով հետխորհրդային երկրների մասնագետների ելույթներից, Հայաստանի առողջապահական ցուցանիշները մասնավորապես` մոր եւ մանկան առողջության, կրծքով սնուցման, մանկական մահացության` լավ վիճակում են: Այդուհանդերձ Կարինե Սարիբեկյանը գտնում է, որ նախադպրոցական տարիքի, դեռահասության շրջանի երեխաների խնդիրները` կապված հասակի թերաճ լինելու, սակավարյունության, վաղ մանկությունում կրծքով կերակրվելու կարճ ժամանակահատվածի հետ, դեռեւս մարտահրավեր են մեր երկրի համար: Տիկին Սարիբեկյանն ասաց, որ կառավարությունն արդեն ընդունել է հայեցակարգ` սնուցման ռազմավարությունն ուժեղացնելու նպատակով:
Տաջիկստանի ներկայացուցիչն ասաց, որ 100 հազար կենդանի ծնունդի հաշվով, մինչեւ մեկ տարեկան երեխաների 34 %-ը մահանում է: 100 հազար բնակչի հաշվով էլ, ամեն տարի 60-70 մայրական մահացության դեպք է գրանցվում:
Կարդացեք նաև
Մեր երկրում, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի տվյալներով, այդ ցուցանիշն այս տարի դարձել է 8,8 պրոմիլե` նախորդ տարվա 9,8 պրոմիլեի փոխարեն, ինչը նշանակում է, որ 1000 ողջ ծնված երեխաներից մինչեւ 1 տարեկանը մահանում է 8,8 երեխա: Տիկին Սարիբեկյանի խոսքերով, այս ցուցանիշներին նախարարությունը հասել է շարունակական ծրագրերի իրականացման արդյունքում, որոնց մեջ նա առանձնացրեց 2005թ.-ից իրականացվող նորածնային սկրինինգը:
Տաջիկստանի ներկայացուցիչը նշեց, որ իրենց երկրում խնդիր է մնում տնային պայմաններում ծննդաբերելու հարցը, տուբերկուլոզն ու մանկական հաշմանդամությունը: Ըստ Տաջիկստանի առողջապահության ոլորտի մասնագետի, Տաջիկստանում բնակչության գրեթե 70 տոկոսը բնակվում է լեռնային գոտիներում, ձմռանը կանայք չեն կարողանում հասնել հիվանդանոց եւ ծննդաբերում են տանը, ինչի հետեւանքով էլ մայրական եւ մանկական մահացությունների ցուցանիշը չի նվազում:
Մեզ հետ զրույցում տիկին Սարիբեկյանն ասաց, որ մեր երկրում հետնորածնային մահացությունների պատճառներից են փորլուծային եւ շնչառական հիվանդությունները, որոնք վերջին տարիներին բարձրանալու միտում ունեն:
Ըստ նրա, դեռահասության շրջանում խնդիրներ են վնասակար սովորությունները, սնուցման խանգարումները, վարքագծային սխալ դրսեւորումները:
«Արաբկիր» բժշկական համալիրին կից երեխաների, դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը, որը նաեւ պրակտիկ բժիշկ է, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մանկական մահացության կրճատմանը, մասնավորապես, նպաստել է հիվանդանոցային սերտիֆիկատի ներդրումը, ինչի հետեւանքով ավելի մեծ թվով երեխաներ սկսել են խորհրդատվություն ստանալ հիվանդանոցի բժիշկների կողմից, որոնք, առաջնային բուժօգնության օղակի մասնագետների համեմատությամբ, ավելի բարձր որակավորում ունեն:
Մեր այն հարցին, թե արդյոք մեր երկրում երեխաների մահացությունների թիվը ավելանում է նաեւ այն պատճառով, որ ծայրահեղ վիճակում են դիմում բժշկական օգնությանը, եւ փորձում են տան պայմաններում երեխաներին բուժել, պարոն Սարգսյանն ասաց. «Չէի ասի, որ սա հայկական սովորույթ է, 7 երկրում աշխատել եմ բոլոր տեղերն էլ կա նման բան, կարեւորն այն է, որ, եթե վերցնենք մեր ազգային եկամուտը եւ համեմատենք մեզ պես երկրների հետ, որոնք նույնքան եկամուտ ունեն, ապա, մենք շատ ավելի լավ վիճակում ենք մանկական մահացության ցուցանիշներով»:
Առողջապահության նախարարության Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց այն ծրագրերը, որոնք ուղղված են հանրային առողջության պահպանմանը: Տիկին Փաշինյանի ներկայացմամբ, 0-ից 5 տարեկան երեխաների 19 տոկոսը կարճահասակ է:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ