Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում». Աշոտ Հովակիմյան

Հուլիս 13,2015 16:40

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 11-13-ը Երևանում անցկացվում է «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսը, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին:

Կոնֆերանսին մասնակցելու համար այս օրերին Հայաստանում են գտնվում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների 45 պատվիրակներ:

2b-9362045266f5626f26dc663c

Կոնֆերանսի «Մշակույթի ապագան. ապագայի մշակույթը» խորագիրը կրող ամփոփիչ նիստը տեղի ունեցավ այսօր: Դրա ավարտին ընդունվեց Երևանյան հռչակագիրը, որով խստորեն դատապարտվում են վերջին շրջանում աննախադեպ չափերի հասած մշակութային վանդալիզմն ու բարբարոսությունը: Հռչակագրով հաստատվում է, որ յուրաքանչյուր ազգ իրավունք ունի մշակութային արժեքներ ստեղծելու և ներդաշնակ ապրելու:

«Դժվար է մշակութային ժառանգության հանդեպ ոտնձգություններին մեկ այլ որակում տալ, քան մշակութային ցեղասպանություն,- ամփոփիչ նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը,- քանի որ ցեղասպանությունը որևէ ժողովրդի ոչ միայն ֆիզիկական բնաջնջումն է, այլև մշակութային ժառանգության ոչնչացումը, որը կարող է վերացնել ժողովրդի հետքը մարդկության հիշողությունից ու պատմությունից»:

Փոխնախարարն ընդգծեց, որ մշակութային և կրոնական ժառանգության հետևողական, միտումնավոր և շարունակական ոչնչացումը պետք է դատապարտվեն նույն վճռականությամբ, ինչ մարդկության դեմ բռնությունը: «Մշակույթն անհերքելի դերակատարում ունի կայուն զարգացման գործում, որի հրամայականն այսօր առավել քան արդիական է: Այս պարզ գիտակցումը մարդկության կողմից կարող է հզոր խթան հանդիսանալ ոչ միայն տնտեսական զարգացման, կյանքի որակի բարելավման, այլև աշխարհում կայունության և խաղաղության ամրապնդման համար»,- ասաց նա:

2db0998

Ըստ Աշոտ Հովակիմյանի՝ եռօրյա կոնֆերանսի ընթացքում հնչած ամենակարևոր ուղերձներից մեկն այն էր, որ աշխարհը հարուստ և բազմերանգ դարձնող մշակութային ժառանգությունը պետք է ծառայեցնել ժողովուրդների միջև երկխոսության և փոխըմբռնման կայացմանն ու խորացմանը, այլ ոչ թե օգտագործել քաղաքական նպատակներով՝ թշնամանք սերմանելու և ժողովուրդների միջև արհեստական անջրպետներ ստեղծելու համար: «Մշակութային բազմազանությունը կարող է բարգավաճել միայն ժողովրդավարության, հանդուրժողականության, այլատյացության բացառման, ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի պայմաններում: Մշակութային բազմազանության պահպանումը նույնքան անհրաժեշտ է ներկա և ապագա սերունդների համար, որքան կենսաբազմազանության ապահովումն ու պահպանումը»,- ասաց նա:

Փոխնախարարը շեշտեց, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում, և որպես օրինակ հիշեց Ջուղայում հազարավոր հայկական խաչքարերի ծրագրավորված ոչնչացումը, որը միջազգային հանրության կողմից մնաց անարձագանք ու անպատիժ՝ պարարտ հող ստեղծելով Սիրիայում և Իրաքում նման ոճրագործությունների ու վայրագությունների համար: «Այն, ինչ տեսնում ենք այսօր, աննախադեպ է իր բնույթով ու չափերով: Հուսով եմ, որ ընդունված հռչակագիրն իր լուման կունենա համամարդկային մշակութային ժառանգության պահպանման գործում»,- ասաց նա:

«Անհրաժեշտ է կոչ անել միջազգային հանրությանը համագործակցության ուղղությամբ: Հակամարտության գոտիներում պետք է վերջ դրվի մշակութային արժեքների ոչնչացմանը»,- հավելեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակութային հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դ’Արմինիանը և նկատեց, որ կոնֆերանսից հետո ավելի հստակ է պատկերացնում՝ ինչ մարտահրավերներ կան այսօր և ինչ գործիքակազմ՝ դրանց դեմ պայքարելու համար:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ողջունեց մոտեցումը, որ պետք է միավորվեն՝ հանուն մշակութային ժառանգության պահպանության և ընդդեմ մշակութային ցեղասպանության:

Նա վստահեցրեց, որ շարունակելու են հավատարիմ մնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներին, զարգացնել համագործակցությունը, մշակութային քաղաքականությունը, մշակույթի կայուն զարգացումը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031