Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աննորմալ գների պատճառով արտերկրյա փորձագետներին անգամ Թբիլիսիով են Հայաստան հրավիրում

Հուլիս 13,2015 15:19

Ռիգայի գագաթաժողովում քննարկվել է Հայաստանի ավիացիայի, օդային կապի եվրոպական ընդհանուր ցանց մտնելու հարցը ու ֆիքսվել է փաստաթուղթ: Այս մասին Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցած «Ռիգայի գագաթաժողովի արդյունքները ԵՄ- Հայաստան հարաբերությունների համատեքստում» թեմայով սեմինարի ժամանակ տեղեկացրեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«Վիլնյուսում այդ կետը կար, հիմա Ռիգայում նույն ձեւակերպումն ունեցավ, սա հուզում է ողջ հայ ազգին՝ առանց բացառության, բոլորը բարեկամ, հարազատ ունեն Եվրոպայում, Ռուսաստանում, բոլորը գնում-գալիս են Հայաստան, էս ձեւի գներ, որոնք կան Հայաստանում, չկա աշխարհում, ուղղակի չկա… Ես հիմա Թուրքիայից, Եվրոպայից բերում եմ փորձագետ, գիտե՞ք ոնց եմ բերում, բերում եմ Թբիլիսի, մտցնում եմ Հայաստան, բայց սա նշանակում է լրջագույն կորուստ երկրի համար: Մեր կենտրոնը շատ մարդ է հրավիրում, բայց մենք տուրիստական ֆիրմա չենք, որ հազարավոր մարդ բերենք, մի հատ տուրիստական ֆիրմաների հետ խոսեք…Թբիլիսի-Ստամբուլ չվերթը 220 եվրո է, գնալ-գալը, հիմա համեմատություն անենք, Երեւանից Ստամբուլ գնալ-գալը 700 եվրո է դարձել, 500 եվրո է, բայց եթե ուշ ես վերցնում տոմսը, ասենք մի ամիս մնաց, թանկանում է: Ու գիտե՞ք մեզ ինչ են ասում, ես չեմ ուզում նշել տուրիստական կազմակերպության անունը, որպեսզի հակաքարոզչություն չդիտվի, էդ ֆիրման ասում են՝ տոմսը կարող եք վերցնել մի շաբաթ առաջ, հարցնում եմ՝ բա որ 1000 դոլար դառնա էդ ընթացքում, ասում են՝ կարող է դառնալ: Ես ասում եմ ծրագրի շրջանակներում եմ մարդ հրավիրում, ես ունեմ ինչ-որ բյուջե, դրանից ավել չունեմ, ասեք ո՞նց անեմ, չասացին: Հիմա 10 մարդ եմ բերում, 10-ին էլ բերում Թբիլիսիով, դե հիմա հաշվեք, թե ինչքան գումար կորցրեց Հայաստանը, բայց ես հայրենասեր եմ, ուզում եմ, որ էդ գումարը Հայաստանին մնա: Ուզում եմ այստեղի դրամարկղից գնեմ տոմսը, դուք գիտեք, որ դրամարկղի աշխատողը դրանից փայ ունի, եթե պիտի Թբիլիսիով բերեմ, մեքենա ուղարկեմ նրանց հետեւից, ծախս անեմ, լավ չէ՞, ստեղ բերեմ, ստեղ կերակրեմ նրանց, Հայաստանում ծախսն անեմ: Շանս չեն տալիս», -նեղվեց Ստեփան Գրիգորյանը:

Սեմինարի մասնակիցներից մեկը արձագանքեց, թե գիտե՞ք Հայաստանի «Դյութի ֆրին» ինչքան կորուստներ է կրում: «Դուք գիտեք, Դյութի ֆրիի համակարգը ինչ եկամուտներ է պետություններին բերում, մեծ, լուրջ թվեր են, միջին թվեր չեն, ստացվում է՝ եթե մենք հյուրերին բերում ենք Թբիլիսիով, դա պե՚՞տք է լինի մտահոգության թեմա, թե՞ չէ…», -շարունակեց Ստեփան Գրիգորյանը:

Սեմինարի մասնակիցներն արձագանքեցին, որ հյուրերին Թբիլիսիով Հայաստան բերելը հարվածում է նաեւ մեր երկրի վարկանիշին, ինչին ի պատասխան Ստեփան Գրիգորյանն ասաց. «Փորձագետը չի հասկանում, ասում է՝ ես կգամ Թբիլիսիով Հայաստան, բայց ինչո՞ւ Թբիլիսիով: Հիմա սա պրոբլեմ է, մենք բարձրաձայնել ենք, հուսով ենք, որ ինչ-որ շարժ կլինի: Մենք չենք ուզում աշխարհի հետ կապվել մի ուրիշ երկրի միջոցով»:

Ըստ Ստեփան Գրիգորյանի, նորմալ պայմաններ պիտի ստեղծվեն, որպեսզի Պրահայի չվերթի նման մատչելի չվերթը չփակվի:

Մասնակիցները նաեւ նշեցին, որ «Զվարթնոց»-ը իր պայմաններով հարմարավետ, գեղեցիկ է, անհամեմատելի է այն օդակայանների հետ, որտեղ ավիաչվերթի գները ցածր են, ուստիեւ ամեն պայման պետք է ստեղծվի, որ չվերթները չդադարեցվեն: Նրանք նաեւ նշեցին, որ Հայաստանյան ավիաչվերթների գներն ամենաբարձրն են, նույնիսկ Եվրոպայում նման գներ չկան:

Ստեփան Գրիգորյանը հիշեց նաեւ Սահակաշվիլուն, որը Օդեսայի նահանգապետի պաշտոնը ստանձնելով, որոշում էր կայացնում՝ ո՞ւմ հանձնել ավիաուղիները, որ ձեռնտու լինի: «Սահակաշվիլիին երբ Օդեսայի նահանգապետ նշանակեցին, եթե նայել եք՝ ավիացիայի Օդեսայի մասնաճյուղի հետ որոշում էր ընդունում՝ ո՞ւմ տալ գծերը, ինքը այդ ժամանակ շատ հասարակ բան էր ասում, հիմա Վրաստան տարեկան 5 միլիոն տուրիստ է մտնում, երբ Սահակաշվիլին իշխանության եկավ, 100 հազար էր: Հիմա ինքը ասում է գաղտնիք, շատ հասարակ մի բան, ասում է՝ ես ասենք Թբիլիսի-Ստամբուլ չվերթ էի բացում, իմ ժամանակ էլ սկզբից ամենաթանկ չվերթն էին ուզում վերցնել, ամբողջ հանձնաժողովին ձերբակալեցինք, տարանք, հետո ասացի՝ եթե դիմում չգրեք, գործ կհարուցենք, դիմում եթե գրեք, գնացեք: Բերեցինք նորմալ մարդկանց, որոնք մրցույթ էին անում: Պատկերացրեք, Եվրոպայից-Քութայիս մտնելը 50-60 եվրո է, 80 եվրո դարձրեցին, տեսնեիք ինչ մի սկանդալ էր Վրաստանում»:

Հնչեց նաեւ նման կարծիք, որ «Զվարթնոց» օդակայանի բարեկարգման համար արված ծախսերը չպետք է հանել մի քանի տարում՝ արդյունքում փախցնելով ավիաընկերություններին, թող մի քիչ էլ ուշ հանվեն ծախսերը, բայց Հայաստանն այսպես չպատվազրկվի ու տուժի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ panoramio.com կայքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031