Ռուսաստանը լքած եւ Լեռնային Ղարաբաղում ընտանիքի հետ բնակություն հաստատած գործարար, միլիարդատեր Գերման Ստերլիգովն այսօր Շուշիում մամուլի ասուլիսի ընթացքում առաջարկել է ԼՂՀ-ում ոսկյա եւ արծաթյա դրամներ դնել շրջանառության մեջ: «Ղարաբաղն ունի անհրաժեշտ բաղադրիչներ այդ ծրագիրն իրագործելու համար: Առաջին հերթին ոսկու առկայությունը, երկրորդը՝ Ղարաբաղը չճանաչված պետություն է եւ այդ պատճառով միջազգային բանկերը սահմանափակումներ չեն դնում նրա վրա»,- ասել է նա:
Նա առաջարկել է Լեռնային Ղարաբաղում աշխարհում առաջին տնտեսական օֆշորը ստեղծել: Ըստ նրա՝ ԼՂՀ նախագահը պետք է երեք հրաման արձակի. պլաստմասսե փաթեթների եւ շշերի վաճառքի արգելք, քիմիական լվացքի միջոցներից ամբողջական անցում բնականի եւ քիմիական պարարտանյութերի արգելք: «Առաջարկում եմ արդեն հիմա ավելացնել Ղարաբաղից Ռուսաստան ապրանքների արտահանումը, ստեղծել ռուս-ղարաբաղյան առեւտրի տուն եւ մատակարարել միայն մաքուր ապրանքներ»:
Գերման Ստերլիգովը պատասխանելով այն հարցին, թե ինչու է որոշել գալ Լեռնային Ղարաբաղ, նշել է, որ իր գլխավոր նպատակն էր ընտանիքի անվտանգությունն ապահովելը այն դեպքում, եթե իր հետ ինչ-որ բան պատահի: Նա ցանկանում է, որպեսզի իր երեխաները նորմալ մարդկանց հետ շփվեն. «Ես մոտավորապես մեկ ամիս առաջ եղել եմ Հայաստանում: Ինձ շատ է դուր եկել Հայաստանը: Ես հատկապես հավանել եմ այն, թե ինչպես են մարդիկ իրար հետ շփվում, իրար օգնում»:
Ստերլիգովը նաեւ նշել է, որ Հայաստան այցի ընթացքում գործարար Գագիկ Ծառուկյանն իրեն առաջարկել է երեխաների հետ գալ Ղարաբաղ, քանի որ այնտեղ ավելի լավ է. «Մենք պատրաստվում էինք գնալ Ղարաբաղ: Սակայն անակնկալ մեկնում եղավ Բելառուսից եւ ես արդեն գիտեի ուր գնալ: Ես գիտեի, որ երեխաները այստեղ անվտանգության մեջ կլինեն»:
Կարդացեք նաև
Նա հերքել է այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանում իրեն 15 տարվա ազատազրկում է սպառնում, ինքն ազգայնական «ԲՈՌՆ» բանդայի ղեկավարն է, եւ իր հողերում նրանք վարժանքներ են իրականացնում:
Մանրամասները՝ տեսանյութում
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ