Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաշատ բացակայող պատգամավորները տարեցտարի նույնն են մնում, բայց շարունակում են մնալ ԱԺ-ում

Հուլիս 13,2015 14:48

Parliamentmonitoring.am-ը հրապարակել է ԱԺ ավարտված նստաշրջանի ընթացքում պատգամավորների աշխատանքի մոնիտորինգի արդյունքները:

Ըստ այդմ` ամենաակտիվ պատգամավորը ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն է, ամենաշատը բացակայած պատգամավորը՝ ԲՀԿ խմբակցության անդամ Գագիկ Ծառուկյանը:

Ամենաակտիվներից են նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ՀԱԿ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը և Գագիկ Ջհանգիրյանը:

Ամենաշատ բացակայած պատգամավորների ցուցակը գլխավորում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, նրան հաջորդում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Այս շարքում են նաև Կարո Կարապետյանը, Հրանտ Բագրատյանը, Կարեն Կարապետյանը, Վարդան Օսկանյանը, Արագած Ախոյանը, Արմեն Բաբայանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Գևորգյանը:

PAP (BHK) MP Vahan Babayan and Heritage Party MP Tevan Poghosyan debate in Hayeli press club

Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանից հետաքրքրվեց՝ իր համար մտահոգիչ չէ՞ այն փաստը, որ տարեցտարի բացակայող պատգամավորները ըստ մոնիտորինգի արդյունքների` նույնն են մնում, սակայն նրանք շարունակում են մնալ ԱԺ-ում, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Պատգամավորն ընտրովի մարմին է, և պատգամավորի՝ ակտիվ և պասիվ աշխատանքի գնահատականը պիտի տան ընտրողները, ոչ թե պատգամավորները: Ուստի իմաստ չեմ տեսնում գնահատելու այլոց աշխատանքը: Ես մտահոգված եմ իմ աշխատանքի որակով, որ կատարեմ իմ աշխատանքը որակով ու ընտրողների շրջանում գնահատված լինեմ»:

Հարցին՝ արդյոք մոնիտորինգի արդյունքները արտահայտո՞ւմ են ԱԺ-ում պատգամավորների աշխատանքի օբյեկտիվ պատկերը, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Ուրախ կլինեի, եթե ինչ-որ կերպ լուսաբանվեր ոչ միայն բացակաների, ելույթ ունեցող-չունեցողների հարցը, այլ այն աշխատանքը, որ ԱԺ-ում չի կատարվում. օրինակ՝ հանդիպումներ ընտրողների հետ, նամակների արձագանք: Հույս ունեմ, որ առաջիկայում մոնիտորինգի ոլորտները կընդլայնվեն»:

Հարցին պատգամավորները լուրջ վերաբերվո՞ւմ են մոնիտորինգին, սպասո՞ւմ են արդյունքներին, պարոն Պողոսյանը պատասխանեց, թե այս հարցում ըստ Սահմանադրության՝ յուրաքանչյուր պատգամավոր կարող է ունենալ իր տեսակետը, բայց մոնիտորինգի իրականացումն անհրաժեշտ է:

Մեր դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ նեղսրտում են, որ իրենք լավ են աշխատում, իսկ իրենց կողքին պատգամավորներ կան, որ ոչինչ չեն անում, բայց շարունակում են մնալ խորհրդարանում, պարոն Պողոսյանն արձագանքեց. «Պատգամավորն ընտրովի մարմին է, ինքը հաշվետու է իր ընտրողների առաջ: Այս պարագայում խնդիր դնել, թե կողքինս ինչ է անում, ճիշտ չէ: Ի վերջո, դու կատարիր քո պարտականությունները պատվով ու ամբողջովին»:

Aravot.am-ը երկու օր առաջ հարցում էր ուղարկել Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանին: Հետաքրքրվել ենք՝ վերջին տարիներին Գագիկ Ծառուկյանը գլխավորում է ամենաշատը բացակայող պատգամավորների շարքը, հետևաբար հնարավո՞ր է գա մի պահ, որ Գագիկ Ծառուկյանն այլևս նպատակահարմար չգտնի ԱԺ-ում իր աշխատանքը և ինքնակամ հրաժարվի դրանից: Մինչև այժմ մենք պատասխան չենք ստացել: Պատասխանի դեպքում պատրաստ ենք հրապարակել նաև այդ տեսակետը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031