Լրահոս
Օրվա լրահոսը

…Որպես եւ մենք թողումք մերոց պարտապանաց. Կայանալու արվեստը

Հուլիս 13,2015 15:30

Ինչպես է ավելի հեշտ ապրել՝ վիրավորանքի քարերը շալակա՞ծ,
թե՞ քարերը փեշից թափած

Վերջերս Գերմանիայում դատարանի առաջ էր կանգնել նացիստական հանցագործներից մեկը՝ 93-ամյա Օսկար Գրյոնինգը: Նա մեղադրվում էր 300 հազար մարդու սպանությանը մեղսակից լինելու մեջ: Չնայած Գրյոնինգը Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում աշխատում էր որպես հաշվապահ, ինքը դատավարության ժամանակ ընդունեց իր մեղքը եւ ներողություն խնդրեց: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց: Բայց խոսքն այս դեպքում ոչ թե նրա, այլ Օսվենցիմի նախկին գերի Եվա Մոզես Կորի մասին է, որը մոտեցավ հանցագործին, սեղմեց նրա ձեռքը եւ ասաց՝ «ես ձեզ ներում եմ»:

Դատարանը ներել չի կարող, նա կարող է ասել՝ տվյալ անձը մեղավո՞ր է, թե՞ ոչ: Որովհետեւ դատարանը գործում է տվյալ պետության՝ այս դեպքում «Գերմանիայի ժողովրդի» անունից: Ներել կարող է միայն անհատը, դա նրա ընտրության իրավունքն է: Եվա Կորի արարքն արժանացավ նրա բախտակիցների քննադատությանը՝ ինչպե՞ս կարելի է ներել աններելին: Բայց Եվան դա անում էր ոչ հանուն հանցագործի, որի դեմ նա, ի դեպ, դատարանում ցուցմունք էր տվել, այլ զուտ ի՛ր համար: «Ես ամբողջ կյանքս տառապել եմ,- ասել է նա,- սկզբում նացիզմից, իսկ հետո նացիստների դեմ ատելությունից, եւ ես որոշեցի պարզապես ներել նրանց»: Որոշել է, այլ կերպ ասած, «քարերը փեշից թափ տալ»:

Իհարկե, շատ հնարավոր է, որ մարդկանց ձեր ներելուց ոչ պաղ լինի, ոչ էլ տաք: «Ներվածները» շատ հնարավոր է շարունակեն մտածել, թե իրենք ճիշտ են, այլ կերպ չէին կարող վարվել, որ դա իրենց կողմից ինքնապաշտպանություն էր եւ այլն: Բայց ձեր չարանալուց, քեն պահելուց եւ վրեժի ծրագրեր մշակելուց ձեր ատելության օբյեկտը, միանգամայն հավանական է, որ նույնպես բացարձակապես չի ազդվի: «Ներսում եռալուց», փեշի մեջ քինախնդրության քարեր գրկելուց ու քարշ տալուց դուք ոչ մեկին, բացի ձեզնից, վնաս չեք պատճառում: «Քարերը փեշից թափ տալուց» դուք ձե՛զ եք թեթեւացնում, ուրիշ ոչ մեկին: Հետեւաբար ներելու միջոցով որեւէ մեկին «ուղղելը» անհեռանկարային ծրագիր է, ներելը բացառապես մեզ է պետք: Խոսքը, կրկնեմ, անհատական, ոչ թե հասարակական, պետական որոշման մասին է. բնական է, որ, օրինակ, բռնություն կիրառողին պետք է դիմադրություն ցույց տալ եւ ամեն ինչ անել, որ նա պետության կողմից պատժվի: Այլ հարց է՝ պե՞տք է արդյոք սեփական հոգին աղտոտել քինախնդրությամբ, թե՞ ոչ:

Ներելու խորհուրդն, իհարկե, մեր՝ քրիստոնեական մշակույթի անբաժանելի մասն է: Աստվածաշնչում ասված է, որ պետք է ներել ոչ թե 7, այլ 70 անգամ 7 անգամ: Եվ դա, կարծում եմ, նաեւ զուտ գործնական խորհուրդ է՝ կյանքում հաջողությունների հասնելու համար: Ներելու նպատակն է ազատագրվել անպետք էմոցիոնալ բեռից, ինչը կօգնի մեզ ավելի հանգիստ ապրել եւ ավելի արդյունավետ ստեղծագործել, արարել:
Իհարկե, լավագույն եւ ամենաիմաստուն որոշումն է՝ ընդհանրապես չնեղվել եւ չվիրավորվել, այսինքն՝ չհայտնվել այնպիսի իրավիճակում, երբ դու ստիպված կլինես ներել: Ի վերջո, նեղվելն ու մեղադրելը նույնպես անիմաստ է, ավելի հեշտ է մարդկանց ընդունել՝ ինչպես նրանք կան՝ անհրաժեշտ որոշումներ ընդունելով նրանց մասին, բայց չվիրավորվելով եւ չմեղադրելով: Այդ դեպքում ներելու կարիք էլ չի լինի:

…Երկու բուդդիստ վանական՝ երիտասարդ եւ տարեց, ճանապարհ են ընկնում: Գետի մոտ նրանք տեսնում են մի երիտասարդ կնոջ, որը խնդրում է իրեն մյուս ափն անցկացնել: Երիտասարդը, իր ուխտի համաձայն, երես է թեքում եւ չի խոսում կնոջ հետ: Տարեցը գրկում է կնոջը եւ անցկացնում է մյուս ափը: Վանականները շարունակում են ճանապարհը: Մի երկու ժամ երիտասարդը բարկացած լռում է, բայց հետո չի դիմանում եւ սկսում է տարեցին հանդիմանել, թե ինչո՞ւ խախտեց ուխտը: Տարեցը ժպտում է եւ պատասխանում. «Ես այդ կնոջը վաղուց եմ գետնին դրել, իսկ դու այս երկու ժամվա ընթացքում շարունակում ես մտքում նրան գրկած պահել»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031