Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամյանի քվեարկության պատմությունը

Հուլիս 13,2015 15:00

Հակասական բանաձեւ, հակասական բացատրություններ

«Եթե մասնակցեինք քվեարկությանը, պիտի կողմ կամ դեմ քվեարկեինք: Կողմ քվեարկել չէինք կարող, քանի որ այդ փաստաթղթում մտել էր նաեւ ադրբեջանական պատվիրակության բանաձեւը, որտեղ տարածքային ամբողջականությունը գերակայում էր ինքնորոշման իրավունքին: Դեմ էլ չէինք կարող քվեարկել ամբողջին, քանի որ փաստաթղթում ներառված էին հանձնաժողովներում անցած բազմաթիվ առաջարկություններ եւ ուղղումներ, որոնց նաեւ մենք ենք մասնակցել, մեր առաջարկություններն էլ են եղել: Աշխատել ենք, ինչ-որ բաներ փոխել ենք տվել, ու հիմա, եթե վերջնական փաստաթղթում դեմ ենք քվեարկում, նշանակում է մեր առաջարկներին էլ ենք դեմ: Դրա համար որոշեցինք չքվեարկել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը` պատասխանելով Հելսինկիում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ընդունած հռչակագրի քվեարկության ժամանակ հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամների դիրքորոշմանը:

Հիշեցնենք, որ Հելսինկիում ավարտվեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, որը նաեւ հռչակագիր է ընդունել: Ավելի վաղ Ստեփան Մարգարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ հայ պատվիրակները բարդ դրության մեջ են հայտնվել, քանզի քննարկվող փաստաթղթերում տարածքային ամբողջականության սկզբունքը գերիշխում է ազգերի ինքնորոշման սկզբունքին, ու դրա դեմն առնելու մեր պատվիրակների ջանքերն առանձնապես արդյունք չեն տալիս: Հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը միակ պատգամավորն էր, որ դեմ է քվեարկել Հելսինկիում ընդունված հռչակագրին: Հայաստանյան պատվիրակության երկու ընդդիմադիր անդամները` ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը եւ ՀԱԿ-ից Ստեփան Դեմիրճյանը քվեարկությանը չեն մասնակցել:

Հելսինկյան հռչակագրում սուր քննադատություն կա նաեւ ՌԴ-ի հասցեին: Ստեփան Մարգարյանը Արտաշես Գեղամյանի քվեարկությունը դրանով չի պայմանավորում, քանի որ ավելի վաղ Ֆրանսիան, Շվեյցարիան եւ Հայաստանը հրաժարվել էին մասնակցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին ներկայացված հակառուսական բանաձեւի քվեարկությանը: Նրանք այդ քայլը պայմանավորել են հանդիպմանը ռուսական պատվիրակության բացակայությամբ: Խոսքը Կանադայի եւ Ուկրաինայի կողմից առաջարկվող համար 15 բանաձեւի մասին է` «Ռուսաստանի Դաշնության կողմից ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների եւ միջազգային նորմերի ակնհայտ, կոպիտ եւ չուղղված խախտումների շարունակության մասին» անվամբ: Բանաձեւում քննարկվում է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները: Ֆրանսիայի պատվիրակությունը հայտարարել է, որ իրավիճակը պետք է կարգավորվի երկխոսության միջոցով, եւ որ քննարկմանը պետք է ներկա լինեն երկու կողմերը: Հայաստանի ու Շվեյցարիայի պատվիրակությունները միացել էին այս դիրքորոշմանը: «Նույն կերպ վաղը կարող է մենք ներկա չլինենք, ու մեզ վերաբերող ինչ-որ որոշում կայացվի: Մենք այս դիրքորոշումը ճիշտ ենք հայտարարում»,- ասաց Ստեփան Մարգարյանը: Գեղամյանի քվեարկության մասին էլ հորդորեց խոսել Գեղամյանի հետ:

Հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանն էլ իր սկանդալային քվեարկության առիթով «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իր քվեարկության պատճառը շատ պարզ է. «ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում կոպտորեն խախտվել են ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերը. այն է` յուրաքանչյուր պատվիրակություն իրավունք ունի մասնակցելու իրեն վերաբերող բոլոր հարցերի քննարկմանը` լինեն դրանք տվյալ երկրին վերաբերող, թե ոչ: Եվ հելսինկյան հռչակագրի կոնստատացիայի մեջ կար կետ, որն անընդունելի էր մեզ համար. 1-ին գլխի չորրորդ կետում կոչ է արվում ԵԱՀԿ գոտում գտնվող հակամարտությունները կարգավորել տարածքային ամբողջականության սկզբունքով: Ժողովուրդների ինքնորոշման մասին խոսք չկա»: Հռչակագրի 45-րդ կետում կա ազգերի ինքնորոշման սահմանումը, որը պարտադրական մասում է: Արտաշես Գեղամյանը շարունակում է. «Ճիշտ է, կային կետեր, որոնք վատը չէին, բայց ես պետք է իմ դիրքորոշումը հայտնեի, առավել եւս, որ նախորդ օրը մենք միացել էինք Ֆրանսիայի, Շվեյցարիայի դիրքորոշումներին` ՌԴ-ին վերաբերող հարցի մասով»:

Թե ինչու հայաստանյան պատվիրակության անդամները քվեարկության ժամանակ միասնական դիրքորոշում չհայտնեցին` հարցն անպատասխան մնաց:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Թեւան Պողոսյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այս հռչակագրին ու հայաստանյան պատվիրակության ղեկավարի քվեարկությանը՝ նախ անդրադարձավ միջազգային տարբեր կառույցներում նմանօրինակ փաստաթղթերի ընդունմանը, երբ հիմնականում առանձին կետերով անդրադարձ էր արվում ԼՂ հարցին` նշելով, որ այդ հարցի կարգավորումը տեսնում են բացառապես Մինսկի խմբի համանախագահների ֆորմատում` հիմնված հելսինկյան եզրափակիչ ակտի վրա եւ այլն: Մեր զրուցակիցը հիշեցրեց նաեւ ՄԱԿ-ում քննարկվող Ուկրաինայի մասին հայտնի հռչակագիրը, երբ ընդամենը մեկ գիշերվա ընթացքում մեկնաբանություն հավելվեց, որ ճանաչվում է ազգերի ինքնորոշման իրավունքը, բայց անցկացվող հանրաքվեները պետք է տեղի ունենան բացառապես մայրաքաղաքի թույլտվությամբ: «Եթե Հայաստանն այդ տեսակի փաստաթղթին կողմ քվեարկեր, բնականաբար, դրանից հետո կունենայինք մի իրավիճակ, երբ ամեն տեղ կասեին` եթե դուք հարգում եք մայրաքաղաքի թույլտվության սկզբունքը, ապա ԼՂՀ-ում հանրաքվեները մենք չենք ճանաչում»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ինքը մանրամասն չգիտի, թե քննարկումների ժամանակ ինչ է տեղի ունեցել, ինչ մթնոլորտ է եղել, խնդիրը որն է եղել: Նա համամիտ է՝ ընդունված հռչակագրում կան կետեր, որոնք փաստում են հելսինկյան եզրափակիչ ակտի գերակայությունը, որտեղ բոլոր սկզբունքները հավասարազոր նշված են, բայց եթե քննարկումների տրամաբանությունը եղել է այն, որ առաջնություն է տրվում տարածքային ամբողջականության սկզբունքին, ապա գուցե Արտաշես Գեղամյանի քվեարկությունը ճիշտ որոշում էր: «Չմոռանանք` ԵԱՀԿ-ն նաեւ այն կառույցն է, երբ ժամանակին Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր վետո դնել լիսաբոնյան գագաթնաժողովի վերջնական փաստաթղթի վրա, որում ԵԱՀԿ-ն հարգում էր բոլոր միջազգային պարտավորությունների խնդիրներում նշված հավասարազոր սկզբունքները, բայց միաժամանակ նաեւ այլ մոտեցում բերեց: Չգիտեմ: Քանի դեռ մթնոլորտը պարզ չէ, թե ինչ է եղել, դժվար է ասել` քվեարկությունը ճի՞շտ էր, թե՞ ոչ»,- ասաց Թեւան Պողոսյանը: Նա կսպասի գործընկերների վերադարձին ու բացատրություններին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031