Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ճիշտ չեմ համարում, որ մեկ խնդրի, մեկ նպատակի համար պայքարը ունենում է տարբեր ճակատներ»

Հուլիս 13,2015 14:30

Հարցազրույց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ

– Տիկին Բիշարյան, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի հայտարարությանը, որով կոչ էր անում ընդդիմադիր կուսակցություններին վայր դնել իրենց մանդատները, պատասխանել էիք, «Շուշանյանի հայտարարությունը կապ ունի՞ ժողովրդի հետ, որը ձայն է տվել և մեզ խորհրդարան է ուղարկել», հետո նշել էիք, որ Դուք մի քանի հազար, տասնյակ հազարավոր մարդկանց ձայնն եք հարգում և աշխատում եք գոհացնել այդ քաղաքացիներին: Հաշվի առնելով, որ ինքներդ էլ հանդես եք եկել հայտարարությամբ, որ դեմ եք էլեկտրաէներգիայի թանկացմանը, այս պահին, որպես ձեզ ընդդիմադիր համարող կուսակցություն, ո՞րն է լինելու ձեր դերը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարում:

– Մանդատները վայր դնելու առաջարկը էլեկտրաէներգիայի դեմ պայքարի գործընթացը տեղափոխում է քաղաքական հարթություն: Եթե ի սկզբանե խնդիր էր դրված հարցը պահել սոցիալական հարթությունում, ապա մինչև խնդրի հանգուցալուծումը պետք է այն այդ հարթությունում էլ մնա: Հակառակ պարագայում պետք է նախաձեռնող խմբի անդամները հանդես գան նոր հայտարարությամբ, որպեսզի թե հանրությունը և թե քաղաքական ու հասարակական կազմակերպությունները հասկանան՝ ինչ խնդրի հետ գործ ունեն այլևս՝ քաղաքակա՞ն, թե՞ սոցիալական:

«Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորները, երիտասարդական թևի ներկայացուցիչները, ակտիվիստները Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոքի ցույցերին ի սկզբանե էլ մասնակցել են որպես սոցիալական բաղադրիչ ունեցող միջոցառման: Ինքներս, այնտեղ գտնվելով, երբեք էլ չենք փորձել հանրության արդարացի բողոքը քաղաքական հարթություն տեղափոխել կամ փորձել ազդեցություն ունենալ նախաձեռնող խմբի որոշումների կայացման վրա, թեպետ քաղաքական ամբիոններից բազմիցս ենք բարձրաձայնել խնդրի մասին: Մյուս կողմից, դիցուք, «Օրինաց երկիր» կուսակցությունը քաղաքական պատասխանատվություն է կրում տասնյակ հազարավոր մարդկանց առջև, ովքեր իրենց վստահության քվեն են տվել կուսակցությանը: Մեր հայրենակիցները ակնկալում են մեզանից իրենց խնդիրների բարձրաձայնում Ազգային ժողովի բարձր ամբիոնից, այդ խնդիրների լուծում՝ օգտագործելով նույն այդ մանդատը:

Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, ինչպես նաև քաղաքական տարատեսակ գործիքներ, որոնց տիրապետում է կուսակցությունը, մենք օգտագործում ենք՝ թույլ չտալու էլեկտրաէներգիայի թանկացում, քանի որ համարում ենք, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու ոչ միայն մեր ազգաբնակչության կենսամակարդակի, այլև տնտեսության վրա: Թե խորհրդարանական հարթությունում, թե հարթակային պայքարում մենք հնարավորինն անում ենք՝ ազդելու հոսանքի թանկացման որոշման բեկանման վրա: Ի դեպ, դուք հիշում եք, որ անցած տարի այս օրերին ՕԵԿ-ը Ազատության հրապարակում հանրահավաք էր անում՝ ընդդեմ էլէներգիայի թանկացման:

-Ինչպե՞ս եք գնահատում Էլէներգիայի սակագնի դեմ պայքարող նախաձեռնություններից «Ոչ թալանին»-ի մարտավարությունը: Մասնավորապես կուզեի լսել ձեր կարծիքը նախաձեռնության անդամների՝ միջազգային աուդիտին մասնակցելուց հրաժարվելու որոշման մասին: Արդյո՞ք ճիշտ է նրանց մտավախությունը, որ այս առաջարկությունը իշխանությունների կողմից արված հերթական «ձեւական քայլն է»:

-Որևէ մարտավարություն որդեգրելը երիտասարդների բացառիկ իրավունքն է: Ես նշեցի արդեն, որ մենք թե նախկինում, թե հիմա որևէ նպատակ չունենք մեր գործողություններով, հրապարակային արտահայտած տեսակետներով ինչ-որ ազդեցություն ունենալ երիտասարդների գործողությունների վրա, քանի որ ի սկզբանե այդ պայքարը դուրս էր քաղաքական հարթությունից:Ինչ վերաբերում է աուդիտին, այնպես չէ, որ մեծ ակնկալիքներ ունենք, բայց այնուամենայնիվ նաև ճիշտ չեմ համարում գնահատականներ տալ դեռևս տեղի չունեցած գործընթացներին: Նաև պետք է նշեմ, որ ինքս Ազգային ժողովի ամբիոնից կոչ եմ արել Հանրապետության գլխավոր դատախազին հետևողականություն ցուցաբերել ինչպես գազամատակարարման ոլորտի, այնպես էլ էներգետիկ համակարգում առկա բացթողումներին, չարաշահումներին և դրանց հետևանքով առաջացած այսօրինակ արատավոր իրողություններին: Ճիշտ կլինի, որ աուդիտի արդյունքում ոչ միայն ի հայտ գային այս իրավիճակի իրական պատճառները, այլև ալան-թալան անողները ենթարկվեին պատասխանատվության, որոնց մեղքով ժողովուրդը հայտնվել է այս ծանր դրության մեջ:

– Այս պահին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը տարբեր «ճակատներում» եւ տարբեր նախաձեռնող խմբերում է տարվում: Ի՞նչ եք կարծում՝ սա արդյունքի հասնելու արդյունավե՞տ, թե՞ պառակտող նշանակություն կարող է ունենալ:

– Չեմ կարող ենթադրություններ անել: Բայց կարող եմ արձանագրել հետևյալ փաստը՝ մենք ունենք իրենց, հայրենիքի ապագայով մտահոգ երիտասարդներ, ովքեր ունակ են, պատրաստ են պայքարելու և ծառացած խնդիրները լուծելու: Դա նշանակում է, որ մեր երկիրը իսկապես ապագա ունի: Միաժամանակ կարելի էր սպասել, որ կգտնվեն ուժեր, մարդիկ, ովքեր կփորձեն պառակտում մտցնել շարժման շարքերում՝ երիտասարդների պայքարի ֆոնին էժան միավորներ հավաքելու, ինքնահաստատվելու նպատակով: Կարծում եմ՝ մեր ժողովուրդը թացը չորից զատում է և հրապարակային պայքարի վերաբերյալ ունի իր գնահատականը: Մեկ խնդրի շուրջ պայքարի արդյունքում չէ, որ պետք է տալ գնահատական հասարակական և քաղաքական ուժերին: Սակայն պետք է նշեմ, որ ճիշտ չեմ համարում, որ մեկ խնդրի, մեկ նպատակի համար պայքարը ունենում է տարբեր ճակատներ և խմբավորումներ: Ես գտնում եմ, որ խնդրի դրական լուծման հասնելու համար հարկավոր է պայքարել հավաքական ուժով:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031