Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ուղարկել Գերման Ստերլիգովին Արցախ

Հուլիս 13,2015 14:00

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի մեկնաբանությունները

«Առավոտ»-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ է ռուս գործարար Գերման Ստերլիգովը տեղափոխվել բնակության Արցախ, մի՞թե նա ինքնակամ է որոշել, թե՞ կան որոշակի քաղաքական նպատակներ ու շահեր: «Նախ անհրաժեշտ է մի երկու բառով անդրադառնալ, թե ով է Ստերլիգովը, որպեսզի պատկերացում կազմենք, թե ինչու է ընտրել Արցախը: Առաջինը պետք է նշեմ, որ նա բոլոր գիտությունները համարում է սատանայական՝ բացի հնագույն լեզուների ուսումնասիրությունից եւ քրիստոնեական կրոնից: Ինքը իրեն համարում է ուղղափառ քրիստոնյա: Չնայած շատերը նրան մեղադրում են, որ քրիստոնեական աղանդավորական տեսության կողմնակից է, բայց ինքը իրեն համարում է քրիստոնյա, եւ այս առումով ես կարող եմ ասել, որ նրա համար շատ գայթակղիչ է Արցախը՝ պատմական Հայաստանի մարզերից մեկը, որտեղ կան բազմաթիվ եկեղեցիներ, ու ինչպես ռուս գործարարն է հայտարարում՝ Արցախը էկոլոգիապես մաքուր երկրամաս է: Նա երկրի էկոհամակարգի խախտման մեջ մեղավոր է համարում գիտնականներին, որոնց, ըստ նրա, մահապատժի պետք է ենթարկել:

Նա Արցախը ընտրել է նաեւ որպես հնագույն լեզուների սիրահար, ասենք՝ հայոց լեզուն ուսումնասիրելու: Նա նույնիսկ հնագույն լեզուների ուսումնասիրության ակումբ է բացել, որի նախագահը հենց ինքն է»,- ասում է Գագիկ Համբարյանը: Քաղաքագետը նշելով այս հանգամանքները՝ նաեւ իր կասկածներն է հայտնում այն մասին, որ Արցախ տեղափոխվելու որոշումը գործարարը կայացրել է ոչ միայն իր նախաձեռնությամբ, այլեւ համագործակցել է ռուսական պետական օղակների հետ: Քաղաքագետին նման կասկածներ հայտնելու առիթ է տալիս այն, որ 2004 թվականին ռուսական պետությունը Մոսկվայի մարզի Մոժայսկի շրջանում 37 հեկտար հող է տրամադրել գործարարին, որն ահռելի գումար է կազմում:

]Բացի այդ, Գագիկ Համբարյանի համոզմամբ՝ Գերման Ստերլիգովի նման անձնավորությունները միամիտ չեն հայտնվում Արցախի նման երկրներում ու Հարավային Կովկասի տարածաշրջանում, ուստիեւ, քաղաքագետի կարծիքով, պետք է հասկանալ, թե ով է ուղարկել կամ ինչն է ստիպել ռուս գործարարին ժամանել Արցախ: Մեր հարցին, թե ընդունենք՝ ռուսական իշխանություններն են նրան Արցախ ուղարկել, ո՞րն է այս դեպքում շահը, քաղաքագետը նշում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն իսկ իրենց վերլուծություններն են տպագրել այն մասին, որ գործարարը Արցախում կստեղծի նույն Սլոբոդան, բազմահազար ռուս ներգաղթյալներ կժամանեն Արցախ: Եվ սա Մոսկվային կպարտադրի ակտիվորեն ներգրավվել Արցախի հիմնախնդրի լուծման մեջ, եթե Ադրբեջանը փորձի ռազմական միջոցով վերականգնել իր կորցրած գերիշխանությունը Արցախում:

«Ըստ ադրբեջանցիների՝ Ստերլիգովին միտումնավոր են ուղարկել Արցախ, որ նա ձեւավորի ռուսական խոշոր համայնք, որի պաշտպանության համար Ռուսաստանը կարող է զորքեր ուղարկել Արցախ եւ արդեն իրավական առումով հայտարարել, որ ռազմական գործողությունների վերսկսման ժամանակ ինքը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիների անվտանգությունը: Սա ադրբեջանցիների տեսակետն է: Իհարկե, տարբեր վարկածներ կան, հիմա ռուսական ԶԼՄ-ներով քննարկվում է այն, որ ռուսական «Բոռն» ազգայնական ռազմական շարժման ակտիվիստներից մեկի դատավարության ժամանակ դատապարտյալներից մեկը ցուցմունք է տվել, թե Գերման Ստերլիգովի կողմից վերահսկվող Սլոբոդայում՝ Մոժայսկի տարածաշրջանի իր ֆերմայում կա գաղտնի ճամբար, որտեղ ռուս ազգայնականները ուսումնասիրում են մարտական արվեստներ: Սա եւս տեղեկատվություն է, թե ինչու Ստերլիգովը ժամանեց մի երկիր, որը միջազգայնորեն ճանաչված չէ, բայց միեւնույն ժամանակ սերտ կապեր ունի Հայաստանի Հանրապետության հետ, որը համարվում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում: Այսինքն՝ եթե վաղը-մյուս օրը որեւէ մեկը պահանջի Ստերլիգովին հանձնել Ռուսաստանին, ՀՀ-ն կարող է ասել, որ նա մեր տարածքում չի գտնվում, իսկ Արցախը կարող է չհանձնել նրան:

Երեկ Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Հիքմետ Հաջիեւը հենց հատուկ ուշադրություն է դարձրել այս հանգամանքին, որ Ստերլիգովը հանցագործ է, կարող է մեղադրվել, բացի դրանից՝ ինքը Արցախում կարող է լվանալ իր միլիոնները: Այսինքն՝ Ադրբեջանի համար ամենավտանգավորն այն է, որ Ստերլիգովը կարող է Արցախում ահռելի մեծ ներդրումներ կատարել: Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ չնայած Ստերլիգովը քաղաքականությունից եւ խոշոր օլիգարխիկ խաղից հեռու է իրեն պահում, բայց նա համարվում է Ռուսաստանի առաջին դոլարային միլիոնատերերից մեկը»,- ասում է Գագիկ Համբարյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ եթե անգամ ռուս գործարարը ներդրումներ չկատարի, նրա այցը մեծ PR է Արցախի համար, ինչպես որ ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը՝ Հայաստանի համար: Գագիկ Համբարյանի ասելով՝ ռուսական հեղինակավոր ԶԼՄ-ները Գերման Ստերլիգովի՝ Արցախ այցելելու ֆոնին ոչ միայն անդրադառնում են Արցախի հիմնախնդրին, այլեւ պատմությանը, որը ներկայացնում են բավականին օբյեկտիվ: Բացի այս, ըստ Գագիկ Համբարյանի, Գերման Ստերլիգովը առիթը բաց չի թողնում հայկական երկրորդ պետությունը գովազդելու:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Կարծում եմ լավ էլ արել է որ եկել է, թե իր համար, թե Արցախի: Մի ժամանակ նման վախեր ու բողոքներ են եղել նաեւ ցարի ժամանակ, մոլոկաններին Հայաստան աքսորելու հետ կապված: Բայց ինչ վնաս են բերել նրանք, օգուտից բացի? Պետք է հիշել որ սովորական կաղամբն ու կարտոֆիլը հիմնականում իրենք են բերել ու հայաստանում արմատավորել: Նաեւ աղացներ են սարքել, որ մինչեւ հիմա աշխատում են: Խաղաղ, ինքնաամփոփ ու չխառնվող մարդիկ են: Պետք է ուրախ լինենք միայն, որ երկրում աշխատող ու օգտակար մարդ է ավելանում՝ այն դեպքում երբ մերոնք տարբեր տեղեր են փնտրում ցրվելու համար: Իսկ ինչու հենց ղարաբախցիները առաջինը չեն գնում Շուշի? Ինչի է ծառայեցնում օրինակ քոչն իր միլիոնները? Թող առնի իր փողն ու գերդաստանը եւ մեկնի այնտեղ, գործ հիմնադրելու ու աշխատանք ստեղծելու, ասենք նաեւ սիրիահայերի համար: Գոնե մի մի ձեւով իր մեղքերը կքավի ու թերեւս ներման կարժանանա ազգի կողմից: Վերջը, շատ թարս ազգ ենք՝ մեր օգուտն ու վնասը դժվար ենք հասկանում: Հիմիկվանից հավարը դնում ենք ու վատը մտածում՝ – սա որ եկել է հաստատ մտքին գեշ բան կա՝ հեռավոր ապագայի կտրվածքով, բա ոնց!

    • Sevada says:

      Մոլոկանները նույնիսկ նրանք, որոնք աշխատում են տվյալ գյուղապետարանում հայերեն չեն սովորում խոսում եվ գրում են (նույնիսկ համայնքի ավագնու եվ ղեկավարի որոշումները, կարգադրությունները տեղեկանքները եվ այլն) միայն ռուսերեն: Իրենց պահում են շատ անվրդով երբ նույիսկ ասում ես, ու Հայաստանում պետական լեզուն Հայրերենն է: Իսկ Ռուսաստանում մերոնց ստիպում են խոսել եվ գրել ռուսերեն նույնիսկ երբ մարդը իր տանն է, կամ ասենք խոսում է ընկերոջ հետ միշտ ասում են «Не хорошо говօрите по русски вы же в России находитесь», իսկ երբ Ուկրաինայում նրանց շատ քաղաքավարի ասացին խոսեք եվ գրեք Ուկրաներեն նրանց մեղադրեցին ֆաշիզմի եվ այլ «մահացու» մեղքերի մեջ եվ Հայաստանի 2 չափ տարածք խլեցին այդ բարի մոլոկանները: Ուզում եմ մեկ հարց մենք տալու բան ունենք:

  2. Գեւորգ says:

    Հարգելի Սեվադա! “Մեր լեզուն, լեզուն!” Այն արժեքավոր է ՄԵԶ ՀԱՄԱՐ, սակայն նույնքան, ինչպես եւ ռուսերեննն ռուսի, ֆարսին պարսիկի, իվրիտը հրեայի եւ այլնի: Իսկ մոլոկանի համար իր լեզուն ու իր ավանդապահությունը ամեն ինչից են վեր! Ուստի երբեք չի կարելի որեւէ մեկից պահանջել փոխել իր լեզուն (ուկրաինացիներն այդ հարցով մեծ էշություն արին – եւ դա միայն իմ կարծիքը չէ:) Եւ Դուք իզուր եք միարժեք հայտարարում թե մոլոկանները ոչ մի կերպ չեն ցանկանում հայերեն սովորել: Հազար մարդ կարող է վկայել թե ինչպես են կյաժ մորուքավոր մոլոկանները առանց ակցենտի վարժ հայերեն խոսում: Դուք ասում եք – //Ռուսները մյուսներից պահանջում են իրենց երկրում ռուսերեն խոսել …!// Թույլ տվեք հարցնել – Իսկ որտեղ այդպես չի պահանջվում? (Դուք արդեն իսկ նույնը պահանջում եք մոլոկաններից!) Կամ ասենք հայը, իտալացին եւ այլն, ռուսաստանում, ամերիկայում եւ այլն, ինչպես պիտի գոյատեւի, եթե չիմանա հիմնական լեզուն (փողոց ավլելը չհաշված)?
    Վերջապես հարգելիս, պատկերացնենք որ մեր պստիկ լեռնաստանում բոլորս խոսում ու գրում ենք միայն մեր հրաշագեղ հայերենով, մերժելով ու արգելելով այլոք: Թույլ տվեք համեստորեն հարցնել – ինչ արժեք մենք կներկայացնենք այլոց եւ աշխարհի համար?

  3. henri says:

    Առաջին հարցում։ Հայաստանը անտէր երկիր է եւ աղանդաւորներու աղբանոց ?
    Դուք որեւէ տրամաբանութիւն կը տեսնէք որ այս միլիոնատէր աղանդաւորը տիեզերածաւալ Ռուսաստանի մէջ տեղ չէ գտած եւ եկած Արցախ կ՝ուզէ հաստատուիլ որուն անկախութիւնը նոյնիսկ Ռուսաստանը չէ ճանչցած տակաւին։Երրորդ Արցախը ոչ վարձու է ոչ ծախու,հազարաւոր հայ երիտասարդ նահատակներու արիւնով ազատագրուած հայրենի հող։Չորրորդ Մալականները մեզի ձարական ռուսաստանը պարտադրեց երբ կրնար Սիբիրը ծաղկեցնել։մենք իրենց կաղամբին կարօտը չունէինք։ եւ գիտէք ինչ ըրին բացի անկէ որ մինչեւ օրս երկրի լեզուն ոչ կը խօսին ոչ ալ կը սորվին-հազարաւոր խաչքարեր եւ սրբատեղիներ պղծեցին եւ ոչ ոք բերանը կրցաւ բանալ։
    եւ տակաւին այս նորելուկ միլիոնատէրը Լեւոն Հայրապետեանի մտերիմն եմ կ՜ըսէ մէջս կասկած կը մտնէ որ իրենք անիրաւօրէն բանտարկեցին մեր ազգային հերոսը որ այս աղանդաւորով փոխարինեն։
    Մի մոռնաք որ Ռուսերը միշտ երազած են մեզ իրենց ՈՐԹՕԴՈՔՍ եկեղեցիին ենթարկել։Բռնութիւններով հանդերձ։Խրիմեան Հայրիկի կաթողիկոսութեան տարիներուն մեր բոլոր դպրեվանքները manu militari փակեցին-հայ եկեղեցւոյ ինչքերը գրաւեցին-սովետի օրերուն ալ հազարաւոր եկեղեցականներ գնդակահարեցին,եկեղեցիներ քանդեցին բայց հայ եկեղեցին կրկին կանգնեցաւ-ընձիւղեցաւ եւ օրէ օր կը պայծառանայ հայրենիքի եւ Սփիւռքի մէջ։Թող չփորձեն մեզ դրամով կրկին գրաւել ։ Եթէ այդչափ կը սիրեն մեզ ինչու Ազէրիներուն ամէնէն կատարելագործուած զէնքեր կը տրամադրեն որպէսզի մեզ ոչնչացնեն։ Պատմութեան մէջ շողշողուն օրինակ մը կայ։
    Յոյները Տրովադան գրաւելու համար վիթխարի փայտէ ձի մը նուիրեցին։Թող իրենց մնայ փայտէ ձին մեր ազգը մենք երկաթէ պարիսպի նման պիտի համախմբենք Արցախի մէջ Սիրիահայերով-իրաքահայերով-լիբանահայերով եւ անդրկովկասը պիտի դարձնենք ԴՐԱԽՏԱՎԱՅՐ։

  4. 3 - ին says:

    //… մեր ազգը մենք երկաթէ պարիսպի նման պիտի համախմբենք Արցախի մէջ Սիրիահայերով- իրաքահայերով-լիբանահայերով եւ անդրկովկասը պիտի դարձնենք ԴՐԱԽՏԱՎԱՅՐ// – Պա՜հ, պա՜հ, պահ! Եղբայր պատվական, էհ, գացեք ու համախմբեք, որ մեկը ձեռքերնիդ բռնավ? Կաղամբ ալ մի կերեք, ձեզի մեկը չստիպեցավ: Խնդիրն այն է, որ այսօրվա պահով բոլորս “հառաջ” կպոռանք, հետ հետ կվազանք (Հ. Պարոնյան), հառաջացողի ոտքից ալ կբռնինք! Ինչ անենք, պարապ լոզունգներ գոչենք ու հույսով աղոթենք? Այդ մեկ մարդու հոն գնալով Արցախը ռուսիա չդարձավ, սակայն կարող է շարժ ու գործնեություն սկսվի՝ ի շահ երկրի: Եթե Արաբներն ու մուսուլմաններն էլ մեզ նման դատեին, ապա ժամանակին Սիրա, Լիբանան, Իրան եւ այլուր մեր գաղութները չէին հիմնվի ու բարգավաճի: Վերջապես, երբ պիտի գիտակցվի հայկական նեղմտությունն ու սեւատեսությունը!

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031