Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումները սովետական ոգուն համահունչ էին» (Տեսանյութ) 

Հուլիս 13,2015 11:44

Ինչպես հայտնի է, հունիսի 15-16-ին կներկայացվի սահմանադրական բարեփոխումների վերջնական տեքստը եւ այդ ժամանակ միայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը կամբողջացնի իր տեսակետը բարեփոխումների վերաբերյալ: Այսօր այդ մասին «Հենարան» ակումբում ասաց նա`հիշեցնելով, որ ինքը միշտ կողմնակից է եղել բարեփոխումներին, բայց մեխանիզմները պետք է ճիշտ աշխատեն: Մասնավորաբար, նա խոսեց ընտրական համակարգի կատարելագործման մասին: Այնպիսի կատարելագործում, որը վստահություն կներշնչի ընտրությունների արդյունքների, այդ թվում նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ:

Ի սկզբանե խոսվում էր սահմանադրական բարեփոխումների երկու համակարգերի մասին: Առաջինը պետք է լիներ կիսանախագահական մոդելի նորացված տարբերակը, երկրորդը`խորհրդարանական համակարգին անցնելու: Քննարկումների ընթացքում մյուս նախագիծը կարծես սահուն դուրս եկավ: Այս առումով, Aravot.am-ի դիտարկմանը, բանախոսն ասաց, որ հիմք ընդունելով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանի հարցազրույցը, որտեղ հստակ խոսվում էր մեկ տարբերակի մասին: Թեւան Պողոսյանը, սակայն, չի շտապում: Երկու օրից ամեն ինչ պարզ կդառնա`նոր հետեւություններ կանի:

Այլ մանրամասները` տեսանյութում

Այն քննարկումները, որոնք անցկացվեցին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ, ընդդիմադիր պատգամավորը որակում է խորհրդային տարիների ոգուն համահունչ`լիքը եւ կիսաքնած դահլիճներով: Դրանք, ըստ նրա, ամեն ինչի հետ կարելի է համեմատել, բացի հանրային քննարկումներից: Այս հարցի շուրջ կոնսոլիդացիայի մասին անընդհատ խոսում է նախագահ Սերժ Սարգսյանը`նկատելով, որ նաեւ «դեմ» կարծիքները պետք է ամբողջովին ներկայացվեն, դա էլ է կոնսոլիդացիայի ձեւ: Թեւան Պողոսյանը համարում է, որ կոնսոլիդացիան միայն խոսքերը չեն, միայն հանդիպման եւ քննարկումների հրավերներ ուղղելը չէ. «Գործընթացի նախաձեռնման ողջ գործընթացը կոնսոլիդացիայի տանող չէ: Արհեստական ներկայացում կլինի, որ կոնսոլիդացիա կա, բայց իրականում քաղաքացիների կողմից չկա պահանջատիրությունը, որ սահմանադրական բարեփոխումները դառնան օրակարգային հարց»: Բարեփոխումները կարեւոր են, բայց դա պետք է «եփվեր», որ արդյունքներ տան:

Անդրադառնալով վերջերս ՍԴ-ի կայացրած որոշմանը`կուտակային կենսաթոշակային համակարգի առումով պատգամավորների առաջարկների մասին, բանախոսը հեգնեց. «ՍԴ-ի 80 էջանոց որոշումները պետք է նույնքան ժամանակ կարդալ, որ հասկանալ: Թռուցիկ եմ նայել, բայց կան ձեւակերպումներ, որոնք «համ մեխին, համ նալին» խփելով անհասկանալի իրավիճակ են ստեղծում: Մանրամասն ուսումնասիրելուց հետո կարծում եմ, օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտություն կլինի ու հստակեցումների»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031