Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբանի սպանության գործով Սամվել Դիլոյանի եւ Վերանյան եղբայրների մեղադրանքը կփոփոխվի

Հուլիս 13,2015 13:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկու տարի քննվող՝ ըստ մեղադրանքի Սամվել Դիլոյանի եւ Արեն ու Արտակ Վերանյանների՝ խմբակային սպանության եւ խմբակային խուլիգանության հոդվածներով, աղմկահարույց դատավարությունը մոտենում է հանգուցալուծման:

Վերջին դատական նիստում մեղադրող դատախազը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքը վերանայելու հիմքեր կան, եւ ողջամիտ ժամկետ խնդրեց դատարանից նոր մեղադրանքի միջնորդության համար: Այն արդեն այս նիստին պետք է ներկայացվեր, քանի որ նախորդ անգամ դատական քննությունն այս հիմքով էր ընդհատվել՝ մեղադրողների խնդրանքով մինչեւ դատաքննության ավարտը միջնորդությունը պատրաստելու համար: Սակայն այս անգամ էլ անպատրաստ դատախազը պատճառաբանեց, թե չեն հասցրել հետազոտել գործի նախաքննության ու դատաքննության ամբողջ նյութերը, որպեսզի մեղադրողներով միասնական կարծիքի գան՝ իրենց կողմից մեղսագրված արարքը, այս կամ այն կարգով վերաորակելու համար:

«Տվյալ դեպքում ես հայտարարում եմ, որ արարքի որակման հետ կապված մեղադրանքի կողմը պետք է միջնորդությամբ հանդես գա, որի պայմաններում հնարավորություն չի եղել ամբողջ ձեռք բերված տվյալները հետազոտել: Կան մի շարք ապացույցներ, որոնք նոր են ձեռք բերվել, դրանք եւս պետք է հետազոտվեն, եւ խնդրում ենք ողջամիտ ժամկետ տալ այդ ողջ ապացույցները նորից հետազոտելու՝ ամեն մեկը առանձին-առանձին եւ համակցության մեջ, արարքի հետ կապված վերաբերելիության տեսակետից գնահատելու, տեսնելու՝ արդյոք առաջադրված մեղադրանքը հնարավոր է, թե ոչ, որից հետո պատասխանատու միջնորդությամբ հանդես գալու. ինչպես նշվեց մեղադրանքի հետ կապված, մեղադրանքը պետք է փոխվի»,- ասաց մեղադրող դատախազը:
Տուժող եւ պաշտպանական կողմերը խնդրեցին մանրամասնել այս անորոշ հայտարարությունը, պաշտպանական կողմը մասնավորապես հետաքրքրվեց՝ արդյոք այդ փոփոխությամբ հնարավո՞ր չէ մեղադրանքից հրաժարվելու հարց քննարկել:
Մեղադրողը պնդեց միայն, որ մեղադրանքի շուրջ պետք է պարտադիր միջնորդություն ներկայացվի, իսկ թե ինչ բովանդակության՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, մեղադրանքը փոփոխել-լրացնելու, թե մեղադրանքից հրաժարվելու մասին, տվյալ պահին հրաժարվեց պարզաբանել: Նաեւ հավելեց, որ մեղադրանքը ներկայացնելուց հետո չի բացառում, որ թե մեղադրանքի, թե պաշտպանական կողմերը, որոշակի ապացույցներ փորձեն վիճարկել, մեղադրանքի կողմը նաեւ այլ ապացույց ներկայացնի՝ գործին կցելու եւ համապատասխան ընթացք տալու համար:

Ինչին պաշտպանական կողմն անմիջապես արձագանքեց՝ նշելով, որ դատախազությունն այլեւս նոր ապացույց ներկայացնելու իրավասություն չունի, իսկ նման քայլի դիմելով՝ դուրս կգա իր պաշտոնեական լիազորություններից:

«Մեղադրական եզրակացության մեջ ինչ ապացույցներ որ ընդգրկված են, պաշտպանական կողմը իր պաշտպանությունն իրականացրել է դրանց շրջանակում: Իսկ մեղադրանք հասկացությունը իր մեջ ոչ միայն ներառում է արարքի իրավաբանական ու փաստական կողմը, այլեւ դրա հիմքում ընկած ապացույցները: Հետեւաբար, եթե ներկայացվի որեւէ ապացույց, որը մինչ օրս բոլորին անհայտ է եղել, դրանով միանշանակ կխախտվի պաշտպանական կողմի պաշտպանության իրավունքը: Խորհուրդ կտամ այդ քայլին չդիմեք, որպեսզի հետագայում քննությունը նորից ձգելու հիմքեր չլինեն», – մեղադրողին դիմելով՝ ասաց պաշտպանը եւ միաժամանակ նկատեց նաեւ, որ դատարանը եւս պետք է հաշվի առնի ողջամիտ ժամկետներում գործի քննության սկզբունքը, որը խախտվելու հիմքով 2,5 տարի անազատության մեջ գտնվող ու արդարացման համար պայքարող իր պաշտպանյալները պատրաստ են ընդհուպ այս փուլում դիմելու Եվրոպական դատարան:

Դատավորը բավարարեց գործի քննությունը հետաձգելու՝ դատախազության հերթական «ողջամիտ» խնդրանքը՝ հիմնավորելով, որ հիմքերի առկայության դեպքում մեղադրանքի կողմն օժտված է մեղադրանքը փոփոխելու լիազորությամբ:
Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով փոփոխված մեղադրանքի բովանդակությունը հայտնի կդառնա հուլիսի 22-ին:

Հիշեցնենք, որ փաստաբանի մահվան համար երեք մեղադրյալներից երկուսը՝ Սամվել Դիլոյանն ու Արեն Վերանյանը, ի սկզբանե իրենց մեղավոր չեն ճանաչել եւ պայքարում են արդարացման համար: Իսկ գործի դատաքննությամբ արդեն ապացուցվել է, որ հանգուցյալ փաստաբանի հետ վիճաբանողը երեք մեղադրյալներից միայն Արտակ Վերանյանն է եղել, որն էլ, դեպքի հաջորդ օրը ներկայանալով իրավապահներին, խոստովանել է, որ ինքն է հարվածել տուժողին քաշքշուկի ընթացքում: Այս հանգամանքը հաստատվել է եւ առաջին դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, եւ երրորդ՝ լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած՝ անկախ հանձնաժողովի կողմից (նախագահությամբ` ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ (դատական բժշկության գիտագործնական կենտրոնի) բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ, բ.գ.թ, ԵՊԲՀ-ի դատական բժշկության ամբիոնի դոցենտ, 27 տարվա մասնագիտական փորձով Գ. Հարությունյանի, մասնակցությամբ՝ ՀՀ գլխավոր նյարդավիրաբույժ, ԵՊԲՀ-ի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռ. Ֆանարջյանի եւ «Էրեբունի» բժշկական կենտրոն ԲԿ նյարդավիրաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ. Եղունյանի:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
11.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031