Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆադեյ Սարգսյանից մինչեւ Հովիկ Աբրահամյան

Հուլիս 13,2015 12:30

Խորհրդային տարիներին Սայաթ-Նովայի թանգարան-ինստիտուտ
ունենալու գաղափարը գուցե այսօր իրականություն դառնա

Համաշխարհային արվեստում կան քիչ երեւելիներ, որոնց կյանքը պարուրված է թանձր շղարշով, ինչն իր հերթին ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս՝ իրական պատմություններ, ավանդական զրույցներ, առասպելական լեգենդներ եւ մտացածին համադրություներ, որոնք անպակաս են լինում ստեղծագործողի մահից հետո:
Մեր ժամանակի շատ արվեստագետներ են իրենց կյանքն ու գործունեությունը նվիրել Սայաթ-Նովա լեգենդի ուսումնասիրությանը, բայց դրանից կարծես թե վիճաբանություններն ավելի են շատանում, քան թե «լուծվում» են ինչ-որ թնջուկներ: Մեզ հասել է Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած, վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովհանեի վավերագրական դավթարներում, բանահյուսական ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ եւ աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել: Սայաթնովայագիտության հիմնադիր Գեւորգ Ախվերդյանը, ապա Հովհաննես Թումանյանը, հետո էլ ժամանակին պատմության թանգարանի տնօրեն Մորուս Հասրաթյանը Սայաթ-Նովայի կենսագրությունը նրա խաղերից վերծանելով, իբրեւ ծննդյան տարեթիվ, նշել են 1712թ., բայց այսօր սա էլ է վիճարկելի… Հիշեցնենք, որ 2012 թվին երգիչ, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը հայտարարեց, որ մինչեւ 2022թ. նշելու է աշուղի ծննդյան 300-ամյակը, որպեսզի ոչ ոք ժամանակ չունենա վիճարկելու նրա ծննդյան տարեթիվը, այլ հպարտանա ու վայելի մեծանուն աշուղի արվեստը:

Sayat_Nova

Թովմաս Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյո՞ք չի մտածել, կամ գուցե աշխատանքներ է տանում Երեւանում Սայաթ-Նովայի մշակութային կենտրոն հիմնադրելու ուղղությամբ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դուք հարցնում եք իմ տեսլականի մասին: Մինչդեռ երազը ընդամենը հույս է, ոչ իրականություն, բայց անկասկած ցանկալի իրականություն: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրումը ինձ առավել հուսադրեց, որ հերթը, անկասկած, հիմա Սայաթ-Նովայինն է»:
«Սայաթ-Նովա» անսամբլը 1927 թվին, որ փաստացի կոչվել է «Հայ աշուղներ», հիմնել է անվանի օպերային երգիչ Շարա Տալյանը եւ ղեկավարել մինչեւ 1942 թվականը: Հետո անսամբլի ղեկավարությունը ստանձնել է ժողովրդական եւ գուսանական երգերի անզուգական կատարող Վաղարշակ Սահակյանը, ղեկավարելով այն մինչեւ 1972 թիվը, եւ միայն 20 տարի անց Թովմաս Պողոսյանը վերականգնեց աշուղի անունը կրող անսամբլը, հետո էլ հիմնեց նրա անվան մշակութային միությունը: Նշենք նաեւ, որ 1992 թվականից «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը Հանրային ռադիոյի երաժշտական կոլեկտիվներից է: Իսկ 1987-ից Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի դասարանն են ավարտել արդեն երգիչ-երգչուհիներ, որոնք սիրված ու սպասված են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում:
Արվեստագետից հետաքրքրվեցինք, թե «սայաթնովյան» գործունեությունը վերջին շրջանում ի՞նչ աշխատանքներով է համալրել: Մեր զրուցակիցը հայտնեց, որ սկսել է «Գանձարան» հայ- աշուղական երգերի մատենաշարը եւ իր ձեւակերպմամբ՝ «բնականաբար առաջին հրատարակությունում Սայաթ-Նովայի երգերն են: Երկրորդը նույնպես կապված է աշուղի անվան հետ, ներկայացված են 50 աշուղի 60 երգ, ժողովածուն էլ կրում է «Սայաթ-Նովան աշուղների խաղերի մեջ» խորագիրը: Հրատարակվել է նաեւ աշուղ Սազայի «Անիրավ աշխարհ»-ը: Պատրաստվում ենք հրատարակելու աշուղ Ջիվանու «Հոգսերով լի» ժողովածուն եւ այլն»:
Անդրադառնալով ոչ միայն Թովմաս Պողոսյանի, այլեւ մեր երազանքին՝ Երեւանում ունենալ «Սայաթ-Նովա» թանգարան-ինստիտուտ, տեղեկացնենք, որ «Առավոտի» խմբագրությունում են ժամանակին այդ առիթով մամուլում տեղ գտած հրապարակումների մի քանի պատճեններ, մասնավորապես՝ արվեստի եւ գրականության անվանի դեմքեր Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Էդգար Հովհաննիսյանի, Հրաչյա Ղափլանյանի, Ռուբեն Զարյանի, Մհեր Աբեղյանի, Էմմա Ծատուրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Գոհար Գասպարյանի, Սերո Խանզադյանի, Գեւորգ Էմինի, Էդվարդ Միրզոյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Էդվարդ Աղայանի եւ մյուսների ստորագրությամբ դիմումը՝ ուղղված Մինիստրների սովետի նախագահ Ֆադեյ Տաճատի Սարգսյանին: Դեռեւս 1986 թվին գրված դիմումում կարդում ենք. «Մեծարգո Ֆադեյ Տաճատի, ժամանակն է, որ Սայաթ-Նովան իր հասցեն ունենա մեր մայրաքաղաքում: Կան բոլոր նյութերը, ինչը չունեն ոչ վրացիները, ոչ ադրբեջանցիները: Եվ կա ամենագլխավորը՝ դրա հեղինակը (անունը չի նշվում)…»: Կան նաեւ վավերագրություններ, որոնք վկայում են Ֆադեյ Սարգսյանի՝ այդ գործին ընթացք տալու մասին:

Կարծում ենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընթացք կտա, նույնիսկ առանց մտավորականների դիմումի եւ ավարտին կհասցնի խորհրդային տարիների իր պաշտոնակցի՝ Ֆադեյ Սարգսյանի նախաձեռնությունը, որի արդյունքում Սայաթ-Նովան վերջապես իր հասցեն կունենա Երեւանում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031