Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում մեծ ուրախությամբ նշվող Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Դեռևս վաղնջական ժամանակներում մեր նախնիները տոնում էին Վարդավառը, որը Հեթանոսական Հայաստանում կապված էր Գեղեցկության և սիրո աստվածուհի Աստղիկի և Ռազմի աստված Վահագնի սիրո պատմության հետ։ Վարդեր նվիրելով և ջուր ցողելով՝ Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանով, իսկ Վահագնը, մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը, բարին, հայրենիքը: Աստղիկին վարդեր էին նվիրում, որպես մաքրության ու բարության խորհուրդ՝ աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Այս սովորությունը պահպանվել է մինչ օրս։ Վարդավառի խորհուրդը կապված է նաև ջրի պաշտամունքի հետ: Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք յուրօրինակ սրբատեղիներ էին, և ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։
Մեր օրերում էլ, օրինակ ՀՀ Մարտունու տարածքում, Վարդավառի տոնը հիմնականում կատարվում է սարերում է սառ աղբյուրների մոտ՝ մատաղացու գառներ զոհաբերելով: Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին։ Այս սովորությունը պահպանվել է նաև քրիստոնեություն ընդունելուց հետո. Վարդավառին եկեղեցուն նվիրաբերել են հացահատիկի հասկեր, աղերսել, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից՝ կարկուտից, մորեխից, հրդեհից, երաշտից և այլն:
Հուլիսի 12-ին Վարդավառի տոնակատարություն կայացավ նաև Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում: Մինչև իրար ջրելը՝ Քաշաթաղի հոգևոր հովիվ Հայր Աթանաս Վարդապետը մատուցեց Սուրբ Պատարագ: Եկեղեցու երգչախումբի կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր: Դիմելով ներկաներին՝ Հայր Աթանասը մեկնաբանեց Վարդավառի՝ Հիսուսի Պայծառակերպության խորհուրդը:
«Պայծառակերպվել» կամ «այլակերպվել» նշանակում է կերպարանափոխվել: Հիսուս Քրիստոսի Փիլիպպյան Կեսարիայի մոտ առաքյալների հետ խոսելուց 7 օր հետո բարձրանում է Թաբոր լեռը` գիշերային հսկումն ու ամենօրյա աղոթքն անելու: Որպես աղոթակից Հիսուսին ուղեկցում էին Սիմոն-Պետրոսը, Զեբեդյան եղբայրներ՝ Հակոբոսն ու Հովհաննեսը: Երբ Հիսուսն աղոթում էր, վերջիններս չեն դիմանում և նիրհում են: Այդ ժամանակ Հիսուսը մի վեհ, փառավորյալ ու լուսավոր կերպարանք է առնում: Նրանից ճառագայթներ էին ցոլում` ասես լուսասփյուռ արեգակ: Ձյունաճերմակ էին նաև հագուստները: Հանկարծ հայտնվում են նաև Մովսես և Եղիա մարգարեները և զրուցում են Հիսուսի կյանքի հետագա ընթացքի մասին: Այդ ժամանակ մի ամպ հովանի է դառնում առաքյալների համար, և ամպից լսվում է. «Դա է Իմ սիրելի Որդին, Դրան լսեցեք»:
Կարդացեք նաև
-Ինչու Հիսուսը բարձրացավ լեռան գագաթը, -շարունակեց խոսքը հոգևոր հայրը, -սա ունի մաքրվելու խորհուրդ, որով Աստծոորդին մարդկանց մաքրվելու է կոչում: Մենք էլ մաքրվենք մեղքերից, միավորվենք, շարունակեց խոսքը Հայր Աթանասը՝ հավելելով՝ Պայծառակերպությունը ժողովրդական լեզվով անվանում են Վարդավառ՝ Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Այս զուգահեռը հետևյալ իմաստներն ունի. ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում նախքան բացվելը, նույնպես և Տերը, նախքան պայծառակերպվելը, իր մեջ ուներ Աստվածության պայծառությունը; Ինչպես վարդը փշերի մեջ է բուսնում, այնպես էլ մեր Տերը հրեաների մեջ երևաց, ովքեր էլ խաչեցին Նրան:
Վարդապետի խոսքից հետո ներկաները եկեղեցու բակում մասնակցեցին ուրախ տոնախմբության, որը կազմակերպել էր շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը: Միջոցառման համակարգող Հասմիկ Կարապետյանը տեղեկացրեց տոնի պատմությունը: «Ճերմակ աղավնի» պարով հանդես եկավ պարուհի Էլինարը, ապա ներկաներին բաժանեց հոգևոր հոր կողմից օրհնած խնձոր ու կեռաս: Այնուհետև վարդի թերթեր լցրեց այն ամանների մեջ, որոնցով հիմնականում երեխաներն ու երիտասարդները պետք է ջրեին միմյանց: Ուրախ երաժշտության հնչյունների տակ սկսվեց «Ջրոցին»՝ ուրախ պահեր նվիրելով ներկաներին:
Զոհրաբ Ըռքոյան