Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցի. «Վանաձորը Երեւանի հետ պետք է սերտ կապ ունենա»

Հուլիս 12,2015 19:32

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հուլիսի 11-ին հանրային քննարկում էր կազմակերպել Վանաձորում:  Հանրային քննարկման ընթացքում վանաձորցիները «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին ներկայացրեցին Վանաձորում իրավիճակը, կազմակերպված բողոքի ակցիաները եւ ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:

Aravot.am-ը ներկա վանաձորցիներից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են գնահատում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը: Ալլա Թամրազյանը նշեց, որ մասնակցել է Վանաձորում տեղի ունեցած բողոքի ակցիաներին եւ հանրային քննարկման է եկել նախաձեռնությանը իր աջակցությունը ցույց տալու համար. «Իրենք իսկապես ազգանվեր գործ են անում: Չեմ կարծում, որ մնացած ուժերը, որ այնտեղ կանգնած են, նույն գործի հետեւորդներն են, ուղղակի այս երիտասարդները անկախ այն բանից, թե կհասնե՞ն ինչ-որ բանի, թե՞ ոչ գոնե փորձել են ինչ-որ լավ բան անել»:

Ալլա Թամրազյանն ասաց, որ ստեղծված իրավիճակում ոչ մի առաջընթաց չի տեսնում, ըստ նրա՝ երբ ժողովուրդը փորձում է մի բան առաջ տանել, այն անմիջապես ճնշվում է. «Չեն ուզում ընդառաջել ժողովրդին, չեն մտնում ընդհանրապես ժողովրդի կյանքի մեջ: Իրենց ուղղակի պետք է այդ պահին ինչ-որ բան ավելացնել, ավելացնում են, սովորել են արդեն, որ պետք է ասեն եւ այդպես լինի»:

Իսկ Ռազմիկ Էվոյանը համարում է, որ Վանաձորը Երեւանի հետ պետք է սերտ կապ ունենա. «Մենք նույն խնդրի լուծողներն ենք, կապ չունի Երեւան, Վանաձոր, թե Գյումրի, թե Կապան: Մենք Հայաստանի Հանրապետության նույն մտահոգ քաղաքացիներն ենք»:

Ըստ նրա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը շոշափելի արդյունքներ է տվել. «Պետական այրերն արդեն զգաստ են նստած իրենց աթոռներին, արդեն գիտեն, որ ժողովուրդը նման ապօրինի կոմերցիոն թանկացման դեպքում ավելի խիստ պետք է արտահայտվի, ավելի կազմակերպված պետք է պայքարի նույն իշխանության դեմ: Ես չեմ ասում Հայաստանի էլեկտրական ցանցերի կամ «Ինտեր ՌԱՕ» կազմակերպության դեմ, ես ասում եմ՝ այսօրվա թողտվությունն ապահոված իշխանությունների դեմ մեր ժողովուրդը պետք է դուրս գա եւ ավելի կազմակերպված: Եվ հարցն էլ առաջիկայում պետք է քաղաքականացված երեւա, իզուր չէ, որ երիտասարդները զգուշացրին, որ գուցե կուսակցություն ձեւավորեն: Դա հաջորդ քայլն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031