Գաֆէսճեան արվեստի կենտրոնում այսօր անցկացվեց հատուկ միջոցառում՝ նվիրված Վենետիկի 56-րդ Բիենալեում Հայաստանի ազգային տաղավարին: Ցուցադրվեց հայկական տաղավարի մասին պատմող փաստագրական ֆիլմը, տաղավարի համադրողը ներկայացրեց տաղավարի պատրաստման հայեցակարգը: Հյուրերը հնարավորություն ունեցան դիտելու նաև Ռուզաննա Փալազյանի ֆիլմը:
Հիշեցնենք, որ Վենետիկի 56-րդ Բիենալեում հայկական տաղավարն արժանացավ «Ոսկե առյուծ» հեղինակավոր մրցանակի՝ «Հայություն» խորագրով ցուցադրությամբ: Այն համադրվել էր միջազգային ճանաչում վայելող համադրող Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Ջուբերյանի կողմից: Համադրողը խոսեց այն մոտեցման մասին, որը կիրառվել է հայկական տաղավարի պատրաստման ժամանակ. «Իմ մոտեցումն էր ոչ թե ցուցադրել կոնկրետ արվեստ, ներկայացնել հայկականը, խորապես մեր մշակույթը ներկայացնող արվեստը, այլ այն, ինչ հայ մշակույթին է բնորոշ: Այս պատճառով էլ գերմանական լրատվամիջոցներից մեկը մեր ցուցադրությունը ներկայացրել է «պոետիկ, անձնական և քաղաքական»:
Հայությունն ինձ համար հայկականություն չէ, այն կոնկրետ նշանակություն ունի, այն ավելի շատ արմենիթի ասվածն է: Ես ուսումնասիրել եմ հայություն ասվածը և եկել այն եզրակացության, որ դա այն է, որ մենք բոլորս հայ ենք, բայց յուրաքանչյուրս առանձնահատուկ ենք»:
Տաղավարի գլխավոր կոմիսար Վարդան Կարապետյանը, անդրադառնալով այն քննադատություններին, թե ինչու են տաղավարի պատրաստման գործում ընտրվել ոչ թե հայաստանցի, այլ բացառապես սփյուռքի հայ արվեստագետներն, ասաց. «Կարևոր էր հատկապես այս տարի միջազգային այս հարթակը տրամադրել սփռված հայ արվեստագետներին, որոնք իրենց գործերով ու կենսագրությամբ կարող են պատմել վերջին հարյուր տարվա պատմությունը»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում Վարդան Կարապետյանը նշեց, որ հաղթանակի գրավականը ոչ թե ունիվերսալացումն էր՝ ցեղասպանությունների մասին խոսելը, այլ հայկականության ներկայացումը: Մեր այն դիտարկմանը, գուցե իրավացի՞ էին իրենց քննադատողները, որ պետք էր նաև այս հարթակն օգտագործել Հայոց ցեղասպանության հարցի ներկայացման համար, Վարդան Կարապետյանն արձագանքեց. «Ավելի ազդեցիկ է խոսել մարդկային կյանքերի մասին, ուստի տաղավարը ներկայացնող 18 արվեստագետներն իրենց կյանքի պատմությունով են դա ներկայացնում»:
Ազգային տաղավարի շրջանակներում ներկայացված արվեստագետներից Արամ Ջիբիլյանը ժամանել է Երևան: Aravot.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ իր նախապապերը Հայոց ցեղասպանության պատճառով բռնի տեղահանվել են Արևմտյան Հայաստանից ու բնակություն հաստատել Կահիրեում: Ինքը ծնվել է Ֆրեզնոյում, այժմ բնակվում է Նյու Յորքում: Հայկական տաղավարում Արամը ներկայացրել է Արշիլ Գորկու լուսանկարները:
Aravot.am-ի հետ զրույցում տաղավարի պատրաստման հարցում ՝ բուն Հայոց ցեղասպանությանը չանդրադառնալու մասին, Արամ Ջիբիլյանը նշեց. «Իհարկե, մենք չենք ընտրել բուն Հայոց ցեղասպանության թեման, սակայն արվեստագետներն իրենց պատմություններով, իսկ ներկայացնում էին Հայոց ցեղասպանության թեման, իրենց նախնիների պատմությունը: Ու օտարներին հենց գրավում է այն, որ, լինելով մեկ ազգի ներկայացուցիչներ, լինելով հայեր, մենք սփռված ենք ողջ աշխարհով մեկ, բայց պահում ենք մեր հայությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ