Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցած «Ռիգայի Գագաթնաժողովի արդյունքները ԵՄ- Հայաստան հարաբերությունների համատեքստում» թեմայով սեմինարի ժամանակ, վերոնշյալ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, պատմական անդրադարձ կատարելով Արևելյան գործընկերության ստեղծմանն, ասաց. «3,5 տարի Հայաստանի իշխանությունները ամենայն խորությամբ, մյուսներից ամենաառաջ ընկածը լինելով՝ ինտեգրացման և տնտեսական համագործակցության ուղղությամբ, բանակցություններից, ահռելի մեծ ծավալի փաստաթղթերի մշակումից հետո մի գիշերում, ինչպես ձեզ հայտնի է, սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը իր դիրքորոշումը փոխեց և Կրեմլում Պուտինի կաբինետից ելնելուց հետո հայտարարեց, թե Հայաստանը ցանկություն է հայտնել անդամակցելու Եվրասիական տնտեսական մաքսային միությանը և մասնակցելու Եվրասիական տնտեսական միության հիմնադրմանը: Այս ձևակերպումը ինձ հանգիստ չի տալիս. ի՞նչ իմաստով, ուշադրություն դարձրեք մարդը խոսում է իր երկրի մասին երրորդ դեմքով, չի խոսում իր անունից, չի ասում, որ Հայաստանի տեղը այսինչ ինտեգրացիոն համակարգն է, վերագրում է երկրին մի բան, որի հիմքերը չուներ. չկար որևէ հանրաքվեի արդյունք, Ազգային ժողովի դիրքորոշում, կառավարության գոնե մի բան… Իհարկե, դա էլ բավարար չէր լինի նման բան ասելու համար, որ Հայաստանը ցանկություն է հայտնել, Հայաստանը ցանկություն չէր հայտնել ու կարելի է ասել, որ ցանկություն չէր հայտնել մինչև անցած տարվա դեկտեմբերը, երբ Ազգային ժողովի որոշ 5 կուսակցություններ՝ որոշ պատգամավորական բացառություններով, ֆրակցիաներ ելան և սատարեցին Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը, 7 պատգամավոր դեմ քվեարկեց: Եվ այդպիսի շրջադարձը ընդհանրապես պատմության մեջ ոչ այլ կերպ, քան խայտառակություն որակել չի կարելի: Այսինքն՝ ահռելի պետական ռեսուրսներ են դրվել բանակցային գործընթացի համար, պետության հեղինակություն, վարք և այլ, և այլն.. Ու մեկ էլ մի գիշերում…Սա ի՞նչ է նշանակում, որ մեկ ուրիշ գիշերում կարող է ելնի, ասի՝ մեր տեղը ասենք Անտարկտիդայում է և այլն, այսպիսի տարօրինակ բաներ: Ուշադրություն դարձրեք, ես չեմ ասում այնտեղ էր լավ, թե այնտեղ էր լավ, խոսքը կոնկրետ պետական թիվ մեկ պաշտոնյայի վարքի տարօրինակությունների մասին է»:
Ըստ Լևոն Բարսեղյանի, Սերժ Սարգսյանը փորձեց «և՛, և՛» հայեցակարգ առաջ մղել՝ մտածելով ամեն տեղից մի բան պոկենք, ով ինչ կտա, տանենք՝ սխալվելով, թե Եվրամիությունում «երկարականջ պաշտոնյաներ» են նստած: Անդրադառնալով Ռիգայի Գագաթնաժողովին, որի մեդիա ֆորումին բանախոսը մասնակցություն էր ունեցել (Հայաստանը ընդհանուր առմամբ 30 ներկայացուցիչ է ունեցել այս ֆորումին), նա նշեց, որ Հայաստանը Արևելյան գործընկերության մեջ մտած վեց երկրների մեջ՝ Ուկրաինա, Մոլոդովա, Բելառուս, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան 4-րդ տեղում է մեդիա ազատության չափով:
Ռիգայի Գագաթնաժողովի Մեդիա ֆորումի շեշտադրումներից մեկը ադրբեջանական իրադրության քննադատությունն է եղել մեդիա ոլորտում ու քաղաքացիական հասարակության դաշտում: Դրանք վերաբերել են Ադրբեջանում հայտնի հասարակական գործիչների ու լրագրողների բանտարկված լինելուն՝ Յունուս ամուսիններին, իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին, լրագրող Խադիջա Իսմայլիովային: «Վերջերս լուրեր առանք, որ Ադրբեջանի որոշ կալանատներում օդի ջերմաստիճանը մինչև 50 աստիճանի է հասնում, խոշտանգումներ կան, խիստ քննադատություն հնչեց մեդիա ֆորումին նաև այս ուղղությամբ», -ասաց Լևոն Բարսեղյանը:
Նա նշեց, որ խոսվել է նաև հեռարձակողների ու ընդհանրապես լրատվամիջոցների տնտեսական անկախության բաղադրիչի մասին: «Եթե չկա ֆինանսական, տնտեսական աջակցության հաստատում, ռեսուրսներ, դա կարող է լինել, իհարկե, շուկան, բայց եթե շուկան չի կարողանում ապահովել այդ լրատվամիջոցների խմբագրական քաղաքականության անկախությունը, ապա հարկավոր է ինչ-որ մի կերպ գտնել ռեսուրսներ օժանդակելու: Բայց այնպես, որ դա էլ չվնասի այս հեռարձակողների, հատկապես հեռարձակողները շեշտվեցին, որովհետև շեշտադրում եղավ, որ այնուամենայնիվ այս երկրների տիրույթներում չնայած ինտերնետի զարգացմանը. Հայաստանն օրինակ՝ ինտերնետաֆիկացված երկիր է համարվում, բայց առավել ազդեցիկ շարունակում եմ մնալ հեռարձակող լրատվամիջոցները, համապետական ծածկույթով կամ մերձհամապետական ծածկույթով հեռարձակողները, էլ չհաշված վերահեռարձակումները: Օրինակ՝ Հայաստանի դեպքում մենք խայտառակ պրակտիկա ունենք, 25 տարի, անկախությունից ի վեր փաստորեն ռուսական հեռուստաալիքները վերահեռարձակվում են միջպետական համաձայնագրերով, և դա նախատեսված է «Հեռուսատեսության և Ռադիոյի մասին» օրենքով, տարիներ շարունակ, երբ քննադատում ենք և ասում ենք՝ այ մարդ, մենք ստեղ ունենք հեռուստաալիքներ, որոնք հեռարձակման հաճախականություն չունեն, «Ա1+»-ին դուք զրկում եք հաճախականությունների պատճառով, երևելի Տիգրան Կարապետյանի ալիքը՝« ԱԼՄ»-ն զրկվել է հաճախականության պակասի պատճառով, բայց ինչո՞ւ են մեր հաճախականությունները օգտագործվում ուրիշի երկրների ալիքները հեռարձակելու համար, պատասխանը բերանծեփոցի է ուղղակի միջպետական պայմանագրով նախատեսված է, օրենքի մեջ կա, վերջացավ… Սրանց ծածկույթը անհամեմատ ավելի մեծ է, քան տեղական մի շարք հեռարձակողներինը, ռուսական երկու ալիքը Հայաստանում դիտում են հանրային հեռուստաալիքի ծածկույթից ոչ պակաս տիրույթում և թե սա ուղեղ լվալու ինչպիսի ազդեցություն ունի, վաղուց հաշված է, պարզապես հանրային գիտակցության մեջ դա ընկալված չէ», ասաց Լևոն Բարսեղյանն: Նա նշեց, որ Ռիգայի Գագաթնաժողովից իր տպավորությունն այն է, որ մեդիայի մասով նույնպես գագաթնաժողով էր:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ