Այսօր Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցավ «Ռիգայի Գագաթնաժողովի արդյունքները ԵՄ- Հայաստան հարաբերությունների համատեքստում» թեմայով սեմինարը, որը կազմակերպել էր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը՝ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի օժանդակությամբ:
Նման թեմայով սեմինար կազմակերպելը կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը պատճառաբանեց նրանով, որ մեր հասարակությունը շատ քիչ պատկերացում ունի, թե Հայաստանն ինչ հարաբերություններ ունի Եվրամիության հետ. շատ դեպքերում տեղեկատվությունը չի հասնում հասարակությանը:
«Ես հիշում եմ նույն Ռիգայից մեզ մոտ խոսվեց այն մասին, որ ադրբեջանցիները նեղացան, դահլիճից դուրս եկան: Ի դեպ, ասեմ, որ ոչ ոք դահլիճից դուրս չի եկել, բայց այդպիսի ինֆորմացիա տարածվեց և երկրորդ՝ Ղրիմի հարցով Հայաստանը օգտագործեց իր վետոյի իրավունքը: Ռիգայի գագաթաժողովը, որոշումներն ահագին հետաքրքրիր են»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Այնուհետ խոսելով եվրոպացի պաշտոնյաների հասանելի լինելու ու միջազգային կոնֆերանսներում մասնակիցների ձայնը տեղ հասցնելու մասին՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց. «Պատկերացնում եք` մենք հնարավորություն չունենք մի բառ փոխանակել Բիբինի հետ, պարզ է, խմող, հարբող, ալկաշատիպի մի անձ, ես գաղտնիք ձեզ համար չեմ բացում չէ՞, այդ հարբեցող մարդուն պառլամենտ հրավիրեցինք, չեկավ…Պատկերացնո՞ւմ եք Ռիգայում՝ մոտավորապես 30 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ գնացին ԶԼՄՆ-ների ֆորում, Հայաստանի մոտ 25 հ/կ-ներ մասնակցում էին քաղաքացիական հասարակության ֆորումում, բռնացրեցի Լատվիայի վարչապետին, ինչ ուզեցի ասեցի: Անկեղծ եմ ասում, դրական իմաստով, ես ինձ թույլ չտվեցի ավելորդ բաներ ասել, բայց ասենք՝ ինչ ուզեցի, ասացի: Պլենար նիստերում ինչ հարցեր մտքովս անցավ, բարձրացրեցի, Եվրամիության այդ կոմիսարը համբերատար բացատրում էր ինձ: Նախարարների, վարչապետների մասին էլ չեմ ասում, որոնք հանգիստ մեզ պատասխանում էին, քննարկում էին…
Կարդացեք նաև
Ես էլ ելույթ ունեցա, նիստերից մեկում ես ունեի ելույթ, մտահոգություններով կիսվեցի, հո Հայաստանում ամբողջը վատը չէ՞, ուրեմն ասում էինք՝ էս մեկը գնում է ճիշտ ուղղությամբ, էս մյուսը ինչ-որ պրոբլեմ է, քննարկում ենք, հարցեր ենք տալիս: Քաղաքացիական հասարակության ֆորումին, որին մոտավորապես 600 կազմակերպություններ էին մասնակցում, գալիս էին վարչապետներ, արտգործնախարարներ, քննարկում էին և՛ պաշտոնական ելույթների ժամանակ և՛ դրանից դուրս, իսկ ստեղ մի հատ հարբեցող, խմող Բիկինի չես կարող բռնացնել: Պատգամավորները կանչեցին, չեկավ չէ՞… Այստեղ է, որ երևում են տարբերությունները, ոչ ոք չի ասում, թե այնտեղ կատարյալ է, ո՛չ մենք, ո՛չ դուք այնքան միամիտ չենք, բայց այնտեղ ես կարող եմ հասցնել իմ ասածը»,- ասաց բանախոսը:
Այնուհետ նա համեմատություն անցկացրեց Եվրասիական տնտեսական միության հետ՝ նշելով, որ չեն կարող հասկանալ՝ ի՞նչ մեխանիզմով է աշխատում: Ըստ նրա, իրեն զարմացնում է, թե օրինակ՝ ի՞նչ գաղտնիք է իրենց ներկայացնում այն հարցը, թե հայկական լոլիկը մտնո՞ւմ է եվրասիական շուկա: Բանախոսի հարցին ի պատասխան՝ նշել են, որ պետական գաղտնիք է:
Սեմինարում ելույթներ ունեցան նաև «Ասպարեզ ակումբի խորհրդի նախագհ Լևոն Բարսեղյանն ու ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Այս մասին քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ