«Կարծում եմ՝ հանրային քննարկման արդյունքները դրական են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ոչ թալանին» նախաձեռնությունը հուլիսի 11-ին հանրային քննարկում էր կազմակերպել Վանաձորում: Քննարկման ընթացքում Վաղինակ Շուշանյանը ներկաներին առաջարկել է հուլիսի 14-ին միանալ իրենց բողոքի ակցիային եւ բողոքի ակցիա կազմակերպել Վանաձորի դատախազության դիմաց: Առաջարկն առաջացավ ներկաների համաձայնությանը:
Վաղինակ Շուշանյանը դրական գնահատեց Վանաձորում տիրող մթնոլորտը. «Մարդիկ տարբերակներ են առաջարկում, մարդիկ ինքնակազմակերպվում են, մարդիկ անում են անգամ այնպիսի բաներ, որ մենք Երեւանում չենք անում: Օրինակ՝ երբ որ քիչ են եղել ասֆալտին նկարելը, այսինքն՝ ինչ-որ գործողություն են կատարել, որը մենք չենք կատարել, որովհետեւ մենք մարդաքանակով էինք շատ: Իրենք փոքր ռեսուրսով անում են մեծ բան, մենք մեծ ռեսուրսով էլի անում ենք մեծ բան, դա շատ լավ է: Հիմա այստեղ մեր խոսակցությունները, վերլուծությունները կամ իրենց հնչեցրած առաջարկները ընդհանուր ի մի կբերենք»:
Նա ընդգծեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը շարունակելու է Հայաստանի Հանրապետության մարզեր իր այցելությունները: Սակայն դեռ պարզ չէ, թե հաջորդը որ մարզն է լինելու. «Մենք համախմբելու ենք այս ամբողջը մի տեղ այդ ընդհանուր վերլուծությունները եւ մեկ օր հայտարարենք համապետական հանրահավաք: Ինչպես նշվեց՝ ով շրջաններից կարողանա գալ, կգա, ով չի կարողանա գալ, հենց այստեղ տեղում կանի, ինչը իրականում կլինի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ