Վերջերս գործընկերներիս մեջ բավավեճ էր ծավալվել՝ ինչպես պետք է մենք՝ լրագրողներս, մեզ պահենք ցույցերի ժամանակ, ով է իրեն պահում էր որպես ցուցարար, իսկ ով՝ որպես լրագրող: Այդ հարցի միանշանակ պատասխանը, կարծում եմ, չկա: Զուտ տեսականորեն ինձ համար պարզ է. եթե նպատակը ցույցը լուսաբանելն է, ապա լրագրողն, ըստ երեւույթին, չպիտի հանդես գա որպես բարիկադի այս կամ այն կողմում գտնվող անձնավորություն: Այսինքն, ես չպիտի վանկարկեմ ցուցարարների կարգախոսները, չպիտի հնչեցնեմ այն մեղադրանքները, որոնք իշխանության կամ ոստիկանության երեսին նետում են բողոքավորները, առավել եւս՝ չպիտի հարձակվեմ ոստիկանների վրա կամ՝ սադրեմ, որ նրանք ինձ վրա հարձակվեն :
Մյուս կողմից, երբ ոստիկանները ուժ են կիրառում ցուցարարների դեմ եւ արգելում են դա նկարահանել, այսինքն՝ խախտելով օրենքը, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությանը, ապա, ինձ թվում է, ես էլ իմ «մինի-ցույցը» պետք է անեմ՝ դիմադրելով ոստիկանություն այս ապօրինությանը:
Սա, իհարկե, իմ պատկերացրած տեսությունն է, կյանքը կարող է հազար ու մի «միջանկյալ տարբերակներ» առաջադրել: Հարցի լուծումները ես տեսնում եմ հստակեցումների մեջ՝ թե մեր եւ թե ոստիկանների կողմից: Եթե ցույցը ցրելու ժամանակ ոստիկանությունը օրենքով վերապահված գործողություններ է իրականացնում, ապա չպետք է «ամաչի», որ այդ գործողությունների վերաբերյալ նյութերը կարող են հրապարակայնացվել եւ ոչ մեկին, այդ թվում՝ ոչ լրագրողներին չպիտի արգելի դրանք նկարահանել: Ոստիկանությունը պետք է պատրաստ լինի, որ թերթում, համացանցում կամ եթերում կհայտնվի, ասենք, մարդ ծեծող ոստիկանի պատկերը:
Մյուս կողմից ցանկալի է, որ լրատվամիջոցներն ունենան էթիկայի վարքականոններ, որտեղ գրված կլինի, թե տվյալ լրատվամիջոցի ներկայացուցիչը որ դեպքում ինչպես պետք է իրեն պահի: «Առավոտն» այս առումով, ինչպես հայտնի է, հավասարակշռության կողմնակից է (այլ հարց է, որ դա միշտ չէ, որ մեզ հաջողվում է): Բայց մենք, իհարկե, չափանիշ չենք: Միանգամայն բնական կլինի, եթե լրատվամիջոցն իր վարքականոնում գրի, որ իր նպատակը «ռեժիմի հեռացումն է»: Կամ՝ պահպանումը:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ