Հուլիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային կոնֆերանսին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն անդրադարձավ հայ-իրանական դարավոր բարիդրացիական հարաբերություններին՝ ընդգծելով. «Իրանը Հայաստանի ամենամոտ և ամենալավ հարևանն է, և հայ-իրանական բարեկամությունը փայլուն օրինակ է, թե ինչպես պետք է կողք-կողքի հարատևեն ժողովուրդները: Այդ փոխադարձ բարեկամությունն արտահայտվում է ո՛չ միայն երկու պետությունների հարաբերություններում, այլև այն վերաբերմունքում, որ ցուցաբերում է Իրանի կառավարությունը հայության հանդեպ: Այսօր ամենահայաշունչ և հայախոս համայնքներից մեկը Իրանի համայնքն է: Ես խորապես երախտապարտ եմ, որ Իրանի պետական կառույցների աջակցությամբ հայերը հրաշալի պահպանում են ոչ միայն մշակութային ժառանգությունը, այլև իրենց ազգային ինքնությունը, ավանդույթները, հրատարակում են թերթեր, ունեն մշակութային, մարզական և հայագիտական կենտրոններ», -նշեց նախարարը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ Ալի Ջանաթին ասաց, որ քիչ երկրներ կան, որոնք ունեն սփյուռքի նախարարություն, և իր համար շատ գնահատելի է այն փաստը, որ Հայաստանը նման նախարարություն ունի: «Հայերն ամենահարգված ազգային փոքրամասնությունն են Իրանում,- ասաց Ալի Ջանաթին՝ ընդգծելով, որ նրանց բոլոր իրավունքները պետության կողմից պաշտպանված են: Երկու ժողովուրդների բարեկամությանը նպաստում են նաև նրանց մշակութային ընդհանրությունները: Ամեն հնարավորություն պետք է գործադրել՝ պահպանելու դարերով ստեղծված մշակույթը, քանի որ դա ժողովուրդների պատմական հարստությունն է, իսկ ոչնչացվող պատմությունն այլևս հնարավոր չի լինի վերականգնել»:
Կիսելով Իրանի նախարարի կարծիքը՝ Հրանուշ Հակոբյանն ասաց. «Մշակույթները ժողովուրդներին ոչ թե պետք է հեռացնեն, այլ՝ միավորեն: Մշակութային բազմազանությունը նույնպես երկրի հարստությունն է: Ես հպարտ եմ այն համայքով, որ կա Իրանում, և այն մշակույթը, որ ստեղծել են հայերն Իրանի տարածքում, որքան որ հայերինս է, նույնքան էլ՝ Իրանի պետությանն է: Կարծում եմ նաև, որ հայ-իրանական մշակութային հարաբերությունները պետք է զարգացնել ոչ միայն երկու երկրներում, այլև աշխարհի բոլոր այն երկրներում, որոնցում ապրում են հայեր և իրանցիներ»:
Կարդացեք նաև
Ալի Ջանաթին հավանություն տվեց Հրանուշ Հակոբյանի առաջարկին, նշելով, որ շուրջ երեք միլիոն իրանցի ապրում է աշխարհի տարբեր երկրներում:
Երկու երկրների միջև հարաբերություններն ընդլայնելու և զարգացնելու նպատակով նախարարները քննարկեցին հեռուստատեսային հաղորդումների ակտիվացման և փոխանակման, ֆիլմերի ստեղծման, թարգմանական ծրագրերի փոխանակման և այլ հարցեր:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Երևանում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնֆերանսին: Երկուստեք կարևորվեց այն տեսակետը, որ կոնֆերանսը պետք է դիրքորոշում հայտնի պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վերաբերյալ և խստորեն դատապարտի այն, ինչ կատարվում է Սիրիայի տարածքում: