Երևանում այսօր մեկնարկեց «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսը, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին:
Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հիշեցրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ-ն միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի յոթ մշակութային կոնվենցիաներից հինգին, որոնցից չորսի հետ կապված վերջին տարիներին պարբերաբար զեկույցներ են պատրաստվել: Նախարարի խոսքով՝ դրանց նախապատրաստման ընթացքում եղել են որոշակի խնդիրներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանում պատմամշակութային ժառանգության հետ կապված խնդիրներ են առաջացել:
Նախարարի փոխանցմամբ՝ մինչև հուլիսի 13-ը տևող կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն ինչպես կիրառվող դրույթների կոնվենցիաները, այնպես էլ կոնֆլիկտները, որոնք ընկած են մշակութային ժառանգության պահպանման հիմքում: «Բոլոր նախարարները կներկայացնեն նաև իրենց մշակութային քաղաքականությունը և կմեկտեղեն այն ընդհանուր դրույթները, որոնց հիման վրա կնախապատրաստվի պատմամշակութային քաղաքականությունը 2015-ից հետո»,- հավելեց Հ. Պողոսյանը:
Նա ընդգծեց նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն միակ միջազգային կառույցն է, որը պաշտպանում է մշակույթի շահերը միջազգային ասպարեզում: Դրա համար էլ որոշել են օգտվել առիթից և ներկայացնել բոլոր այն խնդիրները, որ այսօր գոյություն ունեն. «Հազարամյակի մարտահրավերների շարքում մշակույթի տարրն ընդհանրապես գոյություն չուներ, և 2012 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն սկսեց ահազանգել՝ կարևորելով մշակույթի դերը: Արձագանքելով սրան՝ ՀՀ կառավարությունը մշակույթի գործոնը ներառեց երկրի զարգացման կարևոր գործոնների ցանկում»,- նշեց նախարարը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ բոլոր երկրները կոնվենցիաներով ստացել են պարտավորություններ, բայց ոչ բոլորն են հետևում դրանց, և հարց է, թե ինչ ձևով են կիրառվում պատժամիջոցները. «Մասնավորապես, լրջագույն խնդիր է, որ երկիրն իր իսկ ներսում ինքն իր ժառանգությունն է քանդում: Մեր դեպքում, հարևան երկրում քանդում են մեր ժառանգությունը, և այստեղ պատժամիջոցներն ո՞ւմ դեմ են կիրառվում, այսինքն՝ լուրջ քննարկումների հարց կա, և կարծում եմ՝ պատահական չէ, որ վերջին երեք ամիսների ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կլոր սեղաններ է հրավիրել: Վերջին կոնֆերանսի ժամանակ այս հարցը շատ ավելի տագնապալից բարձրացվեց»,- ասաց նախարարը:
Նա չի կարծում, որ Երևանում անցկացվող կոնֆերանսի ժամանակ վերջնական ձևակերպումներ կլինեն, բայց համոզված է, որ ինչ-որ եզրակացության կգան:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ